Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՏԱՎՈՐԸ ՆՇՎԱԾ ՀԱՍՑԵՈՒՄ ԲԱՐԵԿԱՄ ՉՈՒՆԵՐ

Մարտ 30,2006 00:00

Կադաստրը տրամադրել է առեւտրային գաղտնիք պարունակող տեղեկություններ

Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Սուրիկ Կոստանյանի հարցով Իսահակյան փողոցի 22 շենքի «առաջին մուտքի սեփականատերեր» Ա. եւ Լ. Ռոստոմյանները, Ա. եւ Վ. Քարիմյանները հերթական նամակն էին ուղղել ՀՀ արդարադատության խորհրդին, ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, արդարադատության նախարարին եւ ՀՀ նախագահի «հակակոռուպցիոն» խորհրդականին: «Առավոտը» անդրադարձել էր դիմումատուներին, որոնք բողոքել էին Իսահակյան 22 շենքի 1-ին մուտքի դռան հետ կապված, ինչը, նրանց կարծիքով, դատավորի կողմից «արտածառայողական հարաբերություններում թույլ տված հակաօրինական գործողություն է»: Փակվել էին մուտքում առկա տարադրամի փոխանակման եւ ձայնագրման կետերը: Հրապարակումից հետո ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից ստեղծվել էր հանձնաժողով, որը գլխավորել էր ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ գործերով դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը:

Երեկ նա «Առավոտին» մասնավորապես տեղեկացրեց, որ էթիկայի հանձնաժողովը (երեք դատավորով) եղել է վերոնշյալ վիճելի տարածքում, ուսումնասիրել եւ իր եզրակացությունը ուղարկել վճռաբեկ դատարանի նախագահին. «Տարածքը մաքրվել էր կեղտից, աղբանոցից եւ տեղաբնակների ազատ շարժին այն չի խոչընդոտում: Մուտքի դուռ դնելը ուղղված է սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը: Եվ դատավորը, որն ապրում է տվյալ շենքում, որեւէ խախտում թույլ չի տվել»: Դիմումատուները չեն բնակվում այդտեղ եւ «մուտքի սեփականատերեր» են հանդես գալիս: Մինչդեռ, ըստ ՀՀ քաղօրենսգրքի 224 հոդվածի, բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին են պատկանում ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը, նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, շենքի միասնական, ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, վերելակները, մեխանիկական, սանիտարատեխնիկական տարածքները:

Այս նույն դիմումատուները երկու օր առաջ խմբագրություն բերեցին նույն դատավոր Սուրիկ Կոստանյանի պաշտոնեական պիտանիության հարցի վերաբերյալ հերթական դիմումը: Նրանք «Առավոտին» տրամադրեցին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարբեր տարածքային ստորաբաժանումների (Արաբկիր, Կենտրոն) պաշտոնական տեղեկանքները, ըստ որոնց, դատավորը ունի անշարժ գույք, «տարբեր տեսակների մեջ»: Փորձեցինք ճշտել լուսանկարում պատկերված, Արաբկիրի տարածքային ստորաբաժանման տված փաստաթղթի իսկությունը: Ըստ դրա, Երեւանի Խաչատրյան 22 շենքի 51 բնակարանում ապրում է դատավորի կինը՝ Արուսյակ Հարությունի Կոստանյանը: Գրված էր նաեւ բնակարանի շուկայական արժեքը՝ 1.320.000 դրամ: Սակայն պարզվեց, որ դատավորը այդ հասցեում կին չունի, հետեւաբար դա իր կնոջ անունով ձեւակերպված բնակարանը չէ:

Մեզ զարմանք պատճառեց նաեւ այն, որ անծանոթ նամակագիրներին կադաստրը տրամադրում է տեղեկություններ (անգամ՝ առեւտրային գաղտնիք պարունակող), մինչդեռ խմբագրությանը դիմող քաղաքացիների մեծ մասը դժգոհում է, որ իրենց անձի հետ կապված տվյալներ կադաստրը դժկամությամբ է տրամադրում կամ ընդհանրապես չի տրամադրում: Դատավորին էր վերագրվել այն 3 սենյականոց բնակարանը, որը գտնվում է Ծաղկաձորի կենտրոնական հրապարակի հարեւանությամբ (Գ. Մագիստրոսի փողոց, 3 շենք, 13 բնակարան) եւ շուկայական արժեքն էլ կազմում է $50000: Խոսքը 1 սենյականոց բնակարանի մասին էր, որը նա սեփականության իրավունքով ձեռք էր բերել 1992թ. օգոստոսի 5-ին: Ս. Կոստանյանի որդին՝ Գեւորգ Կոստանյանը արդարադատության ներկայիս փոխնախարարն է, ունի առանձին տնտեսություն: Սակայն նրա կադաստրային գործի տվյալներն էլ, թե որտեղ է բնակվում, ինչ սեփականություն ունի, դարձյալ հեշտությամբ տրամադրվել էր քաղաքացիներից մեկին, ինչը դարձյալ օրենքի կոպիտ խախտում է: Նամակագիրները գրել էին նաեւ, թե դատավորն ունի մեքենաներ, մասնավորապես՝ երկու «Մերսեդես»: 1993թ. արտադրության մեկ «Մերսեդեսը» տրամադրվել է ծառայողական նպատակով: Ակնարկված «Վոլգան» գոյություն չուներ:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել