Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՐԱՆՑԻՆԵՐԸ ԽԱԲՎԱ՞Ծ ԵՆ

Մարտ 29,2006 00:00

Հունվարի
10-ի համարում «Առավոտը» «Ոչ մաքուր բիզնե՞ս» վերնագրով լուր էր հրապարակել: Ըստ
այդ լուրի, Հայաստանում գործում է «Արազ» անունով մի կազմակերպություն, որի բիզնեսը
Իրանից եկած ուսանողներին կացարանով ապահովելն է: Նաեւ հայտնել էինք մեր տեղեկությունը,
թե իրանցիների բողոքների հիման վրա այդ կազմակերպության ղեկավարները ձերբակալվել
են: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ձերբակալվել է «Արազի» հայաստանյան մասնաճյուղի՝ «Դպիրշինի»
ղեկավար Համլետ Կրասկյանը: «Արազի» ներկայացուցիչ Հայկուշ Գեւորգյանն էլ մեզ հայտնեց,
թե իսկապես, ԱԱԾ մեկուսարանում է գտնվում Հ. Կրասկյանը, սակայն, ըստ նրա, այս 2 կազմակերպությունները
միմյանց հետ կապ չունեն: Նա նաեւ մեզ ասաց, թե խնդիրները հարթվել են եւ պրն Կրասկյանը
շուտով ազատ կարձակվի: Մինչ օրս, սակայն, նա մեկուսարանում է: Խնդիրը հետեւյալն
է: Իրանցի ուսանողները բողոքել են Հայաստանում Իրանի դեսպանատուն, թե Իրանում «Արազի»
հետ հայաստանյան բուհերում սովորելու մասին պայմանագիր կնքելով, նրանք հայաստանյանում
ստիպված են լինում բուհեր մտնել՝ «Դպիրշինին» եւս 425 դոլար մուծելուց հետո միայն:
Այնինչ՝ այս հարցում, ըստ համապատասխան կարգի, միջնորդ չպետք է լինի, ուսանողները
պետք է բուհ մտնեն ԿԳ նախարարության կամ, եթե պայմանագիրը միջբուհական է, տվյալ բուհի
«դաբրոն» ստանալով միայն: Դեսպանատունն էլ այս հարցով դիմել էր արտգործնախարարություն,
վերջինս էլ՝ ԱԱԾ, եւ արդյունքում ձերբակալվել էր Կրասկյանը: Մինչդեռ, Հայկուշ Գեւորգյանը
մեզ ասում էր, որ «Դպիրշինը» նման գործունեություն ծավալելու համար համապատասխան
պայմանագիր ունի ԿԳՆ-ի հետ: Մեր տեղեկություններով, հենց այս պայմանագրի հիման վրա
են փաստաբաններն ուզում ազատել Կրասկյանին, սակայն վերջինս, ըստ որոշ լուրերի, իր
վրա է ուզում վերցնել ողջ մեղքը: Մենք այս ամենի եւ ներքոշարադրյալի մասին պարզաբանում
էինք ուզում ստանալ նաեւ «Արազի» ու «Դպիրշինի» ներկայացուցիչներից եւ սպասում ենք
արդեն 1.5 ամիս, սակայն պարզաբանումն այդպես էլ չի տրվում: Վերոնշյալ լուրերի
հրապարակումից հետո մեզ դիմեցին հայաստանյան բուհերում սովորող մի քանի իրանցի ուսանողներ
(նրանց անունները չենք նշում, սակայն պահպանել ենք բոլոր ձայնագրությունները). «Դիմորդների
թիվը մեզ մոտ շատ մեծ է, մրցույթն էլ, վարձավճարներն էլ՝ շատ բարձր, հետեւաբար մեզ
համար ավելի հեշտ է այստեղ բուհեր ընդունվել: «Արազի» միջոցով իմացանք, որ հնարավոր
է գալ այստեղ սովորելու,- պատմում է նրանցից մեկը:- Բացի այդ, մեզ մոտ հայերի մասին
շատ լավ կարծիք էր ձեւավորված, մենք շատ էինք վստահում նրանց: Եթե պետք էր մի արհեստավորի
դիմել, մենք դիմում էինք հենց հայի: Բայց «Արազը» փոխեց մեր կարծիքը հայերի մասին,
հայի անունը շատ են փչացրել»: Մի կարեւոր հանգամանք. Իրանում այս ուսանողներին
հայաստանյան բուհերի ցանկը ներկայացնելիս՝ առաջարկել են նաեւ Եվրոպական տարածաշրջանային
