Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պատվի համարը»՝ այսօրվա մասին

Մարտ 29,2006 00:00

Գ.
Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում մարտի 30-ին կկայանա Շիրվանզադեի
հայտնի դրամայի պրեմիերան՝ նվիրված հայ անվանի բեմադրիչ Վ. Աճեմյանի ծննդյան 100-ամյակին:
Սովորաբար մասնագետների ու հանդիսատեսի կարծիքը, խոսքը այս կամ այն պրեմիերայի
առիթով «Առավոտը» ներկայացնում է առաջին կամ երկրորդ բեմելից հետո: Այս անգամ մեր
շտապողականությունը պայմանավորված է Սունդուկյանի անվան թատրոնի ընդդիմադիր դերասանների
հիացմունքով՝ հանդեպ այս ներկայացումը: Զրուցեցինք թատերագետ, դրամատուրգ Վալերի
Թումասյանի հետ: Ընդ որում, վերջինս համաձայնեց խոսք ասել պրեմիերայից առաջ, քանի
որ ինքը ներկա էր գտնվել ե՛ւ փորձերին, ե՛ւ բեմադրության «հանձնման արարողությանը»:
Այս դրամայի կենտրոնաձիգ ուժը, ինչպես հայտնի է, պատիվ հասկացությունն է,
որով առաջնորդվում էին մեր նախնիները: Հնում դա շատ մոդայիկ էր ու դրանով համակված
էին թե կանայք ու տղամարդիկ, թե հայրերն ու զավակները, թե հարուստներն ու աղքատները:
Թե ինչն է ազդակ հանդիսացել թատրոնի գլխավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանի համար՝ անդրադառնալու
«Պատվի համարին», Վ. Թումասյանն ասաց. «Ազգային թատրոնում այս դրաման բեմադրելու
ազդակը մեր կյանքն է, որն այնքան հեռվից կանխատեսել է Շիրվանզադեն: Երեւի դասականը
դասական է իր դասերով: Բեմադրիչ Շահվերդյանը մի դաս էլ առել է ժամանակին թատրոնի
բարենորոգիչ Եվգենի Վախթանգովից, որն իր հետեւորդներին ավանդել է հետեւյալը՝ այն,
ինչ կատարվում է բեմում, կատարվում է այստեղ, այսօր, մեզ հետ: Սա է թատրոնը միշտ
կենդանի պահելու միակ դեղամիջոցը»: Վերջին փորձից արված լուսանկարում Էլիզբարյանը
(Արմեն Մարության) շրջապատված է գայթակղիչ կանանցով: Վ. Թումասյանն այս առիթով ասաց.
«Դիմել դասական արժեքների, նշանակում է գտնել ենթադրվող իրականության նոր գոյաձեւ:
Սա այն դժոխքը չէ, երբ թատերային ձեւը փնտրվում է դրամատուրգիական բովանդակությունից
դուրս, հանուն դերասանից դուրս գործող ռեժիսուրայի, բեմանկարչության եւ բեմական անհասցե
հանդերձի: Ընտանեկան դրամայից դեպի էպիկական թատրոն ոտնահարված է անհատի, անձի, մարդու
իրավունքը, այստեղ՝ ժողովրդի, մարդկության (նկատի ունի մեր հասարակությունը- Ս. Դ.):
Այնտեղ Էլիզբարյանի աջակիցը ընդամենը մի խորամանկ արարած է, այստեղ՝ մի ողջ թիկնազոր,
հրոսակախումբ, որ կոչվում է ընտանիք, կլան, կոռուպցիա»: Հարցին՝ «Պատվի համարը» ունի՞
այդ հնարավորությունը, Վ. Թումասյանի համոզմամբ՝ այո, այն իր ներքին բովանդակության
մեջ է: Բեմադրությունում ներգրավված դերասանների մասով էլ, եւ այն դիտարկմանը, թե
Սունդուկյանի թատրոնում այսօր չկան ներսիսյաններ ու փափազյաններ, ավելին՝ շրջանառվում
են լուրեր, թե քայքայվել է թատրոնի դերասանական տնտեսությունը, Վ. Թումասյանը հայտնեց
հետեւյալը. «Ազգային նկարագրով, արտիստական բացառիկ անհատներով երբեմնի հարուստ այս
թատրոնում այսօր աշխատում է մի սերունդ, ում դերասանական արվեստը հարուստ է այնքանով,
որքան յուրաքանչյուրի անձը: Այո, թատրոնում չկան հանճարներ, տիտաններ, բայց կան ակներեւ
հնարավորությունների տեր համեստ մշակներ»: Ըստ մասնագետի, Էլիզբարյանի դերակատար
Ա. Մարությանը ինչ անում է բեմում՝ դուրս չէ դերասանական իր տարերքից ու բեմական
կերպարի համար նախատիպեր որոնելու եւ վերաստեղծելու նախասիրությունից (մեր ժամանակների
հայ օլիգարխ խմբիշխանության տիպար): Անսպասելի է նաեւ դերասան Ազատ Գասպարյանի Սաղաթելը
(ա՜յ քեզ գործ կպցնող), իսկ Սամվել Փիլոյանի Օթարյանը շփոթված մտավորական է (ուզում
ես՝ ազնիվ համարիր, ուզում ես՝ հարիֆ): Նելլի Խերանյանի մտախոհ դեմքով օրիորդ Մարգարիտն
էլ ինչու է պատիվը օժիտ համարում ու նահատակվում՝ չես հասկանում: «Հանդիսատեսը բեմից
կարող է իր համար քաղել բաներ, որոնք կատարվել կամ կարող են կատարվել իրենց հետ»,-
զերծ մնալով պրեմիերայի շուրջ ավելի ընդարձակվելուց, մասնագետի իր խոսքն այսքանով
ավարտեց Վ. Թումասյանը: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել