Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Միայն մարտավարական խնդիրնե՞ր

Մարտ 30,2006 00:00

Ասողին լսող է պետք

Երեկ տեղի ունեցավ «Արդարություն» դաշինքի հերթական նիստը, որի ժամանակ դարձյալ «գլխավոր դերում» Արշակ Սադոյանն էր, որը առանց հոգնելու արդեն մի քանի նիստերի ընթացքում խոսում է քաղաքացիական հասարակության ձեւավորման անհրաժեշտության մասին, սակայն այն համառորեն չի ընդունվում: Մեզ հետ զրույցում Արշակ Սադոյանն ասաց. «Ես առաջարկել էի, որ հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, եթե հնարավորություն չի լինում արտահերթ ընտրությունների կամ 2006-ին չեն ծավալվում որոշակի գործողություններ, այդ դեպքում դաշինքը փորձի իր գործունեության հիմնական ռազմավարական նպատակը դարձնել այն, որ ի նպաստ ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ստեղծման կամ հանուն քաղաքացիական հաստատման շարժմանը ակտիվորեն մասնակցի: Ցավոք, դաշինքի շատ ներկայացուցիչներ, մասնավորապես ՀԺԿ-ն, գտնում են, որ դաշինքը պետք է այս պահին բավարարվի ընթացիկ մարտավարական խնդիրներով՝ Բուզանդի փողոց, «ԱրմենՏել» եւ այլն, եւ որեւէ հեռանկարային ռազմավարական խնդիրների իրենք դեռ պատրաստ չեն. երբ որոշակի բանի պատրաստ լինեն` տեղյակ կպահեն»:

Մեր հարցին՝ չէ՞ որ իրականում դաշինք, որպես այդպիսին, այլեւս գոյություն չունի, ուրեմն ինչի՞ մասին է խոսքը, եւ ումի՞ց է ինչ-որ բան ակնկալում Արշակ Սադոյանը, վերջինս նկատեց. «Այնքան էլ իրականությանը չի համապատասխանում, որ դաշինքը գոյություն չունի, նրա խմբակցությունը հաստատ գոյություն ունի, միաժամանակ կան նաեւ արտախորհրդարանական ուժեր, որոնք դաշինքի անդամ են, բայց բոլոր դեպքերում դաշինքը պարբերաբար հավաքվում է` քննարկելու ընթացիկ գործերը, եւ տվյալ դեպքում խնդիրը, որ մամուլում հաճախ տարածվում է, թե դաշինքն այլեւս գոյություն չունի, այդքան էլ չի համապատասխանում իրականությանը: Բայց կա ցավալի մի իրողություն, որը ես բարձրացրել էի նախորդ անգամ. դա դաշինքի, որպես ամբողջության, գործունեության ծրագիրն է Ազգային ժողովից դուրս»:

Նիստին մասնակցող «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Ալբերտ Բազեյանն էլ անդրադառնալով դաշինքի լուծարման մասին տեղեկություններին՝ դրանք չափազանցված է համարել: Պատասխանելով «Ազատություն» ռ/կ-ի հարցին՝ նա նկատել է, թե դաշինքը «դե ֆակտո գոյություն ուներ, եւ այսօր տեղի է ունենում դաշինքի ու խմբակցության համատեղ նիստ»: Ինչ վերաբերում է այն փաստին, որ դաշինքի նիստին անդամ կուսակցությունների առաջնորդների մեծամասնությունը երեկ չէր մասնակցում, Ա. Բազեյանը դա համարել է այդ առաջնորդների խնդիրն ու իրավունքը:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել