Լրահոս
Օրվա լրահոսը

Թաղապետարանները մաքրում են գետնանցումները

Մարտ 30,2006 00:00

Անցումների
կրպակատերերը երեկ ցույց էին անում Երեկ Երեւանի քաղաքապետարանի շենքը պաշարել
էին Բժշկական համալսարանի եւ «Բարեկամություն» մետրոյի անցումների կրպակատերերը:
Պարզվում է, Կենտրոնի եւ Արաբկիրի թաղապետարանները հրաժարվում են երկարաձգել նրանց
վարձակալության պայմանագրերը: Հիշեցնենք, որ 2003-ի օգոստոսից մայրաքաղաքի գետնանցումները
քաղաքապետարանից անցել են թաղապետարանների հաշվեկշիռ, եւ այդ տարածքների սպասարկողն
ու պատասխանատուն թաղապետարաններն են: Խնդրի առնչությամբ առեւտրի եւ սպասարկումների
ոլորտը համակարգող փոխքաղաքապետ Արման Սահակյանն «Առավոտին» տեղեկացրեց, որ պայմանագրերը
չերկարացնելու հետ իրենք կապ չունեն՝ դա թաղապետարաններն են որոշել: Սակայն բացատրեց
նաեւ պատճառը. առողջապահության նախարարությունը, արտակարգ իրավիճակների վարչությունն
ու մի շարք այլ գերատեսչություններ որոշել են լրջորեն զբաղվել գետնանցումներում ստեղծված
հակահիգիենիկ, հրդեհավտանգ եւ հանրության ազատ տեղաշարժը սահմանափակող իրավիճակով:
Բանն այն է, որ վերջին տարիներին կրպակատերերն իրար «աչք տալով» իրենց առեւտուրը
տարածել են գետնով մեկ, գրավել աստիճանավանդակները, հոսանք եւ ջրագծեր անցկացրել՝
ինչպես ուզել են, շատ տեղերում էլ կրպակները տեղադրվել են հակահրդեհային համակարգերի
վրա եւ անհրաժեշտության դեպքում դրանցից օգտվելն անհնարին կլինի: Բացի այդ, շատ տեղերում
էլ կրպակներ են տեղադրվել հենց աստիճանների վրա՝ խոչընդոտելով մարդկանց ազատ ելումուտը:
Հենց այս իրավիճակի շտկման համար էլ թաղապետարանները գնացել են կտրուկ քայլի՝
վերացնել բոլոր խնդիրները, հետո թույլ տալ շարունակել առեւտուրը: Հայտնի է, որ մետրոն
այժմ մեր գրեթե միակ ապաստարանն է՝ շենքերի եւ այլ հանրային տարածքների նկուղները
վաճառված կամ վարձակալության են տրված անհատներին: Այսինքն՝ արտակարգ որեւէ իրավիճակի
դեպքում մարդիկ չեն կարող արագ մտնել մետրոյի տարածք: Իսկ գետնին սփռված սննդամթերքի
վտանգավորության մասին խոսում ենք զօր ու գիշեր: Այս եւ այլ խնդիրներ մեկ անգամ եւս
բացատրվել են կրպակատերերին: Ըստ փոխքաղաքապետի՝ «նրանք հասկացան եւ երկու թաղապետարանների
ներկայացուցիչների հետ եկան համաձայնության՝ թաղապետարանների նախագծով եւ իրենց միջոցներով
կվերացնեն ներկայացված խնդիրները, կտեղադրեն արդիականացված կրպակներ՝ հետո կկնքվի
վարձակալության պայմանագիր»: Իսկ աստիճանավանդակները գրաված ոչ կրպակատեր
առեւտրականների հարցն ինչպե՞ս է լուծվելու: Ըստ փոխքաղաքապետի, նախ պետք է վերանորոգվեն
աստիճանները, ապա արտակարգ իրավիճակների վարչությունը կորոշի, թե ո՞ր հատվածները
սահմանել առեւտրի համար: «Համենայնդեպս, թաղապետարանների ներկայացուցիչներն ասացին,
որ առեւտրի նախկին տեղերից զրկվողների համար ելք կմտածեն, հասկանալի է, մարդիկ դրանով
տուն են պահում»: Հիշյալ երկու գետնանցումներն էլ գերբեռնված են առեւտրով
եւ դա փաստ է: Հետաքրքիր է միայն, թե ինչո՞ւ Շենգավիթի թաղապետարանը չի անհանգստանում
նույնանուն մետրոյի հարակից տարածքի համար: Չէ՞ որ նույն տեսարանն ու իրավիճակն այստեղ
է: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել