Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կաշառակերների ձեռքը բռնող չկա

Մարտ 30,2006 00:00

Կաշառակերների ձեռքը բռնող չկա Մարտի սկզբին Եվրախորհուրդը քննարկել եւ ընդունել է Հայաստանում հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման վերաբերյալ զեկույցը, ապա՝ կոռուպցիայի դեմ պայքարին լծված երկրների ընտանիքի՝ «GRECO»-ի ներկայացրած պահանջները, որոնք պետք է մեր երկիրն իրականացնի մինչեւ 2007 թ. սեպտեմբեր: Այս պահանջները «GRECO»-ի պատվիրակությունը կազմել է 2005-ի մայիս-հունիս ամիսներին Հայաստանում իրականացրած ուսումնասիրությունների արդյունքում: Մասնավորապես պահանջվում է. նվազեցնել քրեական հետապնդումից անձեռնմխելի անձանց կատեգորիաները եւ վերացնել հատկապես պատգամավորության թեկնածուների, ԿԸՀ-ի, մարզային եւ տեղական ընտրական հանձնաժողովների անդամների, համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների անձեռնմխելիությունը, վերանայել դատախազների եւ դատավորների՝ անձեռնմխելիությունից զրկելու ընթացակարգերը՝ նվազեցնելով վերադաս անհատական որոշում կայացնողների (ՀՀ նախագահ, գլխավոր դատախազ) մասնակցությունը, ներդնել բոլոր պետական պաշտոնյաների գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ստուգման արդյունավետ համակարգ, պաշտոնյաների կողմից ստացված նվերների արժեքն իջեցնել այնպիսի մակարդակի, որոնք կաշառքի կասկածներ չեն առաջացնի եւ այլն: ՀՀ նախագահի խորհրդական, հակակոռուպցիոն միջոցառումների իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Բագրատ Եսայանը երեկ լրագրողներին հայտնեց իր մտահոգությունը հատկապես «Ֆիզիկական անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի ճակատագրի վերաբերյալ, որովհետեւ այն «խորհրդարանում ինչ-ինչ ուժերի կողմից չի ընդունվում ու արդյունքում երկար ժամանակ է՝ չի հաստատվում»: Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց կողմից ընդունվող նվերների հայտարարագրմանը, ապա այս հարցում վերջիններիս համար այսօր գործում է 1993 թ. կառավարության որոշումը՝ նվերների հայտարարագրման մասին, որի համաձայն պետական պաշտոնատար անձը իրավունք ունի ստանալ իր աշխատավարձի հնգապատիկի չափով նվեր եւ չհայտարարագրել այն: Ընդ որում՝ որոշման մեջ նշված չէ, թե պաշտոնյան քանի անգամ իրավունք ունի այդ չափով նվեր ընդունել: Աշխատավարձի հնգապատիկը 93-ին կազմում էր մինչեւ 100 դոլար, իսկ հիմա՞: Օրինակ, պրն Եսայանի աշխատավարձը 200 հազար դրամ է: Եվ նա, ըստ այս որոշման, տեսականորեն կարող է ամեն օր 1 մլն դրամի նվեր ստանալ, եթե օրական միայն մեկ անգամ ստանա: «Մարդիկ շրջում են շքեղ մեքենաներով, մարդիկ ապրում են շքեղ առանձնատներում, բայց որեւէ մեկը նրանց ձեռքը չի բռնում, որովհետեւ չկա համապատասխան օրենք: Քանի դեռ օրենքը չի ընդունվել եւ չի ձեւավորվել այդ հայտարարագրերի իսկությունը ստուգող արդյունավետ մեխանիզմ, մենք որեւէ արդյունք չենք ունենալու»: Լրագրողի հարցին, թե ի՞նչն է խանգարում, օրինակ, հանրապետության նախագահին՝ պահանջել ստուգել պաշտոնյաների հայտարարագրերը, Բ. Եսայանը պատասխանեց. «Նույնիսկ հանրապետության նախագահը չէ, սուրբ էլ իջնի՝ չի կարող հանձնարարական տալ ու հետեւել դրա կատարմանը, եթե չկան համապատասխան օրենսդրություն ու միջոցներ»: Արդյոք գալիք ընտրությունները չե՞ն խանգարի իրականացնել ստանձնած պարտավորությունները, եթե, ասենք, ընդդիմությունը գա իշխանության: «Եթե պատկերացնենք այդպիսի հիպոթետիկ իրավիճակ, որ ընդդիմությունը հրաժարվելու է պարտավորությունը կատարելուց, ապա նա համապատասխան գնահատականի կարժանանա թե՛ Եվրոպայի խորհրդի, թե՛ հասարակության կողմից,- ասում է պրն Եսայանը՝ բերելով Վրաստանի օրինակը:- Վրաստանի նոր իշխանությունները քայլեր չձեռնարկեցին շարունակականությունը պահպանելու համար, եւ այդ պատճառով նրանք «GRECO»-ում լրջագույն խնդիրներ ունեն»: Վիճակագրական տվյալներով՝ 2005-ին կոռուպցիոն բնույթի 364 հանցագործություններից 97-ը կատարվել է պաշտոնատար անձանց կողմից: 2005-ին կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքում հայտնաբերվել է պետությանը հասցված 3 մլրդ 487 մլն դրամի նյութական վնաս, որից վերականգնվել է 236,4 մլն դրամը: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել