Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱԶԻ՛Ր, ԱԺ, ՎԱԶԻ՛Ր

Մարտ 29,2006 00:00

ՎԱԶԻ՛Ր,
ԱԺ, ՎԱԶԻ՛Ր Դժվար է պատկերացնել մեր, մեծ մասամբ, պարարտ մարմիններով
եւ շնչառական խնդիրներ ունեցող պատգամավորներին վազելիս: Իսկ այ, լեհերը պատկերացրել
են եւ մարտի 21-ին հայ պատգամավորներին պաշտոնական հրավեր են հղել՝ մասնակցելու Խորհրդարանների
պատգամավորների 4-րդ համաշխարհային մարաթոնին: Այն ենթադրում է մի շարք պայմաններ.
«Վազորդները պարտավոր են հայտարարագիր լրացնել առ այն, որ տեղյակ են մարաթոնի ընթացքում
հնարավոր ռիսկերի մասին եւ, որ նրանց առողջական վիճակը հնարավորություն է տալիս մասնակցելու
մրցավազքին: Մրցավազքի բոլոր մասնակիցները ապահովագրվում են վազքի ժամանակ հնարավոր
դժբախտ պատահարների համար: Արգելվում է մրցուղում ցանկացած փոխադրամիջոցի օգտագործումը՝
բացառությամբ ինքնուրույն տեղաշարժվելու սահմանափակումներ ունեցող անձանց»: Վերջինս
հատկապես կարեւոր զգուշացում է՝ այլապես հայ պատգամավորները մարաթոնին կմասնակցեին
իրենց «Ջիփ»-երով ու «Համեր»-ներով: Հայաստանում Լեհաստանի դեսպանությունը
մեր պատգամավորներին տեղեկացրել է. «Խորհրդարանների պատգամավորների համաշխարհային
մարաթոնը եւ Կիսամարաթոնյան առաջնությունը շատ առանձնահատուկ իրադարձություններ են,
որոնք հնարավորություն են տալիս քաղաքականությամբ զբաղվող մարդկանց փորձել իրենց
հնարավորությունները միջազգային սպորտային մրցաշարում։ Սա մարտահրավեր է բոլոր նրանց
համար, ովքեր ուզում են հաղթահարել մարաթոնյան երկար տարածությունը, ինչպես նաեւ
հնարավորություն՝ հանդիպել եւ փորձի փոխանակում իրականացնել ողջ աշխարհից ժամանած
պատգամավորների հետ։ Բացի մարզական ասպեկտից՝ առաջնությանը մասնակցությունը ունի
նաեւ խորհրդանշական կողմ, դրա ընդհանուր նպատակը միավորում է մասնակիցներին՝ վեր
դասելով նրանց քաղաքական, մշակութային կամ ազգային բաժանումներից»։ Մարաթոնը կկայանա
Կրակովում 2005-ի մայիսի 7՟ին: Իսկ մինչ այդ, եթե մեր քաղաքացիները հանկարծ փողոցում
տեսնեն «տռուսիկ-մայկայով» վազող որեւէ պատգամավորի՝ թող չզարմանան. գուցե նա պատրաստվում
է մասնակցել մարաթոնի: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել