ՄՈՍԿՎԱՆ՝ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԱՔԱՐ Ապրիլի 25-28-ը Մոսկվայում անցկացվելու է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Հայաստանի ազգային հավաքականի համար պաշտոնական առաջին լուրջ մեկնարկն է լինելու «Մրցաշրջան 2006»-ում: Ինչպե՞ս են մրցագորգի հայաստանցի վարպետները նախապատրաստվում այդ կարեւոր մեկնարկին, առավել եւս, որ ՀԱՕԿ-ի եւ սպորտի պետական կառույցի ղեկավարները, սկսած այս տարվանից, մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների առջեւ հստակ ու լուրջ խնդիրներ են դրել: «Առավոտի» հարցերին պատասխանում է հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը: – 2006 թվականը հագեցված է լինելու տարբեր մակարդակի մրցաշարերով: Ի՞նչ ծրագրեր ունեք: – Տարին սկսեցինք Երեւանում կազմակերպված ուսումնամարզական հավաքներով: Այնուհետեւ մեկնեցինք Ֆրանսիա՝ մեր առաջին միջազգային ներկայացուցչական մրցաշարին, որտեղ նվաճեցինք երեքական 1-ին եւ 3-րդ տեղ: Դրանից հետո Իրանից տուն բերեցինք 2 «արծաթ» եւ 1 «բրոնզ»: Հիմա հավաքական թիմերի կենտրոնում պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Ապրիլի 4-ին մեկ շաբաթ դադար կտանք: Հետո 12-25-ը կրկին կվերադառնանք, որից հետո կմեկնենք Մոսկվա: – Քանի՞ մարզիկ է մասնակցում հավաքներին: – Քսան ըմբիշ, երեք մարզիչ, բժիշկ եւ մերսորդ: – Ինչի՞ վրա եք գլխավոր ուշադրությունը դարձնում: – Սա նախապատրաստության երկրորդ փուլն է: Շեշտը դրված է հատուկ ֆիզպատրաստականության եւ տեխնիկատակտիկական պատրաստվածությունը բարձրացնելու վրա: Իսկ վերջին հավաքը նվիրվելու է հատուկ մասնագիտականին, որի ավարտին ըմբիշները պետք է հասնեն մարզավիճակի գագաթնակետին: – Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ձեր ոճում կանոնների արմատական փոփոխություններ է կատարել, որոնք բավականին բարդացրել են մարզիկների վիճակը՝ մրցավարներին տալով մենամարտի ելքը սուբյեկտիվորեն վճռելու իրավունքներ: Դրանից, ինչպես շատերը, այնպես էլ մերոնք, արդեն հասցրել են տուժել… – Եվ բոլորն էլ դժգոհ են նոր կանոններից: Մենք հիմա մարզումների ժամանակ հատուկ աշխատում ենք, որպեսզի մեր ըմբիշները հարմարվեն նոր կանոններին եւ գորգում մարտավարեն այդ նոր պահանջներին համապատասխան ձեւով: – Եվրոպայի առաջնությունում ո՞ր քաշային կարգերում ներկայացուցիչ կունենանք: – Բացի ծանրից, մնացած վեց քաշերում լավ ըմբիշներ ունենք: – ՀԱՕԿ-ի նախագահը վերջերս հաստատեց, որ Ռուսաստանից ըմբիշներ է գնել, ովքեր կարող են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հնարավո՞ր է, որ ծանր քաշում նրանցից մեկը հանդես գա: – Այդ հարցին այս պահին պատասխանել չեմ կարող: – Այսօր կարո՞ղ եք անուններ տալ, թե ովքեր են մեկնելու Մոսկվա: – Գիտեմ, բայց հիմա չեմ ասի: Դա հոգեբանորեն կազդի բոլորի վրա: Իսկ նրանք դեռ պետք է քրտնաջան մարզվեն: ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