համալսարանը: Ընդ որում, նրանցից շատերն ընտրել են հենց այս բուհը, քանի որ «Արազի»
ներկայացուցիչներն ասել են, թե այս բուհից, լավ սովորելու պարագայում, կարող են մեկնել
Գերմանիա՝ ուսումը շարունակելու: Սակայն գալով Հայաստան եւ մեկ տարի սովորելով այս
բուհում, պարզվել է, որ այս բուհի դիպլոմն իրենց երկիրը չի ճանաչում: Շուտով առաջ
է եկել բուհից բուհ տեղափոխվելու հարցը: Եվ հենց այդ պահին հայտնվել է «Արազի» կամ
«Դպիրշինի» (ուսանողները հավաստիացնում են, որ այս 2 կազմակերպությունները գործում
են փոխկապակցված) ներկայացուցիչը եւ առաջարկել իր ծառայությունները՝ ցանկացած բուհ
տեղափոխվելու հարցում օգնելու համար: Նույն ուսանողի ներկայացմամբ «բուհից բուհ տեղափոխվելու
համար մոտ 12 քննություն պետք է հանձնեինք, որը «արժեր» 1100 դոլար: Բացի այդ, փաստաթղթերը
փոխելիս նախարարությունում ասացին, որ սպիդի թղթի ժամկետը լրացել է: Չէի կարող գնալ
իմ երկիր՝ թուղթ բերելու, որովհետեւ բանակի խնդիր ունենք, եւ այդ ժամանակ հայտնվեց
Զորիկ անունով մեկը, որ այդ կազմակերպությունների ու ուսանողների շրջանում միջնորդ
դեր է կատարում, եւ ասաց, որ հարցը կարող է լուծել: Մինչ այդ, նախարարության կինը,
որի վզից բջջային էր կախված (աշխատակցուհուն միայն այդպես կարողացան ներկայացնել-
Հ. Բ.), ասում էր, որ ճանապարհ չկա, ելք չկա, բայց, փաստորեն, այդ մարդը ճանապարհ
բացեց, ասաց՝ 150 դոլարով թուղթ կտա»: «Առաջին հայացքից «Արազի» հետ կնքված
պայմանագիրը շատ նորմալ է, բայց ոչ մի պատասխանատվություն նրանք չեն կրում որեւէ
խնդրի համար: Եթե սենյակդ ջուր կաթա, եւ այլ խնդիր, իրենք պատասխանատու չեն»,- ասում
է իրանցի մեկ այլ ուսանող: Թեհրանում այս երեխաներից մեկ ամսվա համար 300-ական
դոլար վերցրել են հանրակացարանի համար, ընդ որում՝ նախապես պահանջել են միանգամից
1 տարվա գումարը, «լավագույն դեպքում՝ կհամաձայնեն 6 ամսվա համար վերցնել, բայց պայմանագրում
նման կետ չկա: Միայն գրասենյակում գրանցվելու համար վերցրել են 200 դոլար (հիմա 400-ի
է հասնում): Եկանք Հայաստան, տեսանք, որ հանրակացարանում պայմաններն այն չեն, ինչ
նկարագրվում էր: Դեռ 3 տարի առաջ էր, երբ եկանք, մեզ 25 օր պահեցին ինչ-որ հյուրանոցում:
Միայն նախաճաշ են տվել, այն էլ ահագին համոզելուց հետո: Ոչ լեզու գիտեինք, ոչ բան:
Մի մարշրուտնի տանում էր մեզ քաղաք, բերում: Իսկ հանրակացարանում (խոսքը Նորքի զանգվածի
ուսանողական հանրակացարանի 6-րդ մասնաշենքի մասին է) անորակ ճաշեր էին տալիս: Այնպես
որ, որոշեցինք դրսում ուտել, թեեւ արդեն ուտելու համար էլ էինք վճարել: Եթե հարազատներից
մեկը գալիս էր մեզ մոտ, պետք է գիշերվա համար 10 դոլար վճարեր: Մեզ վրա շատ թանկ
նստեց ուսումը: Եթե հանկարծ որոշեի պայմանագիրը խզել, 300 դոլար պետք է մուծեի…»:
Պատրաստ ենք տպագրել նաեւ ցանկացած պարզաբանում, եթե այս հարցերով պատասխանատու
անձինք վերջապես որոշեն մեզ տրամադրել դրանք: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել