Լրահոս
Օրվա լրահոսը

Արուս

Մարտ 30,2006 00:00

Արուս Աճեմյանը՝ հոր հոբելյանին Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի մարտի 31-ին կայանալիք համերգը նվիրվում է կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի ծննդյան 50-ամյակին: Կհնչի դաշնակահարուհի, միջազգային մրցույթների դափնեկիր Արուս Աճեմյանի խնդրանքով անցյալ տարի գրված դաշնամուրի երկրորդ կոնցերտը: Հայտնի է, որ երիտասարդ դաշնակահարուհին բեմ է բարձրացել ու ստիպել իր մասին խոսել՝ դեռեւս ուսանելով Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցում: Հայտնի է նաեւ, որ նա 16 տարեկանում մերժել է միանգամից աշխարհում հայտնի երկու՝ ԱՄՆ-ի բարձրագույն երաժշտական դպրոցում ու Անգլիայի թագավորական երաժշտական ակադեմիայում սովորելու հրավերները: Ու քանի որ դաշնակահարուհին ավելի հաճախ ելույթներ է ունենում արտերկրում, օգտվելով երեւանյան համերգի առիթից, զրույցի հրավիրեցինք նրան: Ինչպե՞ս է ստացվում, որ չունենալով իմպրեսարիո, երիտասարդ տարիքում հասցրել է ելույթներ ունենալ «Մոսկվայի վիրտուոզներ» ու պետական ակադեմիական կամերային, Նեշվիլի ֆիլհարմոնիկի (ԱՄՆ), Լոս Անջելեսի սիմֆոնիկի եւ այլ նվագախմբերի հետ: Այս հարցին Ա. Աճեմյանը պատասխանեց, որ, իհարկե, ցանկացած կատարողի համար մեծ է իմպրեսարիոյի դերը, ինչը հայ իրականությունում իսպառ բացակայում է: «Կոնկրետ ինձ նկատել են արտերկրում միջազգային մրցույթներին ու համերգներիս ներկա գտնվող երաժիշտներն ու իմպրեսարիոները, եւ այդպես, մեկը մյուսին ներկայացնելով, ստացել եմ բազում հրավերներ»,- պատասխանեց երիտասարդ արվեստագետը: Հետաքրքրությանը, թե ինչու է ժամանակին մերժել արտերկրում ուսումը շարունակելու առաջարկները, դաշնակահարուհին տեղեկացրեց. «Դեռ 6 տարեկանից՝ Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, այնուհետեւ կոնսերվատորիայում ու ասպիրանտուրայում ուսանել եմ պրոֆեսոր Ռոզա Թանդիլյանի դասարանում ու կապվել նրա հետ: Մինչ օրս էլ նա իմ խորհրդատուն է: Ներկայումս էլ պրոֆեսորիս ասիստենտն եմ կոնսերվատորիայում՝ մասնագիտական դաշնամուրի ամբիոնում, թեեւ մասնակցել եմ աշխարհահռչակ Պրեսլերի, Սվետլանովայի, Վոսկրեսենսկու, Յաբլոնսկայայի վարպետության դասընթացներին»: Մեր զրուցակիցը չհամաձայնեց այն մտքին, թե գուցե իրեն «առաջ է տարել» հայտնի Աճեմյան ազգանունը, ժպիտով ասելով, որ «ահավոր է կրողը լինել այդ ազգանվան», սերել այդպիսի հայտնի գերդաստանից. «Ինձ «առաջ է տարել» ժառանգականությունը»: Շարունակելով այս թեման, Ա. Աճեմյանը նշեց, որ իրենց ընտանիքում, որպես կանոն, արգելված է բարեխոսելը, իսկ հայրը չափից ավելի համեստ անձնավորություն է «եւ ես հպարտանում եմ նրա բնավորության այդ գծով: Միեւնույն է, վաղ թե ուշ գնահատվում են մարդու արժանիքները»: Հաստատելով ասվածը, նշենք, որ ժամանակին Արուսի հարցազրույցի մեր առաջարկները քանիցս մերժել է դաշնակահարուհու հայրը՝ Վարդան Աճեմյանը, անընդհատ հիշեցնելով, որ իր դուստրը դեռ շատ երիտասարդ է: Թեեւ այդ երիտասարդն արդեն հասցրել է ելույթներ ունենալ Ռուսաստանում, Կիպրոսում, Հունաստանում, Իտալիայում, Անգլիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ անգամ Մոսկվայի պետական ակադեմիական կամերային նվագախմբի հետ երկարաժամկետ հյուրախաղերի է մեկնել Ուրուգվայ ու Բրազիլիա, Մոսկվայում էլ ձայնագրել ձայներիզ: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել