Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԱԶԸ

Մարտ 29,2006 00:00

«ՋԱԶԸ ԱԶԱՏԱՏԵՆՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է» Ըստ բրիտանացի ջազմեն Աբրամ Ուիլսոնի՝ հենց այս պատճառով է այն սիրելի բոլոր ժողովուրդներին Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը, բրիտանացի ջազմեններ Գարի Քրոսբիի եւ Աբրամ Ուիլսոնի հետ համատեղ, «Ապագայի զինվորներ» կրթական ծրագրի շրջանակներում երիտասարդ հայ ջազ երաժիշտների համար անցկացնում է վարպետության դասընթացներ: Այնուհետեւ այստեղ կստեղծվի հայկական «Ապագայի զինվորներ» խումբը: Մարտի 30-31-ին «Ավանգարդ» ֆոլք-ակումբում հայ երիտասարդները հանդես կգան բրիտանացի երաժիշտների հետ համատեղ: Շեփորահար, կոմպոզիտոր Աբրամ Ուիլսոնը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: – Ինչպիսի՞ տպավորություն ունեք հայ երիտասարդներից, որոնց հետ աշխատում եք: – Փայլուն երիտասարդություն ունեք, բավական կիրք ու ցանկություն ունեն ջազ նվագելու, սով ունեն ջազ լսելու: Ես հույս ունեմ, որ այդ երիտասարդներից շատերը կարող են պրոֆեսիոնալ մակարդակով իրենց դրսեւորել լավագույն բեմերում: Հիմա ես ավելի շատ կենտրոնացած եմ նրանց կատարողականի, իմպրովիզացիոն հմտությունների զարգացման վրա, նաեւ ուզում եմ, որ այս երիտասարդները նախ սովորեն իրար լսել, որպեսզի ավելի ներդաշնակ հանդես գան: Հույս ունեմ՝ շաբաթվա վերջին կայանալիք համերգին նրանք մեկ մարդու նման կնվագեն: Մանավանդ՝ այդ համերգը յուրատեսակ հաշվետվություն է լինելու մեր աշխատանքի արդյունքի: – Ըստ ձեզ ո՞րն է գաղտնիքը, որ ջազը սիրելի է բոլոր ժամանակներում, բոլոր ազգությունների համար: – Ջազը հիմքն է այսօրվա երաժշտական շատ ուղղությունների: Գաղտնիք չէ, որ սեւամորթներս ենք ստեղծել այն: Մենք ամեն նորի կողմնակիցն ենք, նաեւ եղածը նորովի ներկայացնելու: Ջազը ծնունդ է ստրկության դեմ պայքարի ու ազատատենչության խորհրդանիշ է, հետեւաբար այն սիրելի է բոլոր ժողովուրդներին ու սերունդներին: – Ծանո՞թ եք հայկական երաժշտությանը: – Ինձ այսօր տվեցին հայկական երաժշտության CD-ներ, մի քանի կտոր եմ դեռ լսել, բայց շատ եմ հավանել: Հատկապես դուր եկավ օրորոցային մի երգ: – Առաջին անգամ եք Հայաստանում, տպավորությունները՝ երկրից, մարդկանցից, հայ ջազմեններից: – Ինձ հետաքրքրել է Հայաստանը, բավական լավ երաժիշտներ կան, շատերի հետ դեռ չեմ հասցրել ծանոթանալ զբաղվածությանս պատճառով: «Պապլավոկում» մենք՝ ես ու Գարին նախօրեին ջեմ սեշն նվագեցինք ու հրաշալի ստացվեց: Հասցրել եմ ծանոթանալ միայն Վահագն Հայրապետյանի հետ, բարձրակարգ երաժիշտ է: – Ձեր պարապմունքներն անցկացնում եք «Ավանգարդ» ֆոլք-ակումբում, ձեր կարծիքը տանտիրոջ՝ Արտո Թունջբոյաջյանի եւ Armenian Navy Band-ի մասին: – Գիտեմ, որ շատ լավ խումբ է: Հույս ունեմ, որ նրանց դեռ կհասցնեմ լսել: Լսել եմ նաեւ, որ Արտոն տաղանդավոր երաժիշտ է: Զրուցեց ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել