Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դեռ չեն անդամակցել, բայց կուսբջիջներ են ստեղծում

Մարտ 29,2006 00:00

«Միավորում հանուն Հայաստանի» կուսակցության շուրջ լուրերը շարունակում են մնալ հակասական

«Ժողպատգամավոր» խմբի անդամ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության խորհրդի անդամ Լեւոն Խաչատրյանը երեկ «Առավոտին» ասաց. «Առայժմ ո՛չ ես, ո՛չ Վահրամ Բաղդասարյանը չենք անդամակցել որեւէ կուսակցության: Որոշել ենք անդամակցել այնպիսի կուսակցության, որ մինչ այժմ հայտնի չի եղել քաղաքական դաշտում: Պատճառն այն է, որ չենք ցանկանում միանալ մինչ այժմ ակտիվ քաղաքականություն վարած որեւէ կուսակցության: Ընտրել ենք «Միավորում հանուն Հայաստանի» կուսակցությունը: Այժմ աշխատում ենք ծրագրի եւ կանոնադրության արմատական փոփոխության վրա: Այդ աշխատանքներն ավարտելուց, մեր համակիրների շրջանակը ճշտելուց եւ նրանց հետ համագումարում համաձայնեցնելուց հետո միայն կանդամակցենք այդ կուսակցությանը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ենք որպես քաղաքական միավոր: Մնալու ենք որպես «Ժողպատգամավոր» խմբի անդամ՝ մինչ մեր պատգամավորական լիազորությունների ավարտը եւ լինելու ենք նրա շահերի պաշտպանը»:

Վահրամ Բաղդասարյանն «Արմինֆո»-ի թղթակցին երեկ հայտնել է, թե հենց ինքն է մշակում կուսակցության կանոնադրությունը: Նաեւ հայտնել է, որ այսօր հանդիպելու է Լոռու մարզի բնակիչների հետ, եւ նախատեսվում է ձեւավորել կուսակցական առաջին բջիջը: Իսկ առաջիկա օրերի ընթացքում Վահրամ Բաղդասարյանը եւ Լեւոն Խաչատրյանը մտադիր են հանդիպումներ անցկացնել հանրապետության մարզերում՝ կուսակցության կառույցների ձեւավորման համար: Վահրամ Բաղդասարյանը տեղեկացրել է, որ կուսակցության ձեւավորման մասին որոշումն ընդունվել էր դեռ 6 ամիս առաջ: «Արմինֆո»-ն այս տեղեկությունը հավելել է, որ ավելի վաղ իր թղթակցի խնդրանքով մեկնաբանելով «Նիգ Ապարան» հայրենակցական միության հետ այս կուսակցության հնարավոր համախմբման մասին տեղեկությանը՝ Լեւոն Խաչատրյանն ասել էր. «Ես չեմ բացառում մեր կուսակցությանը «Նիգ Ապարան» կազմակերպության կողմից աջակցության ցուցաբերման հնարավորությունը: Ես նաեւ չեմ բացառում, որ 2007-ի խորհրդարանական ընտրությունների նախօրեին «Նիգ Ապարան» կազմակերպությունը կարող է հայտարարել մեր կուսակցության հետ իր համախմբման մասին»:

Եվս մի հավելում. երեկ «Առավոտի» հարցին, թե որքանո՞վ են հավաստի լուրերը, որ «Ժողպատգամավոր» խմբի ներսում կան տարաձայնություններ այս կուսակցության կապակցությամբ՝ խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը պատասխանեց. «Պետք է հիասթափեցնեմ բոլոր նրանց, ովքեր ցանկություն ունեն մեր խմբի ներսում տեսնել ինչ-ինչ հակասություններ: Նման բան չկա՛ եւ չի՛ էլ կարող լինել: «Ժողպատգամավորի» անդամների յուրաքանչյուր քաղաքական քայլ քննարկվում է խմբի նիստում: Իսկ նման լուրեր տարածողները, մեղմ ասած, վառ երեւակայություն ունեն ընդամենը»: «Ժողպատգամավորի» քարտուղար Վահրամ Բաղդասարյանը նկատեց, որ խմբի անդամների հարաբերությունները չեն սկսվել ԱԺ-ում, որ իրենց մտերմությունն ունի ավելի վաղ պատմություն: «Եվ վստահ եմ, որ այն ԱԺ-ով չի ավարտվելու. հարատեւելու է շատ երկար եւ չի՛ կարող որեւէ մեկն ազդել այս հարաբերությունների վրա: Եղե՛լ ենք միասին, հիմա՛ ենք միասին եւ այդպես կլինի մի՛շտ»,- այսպիսի պաթոսով ավարտեց իր խոսքը Վահրամ Բաղդասարյանը:

Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել