Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին

Մարտ 28,2006 00:00

Առաջին երաժշտականի հոբելյանը Այս տարի լրանում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի 75-ամյակը: Դպրոցի տնօրեն Սամվել Սահակյանը հիշեցրեց, որ Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց 1 տարի անց Ռոմանոս Մելիքյանը ստեղծում է ստուդիա, եւս 1 տարի հետո վերջինիս հենքի վրա հիմնադրվում է Երեւանի պետկոնսերվատորիան: Կոնսերվատորիայի 60 սովորողներ էլ իրենց հերթին ստեղծում են 4-ամյա կրթությամբ մեկ այլ ստուդիա, որի հենքի վրա էլ 1930-1931 ուսումնական տարում՝ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը: Ս. Սահակյանի խոսքերով, լինելով առաջինը քաղաքում, դպրոցը երաժշտարվեստի մասնագիտական եւ ճաշակի կազմավորման գործում մեծ դեր է խաղացել: Ի դեպ, այստեղ են նախնական երաժշտական կրթություն ստացել Առնո Բաբաջանյանը, Ալեքսանդր Հարությունյանը, Էդվարդ Միրզոյանը, Ղազարոս Սարյանը, Ռոբերտ Ամիրխանյանը եւ այլք: «Հնարավոր չէ պատկերացնել երաժշտական ասպարեզ՝ առանց Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի: Օրինակ, Երեւանի պետկոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի մի ստվար մասը, երաժշտական դպրոցների, մշակութային օջախների ղեկավարները մեր դպրոցի սաներն են եղել»,- ասաց պրն Սահակյանը: «Առավոտը» հետաքրքրվեց՝ ավանդույթներ ու կենսագրություն ունեցող դպրոցը ինչպե՞ս է տոնում իր հոբելյանը: Արդեն 6 տարի այս դպրոցը ղեկավարող տնօրենը պատասխանեց. «Մտածում էինք՝ ինչպես անել, որ ավելի ներկայացուցչական լինի, դրա համար էլ որոշեցինք համերգաշար անցկացնել: Այն մեկնարկել է մարտի 20-ից՝ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում, ու մեր 8 սաներ ելույթ են ունեցել «Արմեն-Ակոբ» սիմֆոնիկ նվագախմբի հետ: Մարտի 24-ի եւ 31-ի համերգները միջազգային մրցույթների դափնեկիր մեր սաների ուժերով են: Ապրիլի 2-ին կոնսերվատորիայի դահլիճում տեղի ուսանողական նվագախմբի հետ ելույթ կունենան մեր 6 աշակերտները: Ամսի 6-ին էլ «Արամ Խաչատրյան» համերգասրահում լինելու է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մեր համբավավոր սաների ելույթը, իսկ ապրիլի 13-ին՝ Օպերային թատրոնում կկայանա բուն հանդիսությունը: 75-ամյակի բոլոր միջոցառումներում ընդգրկված է մեր դպրոցի 130 սան»: Տնօրենը տեղեկացրեց, որ դպրոցի կապը կոնսերվատորիայի պրոֆեսորադասախոսական կազմի հետ՝ սերտ է. «Դպրոցը համալրված է լավագույն մանկավարժներով, այստեղ դասավանդում են նաեւ կոնսերվատորիայի պրոֆեսորներ՝ Սերգեյ Քեչեկը, Ալեքսանդր Մանուկյանը եւ ուրիշներ»: Ինչպես մյուս, այնպես էլ Ալ. Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցը խնդիրներ ունի: Դրանց թվում Ս. Սահակյանը առանձնացրեց երաժշտական դպրոցների դասատուների կարգավիճակին, ցածր աշխատավարձին, շենքային պայմաններին վերաբերող հարցերը: «Ջեռուցման տատանումներից, օրինակ, երաժշտական գործիքները շարքից դուրս են գալիս: Ուրիշ խնդիրներ էլ կան, որոնց տոնական առիթով չեմ ուզում անդրադառնալ»,- նշեց տնօրենը: Նա նաեւ տեղեկացրեց, որ այս տարի երաժշտական դպրոցների հոգսերից մեկը պակասել է. «Քաղաքապետարանը գումար է առանձնացրել. ինքն է հոգում սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների ուսման վարձը»: ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել