Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄՈՍԿՎԱՆ՝ ԱՌԱՋԻՆ ՓՈՐՁԱՔԱՐ

Մարտ 29,2006 00:00

Ապրիլի 25-28-ը Մոսկվայում անցկացվելու է հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը Հայաստանի ազգային հավաքականի համար պաշտոնական առաջին լուրջ մեկնարկն է լինելու «Մրցաշրջան 2006»-ում:

Ինչպե՞ս են մրցագորգի հայաստանցի վարպետները նախապատրաստվում այդ կարեւոր մեկնարկին, առավել եւս, որ ՀԱՕԿ-ի եւ սպորտի պետական կառույցի ղեկավարները, սկսած այս տարվանից, մեր հենակետային մարզաձեւերի ազգային հավաքականների առջեւ հստակ ու լուրջ խնդիրներ են դրել: «Առավոտի» հարցերին պատասխանում է հունահռոմեական ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը:

– 2006 թվականը հագեցված է լինելու տարբեր մակարդակի մրցաշարերով: Ի՞նչ ծրագրեր ունեք:

– Տարին սկսեցինք Երեւանում կազմակերպված ուսումնամարզական հավաքներով: Այնուհետեւ մեկնեցինք Ֆրանսիա՝ մեր առաջին միջազգային ներկայացուցչական մրցաշարին, որտեղ նվաճեցինք երեքական 1-ին եւ 3-րդ տեղ: Դրանից հետո Իրանից տուն բերեցինք 2 «արծաթ» եւ 1 «բրոնզ»: Հիմա հավաքական թիմերի կենտրոնում պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը: Ապրիլի 4-ին մեկ շաբաթ դադար կտանք: Հետո 12-25-ը կրկին կվերադառնանք, որից հետո կմեկնենք Մոսկվա:

– Քանի՞ մարզիկ է մասնակցում հավաքներին:

– Քսան ըմբիշ, երեք մարզիչ, բժիշկ եւ մերսորդ:

– Ինչի՞ վրա եք գլխավոր ուշադրությունը դարձնում:

– Սա նախապատրաստության երկրորդ փուլն է: Շեշտը դրված է հատուկ ֆիզպատրաստականության եւ տեխնիկատակտիկական պատրաստվածությունը բարձրացնելու վրա: Իսկ վերջին հավաքը նվիրվելու է հատուկ մասնագիտականին, որի ավարտին ըմբիշները պետք է հասնեն մարզավիճակի գագաթնակետին:

– Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան ձեր ոճում կանոնների արմատական փոփոխություններ է կատարել, որոնք բավականին բարդացրել են մարզիկների վիճակը՝ մրցավարներին տալով մենամարտի ելքը սուբյեկտիվորեն վճռելու իրավունքներ: Դրանից, ինչպես շատերը, այնպես էլ մերոնք, արդեն հասցրել են տուժել…

– Եվ բոլորն էլ դժգոհ են նոր կանոններից: Մենք հիմա մարզումների ժամանակ հատուկ աշխատում ենք, որպեսզի մեր ըմբիշները հարմարվեն նոր կանոններին եւ գորգում մարտավարեն այդ նոր պահանջներին համապատասխան ձեւով:

– Եվրոպայի առաջնությունում ո՞ր քաշային կարգերում ներկայացուցիչ կունենանք:

– Բացի ծանրից, մնացած վեց քաշերում լավ ըմբիշներ ունենք:

– ՀԱՕԿ-ի նախագահը վերջերս հաստատեց, որ Ռուսաստանից ըմբիշներ է գնել, ովքեր կարող են հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո: Հնարավո՞ր է, որ ծանր քաշում նրանցից մեկը հանդես գա:

– Այդ հարցին այս պահին պատասխանել չեմ կարող:

– Այսօր կարո՞ղ եք անուններ տալ, թե ովքեր են մեկնելու Մոսկվա:

– Գիտեմ, բայց հիմա չեմ ասի: Դա հոգեբանորեն կազդի բոլորի վրա: Իսկ նրանք դեռ պետք է քրտնաջան մարզվեն:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել