Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՇԻՆՔՈ՞Վ,

Մարտ 30,2006 00:00

ԴԱՇԻՆՔՈ՞Վ, ԹԵ՞ ՄԻԱՅՆԱԿ Քաղաքական ուժերից քչերն են համարձակվելու խորհրդարանական ընտրությունների գնալ առանձին, գրեթե բոլորն էլ այսօրվանից ձգտում են գտնել համախոհներ, գործընկերներ կամ, պարզապես, իրենց հետ նույն ցուցակներում հայտնվելու պատրաստ մարդիկ: Արձագանքելով ներկայիս իրավիճակը մեկնաբանելու «Առավոտի խնդրանքին՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը ասաց. «Ես խնդիրներ չեմ կապում 2007 թ. խորհրդարանական ընտրությունների հետ եւ կարծում եմ, որ 2007-ից խոսելը ժամանակավրեպ է, ավելին, համարում եմ, որ 2006 թվականը նախընտրական տարի հայտարարելը եւ նման բաների ձեւավորման մասին ցրցամներ դնելը իշխանությունների հորինած տակտիկական քայլն է: Ես հակված եմ նրան, որ երկրում լինելու են արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ, եւ այս առումով, կարծում եմ, ընդդիմադիր դաշտը, անկախ գործող դաշինքներից կամ տարբեր ձեւաչափերում ներկայացվածությունից, համապատասխան իրավիճակում, միանշանակ հանդես կգա միասնական. դրանում համոզված եմ, որովհետեւ ամբողջ ժողովուրդն է ընդդիմադիր, եւ յուրաքանչյուրի մեջ էլ այդ սպասումը կա»: Արամ Սարգսյանը կարծիք հայտնեց նաեւ, որ նույն հարցի հետ կապված մտահոգ են նաեւ իշխանությունները՝ կհասնե՞ն 2007-ին կամ՝ ինչպե՞ս կհասնեն՝ դաշինքներո՞վ, թե՞ առանձին: Նույնի մասին բոլորովին այլ կարծիքի է պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, որը վստահ է, որ մինչեւ սեպտեմբեր կընթանա քաղաքական փնտրտուքների գործընթաց, իսկ սեպտեմբերից սկսած՝ դրանք ավելի առարկայական կդառնան. «Դուք ճիշտ եք, այժմ բոլոր քաղաքական ուժերը, անկախ նրանից՝ ընդդիմադիր են, թե իշխանական, փորձում են հենց այսօր գտնել հնարավոր դաշնակիցներ կամ համախոհներ, իսկ դա պայմանավորված է նրանով, որ բոլորն էլ հասկանում են, որ 2007 թվականը վճռորոշ տարի է լինելու նաեւ 2008-ի նախագահական ընտրությունների համար, եւ այսօր դաշնակիցների փնտրտուքն ավելի շատ պայմանավորված է 2008-ի նախագահական ընտրությունների հանգամանքով»: Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, որը երբեք չի խուսափել նոր ձեւաչափերի ստեղծման անգամ ժամկետների մասին հայտարարություններ անել, նույնիսկ մեկ ամիս առաջ խոսում էր այն մասին, որ մեկ-երկու շաբաթից նոր ձեւաչափն արդեն կատարված փաստ կլինի, երեկ մեզ հետ զրույցում նկատեց, որ դաշինքով խորհրդարան գալը ձեւերից մեկն է, բայց «կյանքը ցույց է տալիս, որ Հայաստանում նման դաշինքները, որոնք զուրկ են գաղափարական հենքից, զուրկ են գոնե մոտավոր նույն մտածելակերպն ունեցող մարդկանց կամ կուսակցությունների համախմբումից, ի վերջո հանգում են բավականին տխուր արդյունքի: Եթե մեկ կուսակցություն խորհրդարանում ունենա, ասենք, 20 պատգամավոր, ապա այդ կուսակցությունը եւ նրա լիդերը կլինեն լուրջ ազդեցություն ունեցող ուժ եւ լիդեր: Բայց եթե նույն 20 պատգամավորներն ունենան միասին թվով ինը կուսակցություն, ինչպես որ կա, ապա այդ դաշինքի քաղաքական արժեքը հավասարվում է զրոյի, եւ սա պիտի բոլորը հասկանան»: Հովհաննես Հովհաննիսյանը համաձայն էր մեր այն դիտարկմանը, որ այսօր ընդդիմադիր կուսակցությունների լիդերների շրջապատում ամբիցիաների պակաս չկա. «Այն կուսակցությունները, որոնք հիմա ձգտում են «շոգեքարշի» դեր ստանձնել, պետք է հասկանան, որ շատ պատասխանատու է լինել «շոգեքարշ» եւ մարդկանց իր շուրջը հավաքել: Հիմա, գոնե ընդդիմության այսօրվա դաշտը տարբերվում է 2003-ից, տարբերվում է նրանով, որ չկան ընդգծված ֆավորիտներ, լիդերներ, չկան հզոր քաղաքական ընդդիմադիր կուսակցություններ, որի շուրջը հավաքվեն: Գուցե այս միտքը լսելով իմ գործընկերները նեղանան, բայց դա այդպես է՝ չկա այն բուրգը, որի շուրջը կարելի է հավաքվել, որի կողքին կարելի է կանգնել»: Նույնիսկ այսպիսի մռայլ գույներից հետո Հովհաննես Հովհաննիսյանը հայտարարեց, որ ընդդիմադիր նոր ձեւաչափի ստեղծման հարցը խիստ հրատապ է, չասաց, իհարկե, թե ո՞ր ուժերի հետ է տեսնում այդ նոր ձեւաչափի ծնունդը, բայց գտնում է, որ այդպիսիք կան: Թե այդ խնդրի լուծման համար կոնկրետ ի՞նչ է արվում՝ չկոնկրետացվեց, բայց նաեւ «օրվա պահանջ» որակեց համախմբումը: Ազատական-առաջադիմական կուսակցության նախագահին հարցրինք նաեւ, թե այդ դեպքում նման ամայի քաղաքական դաշտում ո՞ւմ կողքին կամ ո՞ւմ հետ կլինի իր գլխավորած կուսակցությունը. «Մենք լիբերալ կուսակցություն ենք, մեր տեսակետները շատ հստակ են, մեր արտաքին քաղաքական տեսակետները հայտնի են, մեծամտություն չհամարեք, բայց մենք այն քիչ կուսակցությունն ենք, որ ունենք հստակ ծրագիր, գիտենք, թե ուր ենք գնում եւ ինչ ենք ուզում ի վերջո՝ այս ամենի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր կուսակցությունների հետ»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել