Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ «ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ»

Մարտ 30,2006 00:00

Մասնագետների
պեղումների արդյունքները՝ ազատագրված հայկական տարածքներում Ապրիլի 4-ին «Նարեկացի»
արվեստի միությունում Հայրենադարձության եւ հիմնավորման «Երկիր» հասարակական կազմակերպությունների
միությունը, «Կենաց ծառ» մշակութային հետազոտական կենտրոնը եւ ՀՀ ԳԱԱ հնագիտության
եւ ազգագրության ինստիտուտը կկազմակերպեն «Սահմանների մշակույթ» ծրագրի հերթական
ցուցահանդեսը: Ներկայացվելու են Հանդաբերդի վանքի, Շուշիի եւ Արցախի Տիգրանակերտի
եւ այլ վայրերի հնագիտական հետազոտությունների մասին պատմող նյութեր: Կցուցադրվեն
ոչ միայն որոշ գտածոներ, այլեւ կլինի լուսանկարների սլայթ-շոու, տեսաֆիլմ՝ նվիրված
վերոնշյալ հետազոտություններին: Ապրիլի 13-ին էլ կկազմակերպվի գիտաժողով՝ «Մշակութային
հետազոտությունները սահմանային տարածքում» խորագրով: Պատմական գիտությունների դոկտոր,
«Կենաց ծառ» մշակութային հետազոտությունների կենտրոնի նախագահ Համլետ Պետրոսյանը
«Առավոտին» տեղեկացրեց, որ ցուցահանդեսի եւ գիտաժողովի կազմակերպման հիմնական նպատակը
հետեւյալ մտահոգությունն էր. «Եթե ժամանակակից կենսընթացը կամ գոնե եվրոպական հեռանկարը
ենթադրում է սահմանների բացում, ապա զանազան հանգամանքների բերումով Հայաստանի սահմանները
փակ են կամ ճակատային գծի են վերածված: Այս տեսակետից Հայաստանը գտնվում է այնպիսի
արտասովոր մի իրավիճակում, երբ սահմանը դարձել է ապրելու համար ոչ նախընտրելի վայր:
Արդյունքում՝ կուտակումներ են Երեւանում»: Հ. Պետրոսյանը համոզված է, որ հայության
ներկա վիճակն ու ապագան կախված է նրանից, թե ինչ չափով է սահմանը մեզ համար մատչելի,
եւ թե սահմանում ապրողը ինչքան ապահով կզգա իրեն: Դրա համար էլ հնագետները սկսել
են հատուկ ուշադրություն դարձնել սահմանի թե՛ տեսությանը, թե՛ մշակութային ընկալմանը
եւ հատկապես սահմանում ապրող մարդկանց կենսընթացի բարելավմանը: Արցախում հնագիտական
հետազոտությունների ղեկավար Հ. Պետրոսյանը այս առիթով նշեց. «Ազատագրված տարածքներում
սահմանը տեղաշարժվել է: Թեեւ դրանք հին հայկական տարածքներ են, այնուամենայնիվ, խորթություն
կա վերաբնակչի եւ տեղի մշակութային միջավայրի միջեւ: Վերաբնակիչն անընդհատ կարիք
ունի, որ իրեն հիշեցնեն, թե այդտեղ խաչքար կա, հայերեն արձանագրություն ու եկեղեցի:
Ընդամենը հարկավոր է մի քիչ տեսքի բերել հայկական հուշարձանները, որ վերաբնակիչը
իրեն զգա իր պապերի երկրում: Աշխարհին անընդհատ պետք է ապացուցենք ազատագրված տարածքների
ամեն մի թիզի, ամեն քարի ու հուշարձանի հայկականությունը: Մենք ոչ թե պետք է հոխորտանք,
այլ հիմնավորենք: Օրինակ, Հանդաբերդի վանքի պեղումների ժամանակ հայտնաբերված տանիքների
կղմինդրե բեկորների վրա շուրջ 20 հայերեն արձանագրություն կա: Այսինքն՝ մենք ունենք
ապացույց, որ այս տարածքում ապրող մարդիկ առօրյայում հայերեն են խոսել»,- պարզաբանեց
հնագետը: Անցյալ տարի Հ. Պետրոսյանի գլխավորած արշավախումբը պեղումներ է անցկացրել
նաեւ Շուշիում, ինչը, վերջինիս համոզմամբ, նույնպես ստրատեգիական նշանակություն ունի:
«Մեր պեղումները ապացուցում են, որ Շուշիի սարահարթը, ներառյալ նաեւ հարակից պարսպապատ
վայրի որոշ տարածքներ, դարեր շարունակ բնակեցված է եղել հայերով: Շուշին իր երկաթեդարյա
դամբարաններով այսօր կարող է դառնալ հայկական զարգացող տուրիստական բիզնեսի անքակտելի
մասը»,- ասաց պրն Պետրոսյանը: Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս հետազոտությունները
ադրբեջանական նոր հիստերիայի տեղիք չեն տա: «Եթե շարունակենք ապրել այն երկյուղով,
թե պետք չէ «բարկացնել» ադրբեջանցիներին, դա նույնն է, թե զոհը դահճի առաջ խաղ ու
պար անի»,- ասաց պրն Պետրոսյանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ ադրբեջանցիներն ակտիվ լուսաբանում
են Արցախում կատարած բոլոր հնագիտական աշխատանքները. «Երբ անցյալ տարի հետազոտություններ
էինք սկսել Շուշիում, ադրբեջանական «Զերկալո» թերթում եւ day.az-ում գրել էին, թե
հայերն իբր $1մլն են ծախսել Շուշիի հետազոտությունների համար: Սակայն իրականում ծախսել
էինք ընդամենը $560»: Մեր զրուցակիցը նաեւ ցավով փաստեց, որ հնագիտական աշխատանքների
համար ո՛չ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան, ո՛չ էլ ՀՀ կառավարությունը միջոցներ
չի հատկացնում, ամեն ինչ արվում է անհատների եւ բարերարների օգնությամբ: ԼՈՒՍԻՆԵ
ՕՀԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել