Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերը թերսնվածների ցուցակում են

Մարտ 29,2006 00:00

Հայերը թերսնվածների ցուցակում են Իսկ ստացած թերի սնունդն էլ անվտանգ չէ Համաձայն պարենային ապահովության տվյալների, թերսնված եւ կիսասոված մարդկանց թիվը գնալով աճում է՝ մարդկանց թվաքանակի աճին զուգընթաց: Նախկին ԽՍՀՄ երկրներից ընդամենը 4-ն են կարողացել դուրս գալ «թերսնվածների» ցանկից՝ մերձբալթյան երկրները եւ Բելառուսը: ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի այս ուսումնասիրությունը, սակայն, նրա հրավիրած երեկվա քննարկման բուն թեմային չէր առնչվում: Դրան չէր առնչվում նաեւ նրա մյուս հայտարարությունը՝ Հայաստանի գյուղարտադրանքի արտահանման նախկին շուկաներն աստիճանաբար գրավում են այլ երկրներ: Իսկ երեկվա քննարկման թեման երկիր ներկրվող պարենի անվտանգությունն էր: Այս առումով ԱԺ մեկ այլ պատգամավոր՝ Վահրամ Բաղդասարյանը, ներկայացրեց իր ուսումնասիրության արդյունքը. Վրաստանից ներկրվող պարարտանյութերը Սումգայիթի արտադրանք են: Մինչ այդ էլ պարզվել էր, որ թուրքական ծագում ունեցող սննդամթերքը Ադրբեջանից է գալիս: «Օրենքը թույլ է տալիս մաքսակետերում լիարժեք ուսումնասիրել ապրանքը, թող անեն»,- սա գյուղատնտեսության փոխնախարար Գագիկ Խաչատրյանի մեղադրանքն էր: Իսկ ֆերմեր Սարգիս Սեդրակյանը հակադարձեց սերմերի գծով. «Մենք չունենք սերմերի ստուգման լաբորատորիա, որակի սերտիֆիկատով ենք բավարարվում, առանց իմանալու՝ իրականում ինչ ենք ցանում եւ ինչ կամ ինչքան ենք հավաքելու»: Այստեղ փոխնախարարը հպարտացավ, թե՝ «Մեղրիում շուտով նոր ժամանակակից լաբորատորիա ենք ունենալու, շնորհիվ «Նեկտար» կազմակերպության աջակցության»: Ափսոս, փոխնախարարին կիսասառը ցնցուղ էր սպասվում՝ «դա «Նեկտարը» չէր, «Մուլտի Ագրոն» էր»՝ հայտարարեց «Մուլտի Գրուպի» նախագահ Գագիկ Ծառուկյանի մայրը՝ Ռոզա Ծառուկյանը, որն, այնուամենայնիվ, շնորհակալ էր գյուղնախարարությունից՝ «մեղրի արտադրության ոլորտին ցուցաբերած մեծ աջակցության համար»: Նաեւ նշեց, որ ինքը մի քանի մրցույթներում գումար է շահել եւ այն ուղղել աղքատ մեղվապահների գործի բարելավմանը: Հայաստանի ֆերմերական շարժման նախագահ Սարգիս Սեդրակյանը մի հարց էլ ուղղեց փոխնախարար Գագիկ Խաչատրյանին. «Պատերազմի հնարավորությունը բացառված չէ՝ ԱՄՆ-Իրան, Հայաստան-Ադրբեջան: Այդ դեպքում մենք միանգամից հայտնվում ենք բլոկադայի մեջ, ինչքա՞ն սննդային պաշար ունենք»: Այս հարցն անպատասխան մնաց: Քննարկման մասնակիցները համաձայն էին, որ սննդի անվտանգության վերահսկման մեխանիզմները թույլ են: Միայն փոխնախարարը փորձեց համոզել, որ ամեն ինչ անում են դրա համար: Ներկայացրած միակ փաստարկը՝ «օրենսդրական փաթեթի 40 տոկոսը սննդի անվտանգությանն է վերաբերում»: Մասնակիցները դրանից չխանդավառվեցին՝ օրենքների կատարման մասին պատկերացում ունեին: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել