Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԵ ՅՈՒՐԵ՝ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԴԵ ՖԱԿՏՈ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է

Մարտ 29,2006 00:00

ԴԵ ՅՈՒՐԵ՝ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ, ԴԵ ՖԱԿՏՈ՝ ԺԱՄԱՆԱԿԱՎՐԵՊ Է Խոսքն այս դեպքում «Արդարություն» դաշինքի մասին է Վերջերս «Արդարություն» դաշինքի փաստացի չգոյության մասին խոսակցությունները քաղաքական շրջանակներում նոր նրբերանգներ են ստացել: Ըստ շրջանառվող տեղեկությունների, սպասվում է, որ ապրիլին կհայտարարվի «Արդարություն» դաշինքի լուծարման մասին, որին, մեր աղբյուրների փոխանցմամբ, կհաջորդի Ստեփան Դեմիրճյանի գլխավորած ՀԺԿ-ի ու Ալբերտ Բազեյանի ղեկավարած «Ազգային վերածնունդ» կուսակցությունների միջեւ որակապես նոր դաշինքի ձեւավորումը: «Արդարություն» դաշինքի մամլո խոսնակ Ռուզան Խաչատրյանի կարծիքով, 9 կուսակցություններ միավորող այս դաշինքի լուծարման մասին խոսակցություններն արհեստական են, «որովհետեւ դաշինքը ստեղծվել էր 2003թ. խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ու մինչեւ ԱԺ նոր ընտրություններ գործելու նպատակով, իսկ նոր ընտրություններին քիչ ժամանակ է մնացել»: Ռ. Խաչատրյանի մատուցմամբ, դաշինքը, որպես իրավաբանական անձ, գոյություն չունի, ուստի՝ չկա նաեւ այն լուծարելու որեւէ մեխանիզմ, քան դաշինքին անդամակցող կուսակցությունների կողմից դաշինքից դուրս գալու մասին հայտարարություն անելը, ինչն, ի դեպ, առայժմ ոչ մի կուսակցություն չի արել: Արդյոք ՀԺԿ-ն բավարարվա՞ծ է «Արդարության» այսօրվա գործունեության ու ընդհանրապես՝ դաշինքի գոյության արդյունավետությամբ: «ՀԺԿ-ին շատ բաներ չի բավարարել այս ամբողջ տարիների ընթացքում: Մյուս կողմից, ՀԺԿ-ն դաշինքի առանցքային կուսակցություններից է, ուստի՝ մենք մեզ պարտավորված ենք զգում առաջին հերթին ընտրողների առջեւ՝ այն քվեների համար, որոնք դաշինքը ստացել է: Հիմա կանգնել ու հայտարարել, որ դաշինքը լուծարում ենք՝ գտնում ենք, որ ազնիվ չէ ընտրողների նկատմամբ: ՀԺԿ-ն նման նախաձեռնությամբ հանդես չի գա, ու դրա իմաստն էլ չենք տեսնում: Բայց որ դաշինքի անդամ կուսակցությունները պետք է ազնիվ լինեն իրար նկատմամբ՝ ակնհայտ է: Յուրաքանչյուր կուսակցություն ինքը պետք է հասկանա ու ազնվորեն հայտարարի այն տեղը, որտեղ իրեն տեսնում է ու ոչ թե ընտրություններից առաջ այս ու այն կողմ նետի իրեն»,- նկատեց Ռ. Խաչատրյանը, որի դիտարկմամբ, այսօր ոչ միայն «Արդարությունը», այլեւ դաշինքից դուրս ու ընդդիմադիր դաշտում գործող մյուս կուսակցությունները եւս անցումային փուլում են գտնվում: «Հիմա դաշինքի անդամ կուսակցությունները՝ ի դեմս «Արդարություն» խմբակցության, ավելի ակտիվ են ԱԺ-ում, ինչը, կարծում եմ, պատահական չէ ու շատ անհրաժեշտ է»,- ասաց Ռ. Խաչատրյանը: Դաշինքի պասիվությունը նա բացատրեց «տեխնիկական առկա խնդիրներով»՝ սեփական գործունեությունը «վերաիմաստավորելու անհրաժեշտությամբ»: Ինչ վերաբերում է ՀԺԿ-«Ազգային վերածնունդ» համագործակցությանը, ապա Ռ. Խաչատրյանը դժվարացավ ասել, թե ընտրությունների շեմին ինչպիսին կարող են լինել այդ կուսակցությունների հարաբերությունները. «Հավանականությունների մասին չեմ ուզում խոսել, որովհետեւ տարբեր ձեւաչափերի համագործակցություններ հետագայում՝ մինչեւ հաջորդ ընտրությունները, հավանական են: Հնարավոր է, որ ՀԺԿ-ն առաջիկա ընտրություններին միայնակ գնա, ինչն, ի դեպ, ՀԺԿ անդամների մեծամասնության ցանկությունն է: Բայց դա դեռ պետք է քննարկվի նախ՝ ՀԺԿ վարչության նիստում, հետո նաեւ տարեվերջին՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, կայանալիք համագումարում: Բայց որ Ա. Բազեյանի ու նրա գլխավորած կուսակցության հետ սերտ համագործակցություն կա՝ անժխտելի է»: Ռ. Խաչատրյանը միաժամանակ դժվարացավ ասել, թե այդ կուսակցությունների համագործակցությունը միայն երկկո՞ղմ բնույթ է կրում, թե՞ «Ազգային վերածնունդը» նույնքան սերտորեն համագործակցում է նաեւ դաշինքի այլ կուսակցությունների հետ: Որ «Հանրապետություն» կուսակցության նախկին անդամներն այդ կուսակցության հետ ընդհանրապես առայժմ չեն համագործակցում՝ փաստեց նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ ու մամլո խոսնակ Սուրեն Սուրենյանցը: Ի տարբերություն իր գործընկեր Ռ. Խաչատրյանի դիտարկումների, Ս. Սուրենյանցն անդրադառնալով դաշինքի հնարավոր լուծարմանը՝ ասաց. «Թե՛ քաղաքական օրացույցով, թե՛ քաղաքական տրամաբանությամբ «Արդարություն» դաշինքն ապրում է իր քաղաքական մայրամուտը: Կարծում եմ, ընդդիմադիր դաշտում առաջիկայում սպասվում են քաղաքական որակական փոփոխություններ, ու շուտով «Արդարություն» դաշինքի թեման այլեւս հրատապ լինել չի կարող»: Արդյո՞ք սա տեղ է թողնում ենթադրելու, որ «Հանրապետություն» կուսակցությունն ինքը կարող է առաջիկայում դաշինքը լքելու մասին հայտարարություն անել: «Դաշինքից դուրս գալն անիմաստ ենք համարում, որովհետեւ այդ դաշինքին արդեն իսկ հաշված շաբաթներ կամ ամիսներ են մնացել: Չմոռանանք, որ դաշինքը կոնկրետ նպատակով էր ստեղծվել: «Արդարությունը» տեխնոլոգիական դաշինք էր: Հիմա նմանատիպ դաշինքների ժամանակը, կարծում եմ, անցել է: Մեր կուսակցությունը խնդիր ունի դառնալու այն առանցքը, որը պիտի միավորի հասարակության այն խմբերին, որոնք առաջնորդվում են ազատական արժեքներով: Բայց այս պահին մեր կուսակցության օրակարգում որեւէ այլ քաղաքական ուժի հետ նոր դաշինք ձեւավորելու խնդիր գոյություն չունի»,- կարծիք հայտնեց Ս. Սուրենյանցը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել