Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿՈՓՎՈՒՄ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾՅԱԼՆԵՐԸ»

Մարտ 29,2006 00:00

ԻՆՉՊԵՍ ԵՆ ԿՈՓՎՈՒՄ «ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԼԱԾՅԱԼՆԵՐԸ» Մեր ընդդիմադիրներից մեկը հավանում է Միլոշեւիչին, մյուսը՝ Լուկաշենկոյին, իսկ մտավորականներն էլ հանդես են գալիս ծայրահեղականների եւ ահաբեկիչների պաշտպանությամբ: Եթե Հայաստանի ազգային անվտանգության ծառայության որեւէ քայլ արժանի է հավանության՝ հենց այն է, որ մի քանի օր առաջ զրույցի էին հրավիրել «Ջավախք» խորհրդի եւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներին եւ նախազգուշացրել, որ հանդես չգան ազգամիջյան թշնամանք հրահրող ելույթներով: Հիշեցնենք, որ դրանից առաջ վիրահայերի խնդրով ավանդաբար զբաղվող կուսակցությունների համար անգամ անհայտ «Ջավախք» խորհրդի ներկայացուցիչներն ասուլիսում հանդես էին եկել հայտարարություններով, թե Ջավախքը կարող է դառնալ երկրորդ Ղարաբաղ: Ընդ որում՝ խոսքը ոչ միայն կարգավիճակի, այլ նաեւ այդ տարածքում ռազմական գործողությունների մասին էր. «Պետք լինի՝ զորք էլ կմտցնենք»: Նաեւ հայտարարել էին, թե Ջավախքը կարող է դառնալ Հայաստանի համար՝ 2-րդ, իսկ Վրաստանի համար 4-րդ հնարավոր ճակատը: Եվ այս բոլոր հայտարարություններն արել էին հենց «Ջավախք» խորհրդում «Ազատագրված տարածքների պաշտպանություն» նախաձեռնության ներկայացուցիչ Հրազդան Մադոյանը եւ Գագիկ Գինոսյանը, որոնք եւ հրավիրվել էր ԱԱԾ եւ նախազգուշացվել, որ կենթարկվեն քրեական պատասխանատվության, եթե շարունակեն հանդես գալ նման կոչերով: Հրավիրվել էր նաեւ «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը, որն «Ազատություն» ռ/կ-ին հայտնեց, թե ԱԱԾ-ն համարում է, որ հենց ինքն է «Ջավախք» խորհրդի գործունեությունը կազմակերպողը եւ հրահրողը: Եվ հետագա իր պնդումներով ապացուցեց, թե դա հենց այդպես է, քանի որ ի հակադրություն այն փաստարկի, որ նման հայտարարությունները վատ անդրադարձ են ունենում հայ-վրացական հարաբերությունների վրա՝ Ժիրայր Սեֆիլյանը պնդեց, թե «ճիշտ հակառակը»՝ հարկ է օգտագործել դրանք: Նաեւ հրաժարվեց ստորագրել փաստաթղթի ներքո, որով պարտավորվում է ձեռնպահ մնալ ազգամիջյան թշնամանք հրահրող ելույթներից: Երեկ էլ «Լրագրին» հպարտորեն հայտարարեց. «Շարունակելու եմ նույն գործունեությունը: Համոզված եմ, որ հայ մարդը ոչ միայն իրավունք ունի, այլեւ, այս օրերին հատկապես, պարտավոր է խոսել Ջավախքի եւ ազատագրված տարածքների մասին»: Հիմա խնդիրն այն չէ, որ Ժիրայր Սեֆիլյանը փորձում է ներկայացնել, թե իրեն ԱԱԾ են կանչել Սերժ Սարգսյանի հրահանգով, եւ իրական պատճառը ՊՆ նախարարի հասցեին իր քննադատությունն է (եթե չենք սխալվում՝ վերջին մի քանի տարիներին այս կազմակերպությունը գրեթե միշտ է քննադատել Սերժ Սարգսյանին): Խնդիրն այն է, թե ինչպես ի պաշտպանություն ԱԱԾ կանչվածների՝ սկսեցին հանդես գալ մարդիկ, որոնք հարկ է, որ գիտակցեին վերոշարադրյալ հայտարարությունների վտանգավորությունը, եւ ակնկալեին, որ Վրաստանում էլ թողտվությամբ չեն վերաբերվի իրենց ծայրահեղականների ելույթներին: Սակայն արդեն 1-2 հայտարարություն հրապարակվեց, իսկ ալեհեր ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանն էլ հուզված ելույթ ունեցավ՝ ի պաշտպանություն ճնշված Սեֆիլյանի: Նկատենք, որ նույն Ռաֆայել Ղազարյանը իր ստորագրությունն է դրել մեկ այլ «ի պաշտպանություն» փաստաթղթի ներքո, որը որոշակի առնչություն ունի այս խնդրին: Ժամանակին մենք հրապարակել ենք «Դրո» գործի այն նյութերը, որոնք վկայում են, թե Ժիրայր Սեֆիլյանն այդ ահաբեկչական խմբի վարչության մարմնի անդամ էր, եթե ոչ՝ հենց ղեկավարը: Այդ ժամանակ պրն Սեֆիլյանը դաշնակցական էր (հետո հեռացվեց), եւ նրանով ավարտվո՞ւմ էր շղթան, թե՞ ոչ՝ հայտնի չէ: Քանի որ նախաքննության ընթացքում պրն Սեֆիլյանը բարեհաջող հեռացավ Հայաստանից Լիբանան եւ վերադարձավ միայն իշխանափոխությունից հետո: Իրավապահներն այլեւս փորձ չարեցին նրան հարցեր ուղղել այդ գործի մասին: Մի անգամ մենք փորձեցինք ուղղել «Դրո»-ի նյութերից բխող հարցադրումներ, սակայն պրն Սեֆիլյանը հրաժարվեց՝ նշելով, թե դեռ այդ մասին խոսելու ժամանակը չէ: Դատարանում նախընտրեց լռել նաեւ «Դրո» գործի մեկ այլ առանցքային դեմք՝ դարձյալ Լիբանանի քաղաքացի եւ դարձյալ հետագայում Դաշնակցությունից արտաքսված Արսեն Արծրունին: Սակայն վերջերս պարզվեց, որ կազմակերպված է նրան ազատ արձակելու խնդրանքով ստորագրահավաք: Արծրունու ինտերնետային սեփական կայքում տեղադրված է Ռոբերտ Քոչարյանին, Արթուր Բաղդասարյանին եւ Անդրանիկ Մարգարյանին ուղղված բաց նամակը. «Օրենքի ամբողջ խստությամբ 11 տարիների ազատազրկումը քայքայել է ընտանիքի հայր, պարկեշտ ամուսին, հայրենասեր մտավորական Արսեն Արծրունու առողջությունը՝ սպառնալիքի տակ դնելով նրա վաղվա օրն ու այն լիարժեք ապրելու հետզհետե նվազող հույսը»: Շատ հետաքրքիր է՝ իսկ արդյոք այդ տողերի տակ ստորագրած անձինք տեղյա՞կ են, որ այդ «հայրենասեր մտավորականի» եւ նրա «Դրո» խմբի զոհեր դարձան 3 հոգի, որոնց առողջությունը քայքայվեց, իսկ ապրելու հույսը մարեց անդառնալիորեն: Եվ սպանությունները դեռ «Դրո» խմբի ողջ գործունեությունը չեն, որի համար նաեւ Արսեն Արծրունին, չնայած իշխանության փոփոխությանը՝ շարունակում է մնալ ցմահ ազատազրկված: Այսուհանդերձ, մեր հետեւյալ մտավորականները հարկ են համարել իրենց ստորագրությամբ միջնորդել նրա ազատ արձակման համար՝ Սիլվա Կապուտիկյանը, Սոս Սարգսյանը, Ջիվան Գասպարյանը, Ռազմիկ Դավոյանը, Զորի Բալայանը, Վահե Շահվերդյանը, Վանուշ Խանամիրյանը, Վահագն Ստամբոլցյանը, Սուրեն Գյանջումյանը, Վլադիմիր Աբաջյանը, Ալբերտ Յավուրյանը, Լեւոն Թոքմաջյանը, Ժիրայր Դադասյանը, Նադեժդա Սարգսյանը, Դավիթ Բեջանյանը, Ռուբեն Մաթեւոսյանը, Վահան Արծրունին, Էմմա Պետրոսյանը, Արամոն, Շուշան Պետրոսյանը, Ռուբեն Հախվերդյանը, Վիգեն? Չալդրանյանը եւ այլք: Ուշագրավն այն է, որ այդ նամակի ներքո իրենց ստորագրություններն են դրել նաեւ բազմաթիվ լրագրողներ, որոնք գոնե պիտի հիշեին, թե ինչ էր «Դրո» ահաբեկչական խումբը: Եվ առավել ուշագրավ է, որ ի պաշտպանություն ՀՅԴ-ից արտաքսված Արսեն Արծրունու՝ ստորագրել են բազմաթիվ դաշնակցականներ: Այս փաստը կարիք ունի առանձին անդրադարձի: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել