Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՋԱԶԸ ԱԶԱՏԱՏԵՆՉՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ Է»

Մարտ 29,2006 00:00

Ըստ
բրիտանացի ջազմեն Աբրամ Ուիլսոնի՝ հենց այս պատճառով է այն սիրելի բոլոր ժողովուրդներին
Հայաստանում Բրիտանական խորհրդի գրասենյակը, բրիտանացի ջազմեններ Գարի Քրոսբիի
եւ Աբրամ Ուիլսոնի հետ համատեղ, «Ապագայի զինվորներ» կրթական ծրագրի շրջանակներում
երիտասարդ հայ ջազ երաժիշտների համար անցկացնում է վարպետության դասընթացներ: Այնուհետեւ
այստեղ կստեղծվի հայկական «Ապագայի զինվորներ» խումբը: Մարտի 30-31-ին «Ավանգարդ»
ֆոլք-ակումբում հայ երիտասարդները հանդես կգան բրիտանացի երաժիշտների հետ համատեղ:
Շեփորահար, կոմպոզիտոր Աբրամ Ուիլսոնը սիրով հարցազրույց տվեց «Առավոտին»: –
Ինչպիսի՞ տպավորություն ունեք հայ երիտասարդներից, որոնց հետ աշխատում եք: –
Փայլուն երիտասարդություն ունեք, բավական կիրք ու ցանկություն ունեն ջազ նվագելու,
սով ունեն ջազ լսելու: Ես հույս ունեմ, որ այդ երիտասարդներից շատերը կարող են պրոֆեսիոնալ
մակարդակով իրենց դրսեւորել լավագույն բեմերում: Հիմա ես ավելի շատ կենտրոնացած եմ
նրանց կատարողականի, իմպրովիզացիոն հմտությունների զարգացման վրա, նաեւ ուզում եմ,
որ այս երիտասարդները նախ սովորեն իրար լսել, որպեսզի ավելի ներդաշնակ հանդես գան:
Հույս ունեմ՝ շաբաթվա վերջին կայանալիք համերգին նրանք մեկ մարդու նման կնվագեն:
Մանավանդ՝ այդ համերգը յուրատեսակ հաշվետվություն է լինելու մեր աշխատանքի արդյունքի:
– Ըստ ձեզ ո՞րն է գաղտնիքը, որ ջազը սիրելի է բոլոր ժամանակներում, բոլոր
ազգությունների համար: – Ջազը հիմքն է այսօրվա երաժշտական շատ ուղղությունների:
Գաղտնիք չէ, որ սեւամորթներս ենք ստեղծել այն: Մենք ամեն նորի կողմնակիցն ենք, նաեւ
եղածը նորովի ներկայացնելու: Ջազը ծնունդ է ստրկության դեմ պայքարի ու ազատատենչության
խորհրդանիշ է, հետեւաբար այն սիրելի է բոլոր ժողովուրդներին ու սերունդներին: –
Ծանո՞թ եք հայկական երաժշտությանը: – Ինձ այսօր տվեցին հայկական երաժշտության
CD-ներ, մի քանի կտոր եմ դեռ լսել, բայց շատ եմ հավանել: Հատկապես դուր եկավ օրորոցային
մի երգ: – Առաջին անգամ եք Հայաստանում, տպավորությունները՝ երկրից, մարդկանցից,
հայ ջազմեններից: – Ինձ հետաքրքրել է Հայաստանը, բավական լավ երաժիշտներ կան,
շատերի հետ դեռ չեմ հասցրել ծանոթանալ զբաղվածությանս պատճառով: «Պապլավոկում» մենք՝
ես ու Գարին նախօրեին ջեմ սեշն նվագեցինք ու հրաշալի ստացվեց: Հասցրել եմ ծանոթանալ
միայն Վահագն Հայրապետյանի հետ, բարձրակարգ երաժիշտ է: – Ձեր պարապմունքներն
անցկացնում եք «Ավանգարդ» ֆոլք-ակումբում, ձեր կարծիքը տանտիրոջ՝ Արտո Թունջբոյաջյանի
եւ Armenian Navy Band-ի մասին: – Գիտեմ, որ շատ լավ խումբ է: Հույս ունեմ,
որ նրանց դեռ կհասցնեմ լսել: Լսել եմ նաեւ, որ Արտոն տաղանդավոր երաժիշտ է: Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել