Հանրային շահի փնտրտուք՝ պետական կարիքների համար ՀՀ օմբուդսմենի Սահմանադրական դատարան դիմելուց հետո շատերը հակված են մտածելու, թե Հյուսիսային պողոտայի բնակիչները «կանխարգելիչ» որեւէ միջոցառում չեն ձեռնարկել եւ ըստ էության գնացքը վաղուց անցել է: ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի դեմ դատարան դիմեց 10 հյուսիսաբնակ: Հայցվորները դեռ 2004-ին վիճարկում էին այն, ինչ այսօր ՍԴ-ում վիճարկում է գլխավոր իրավապաշտպանը: Զարիկյանցի, Բաղդասարյանների, Ղարիբյանների, Գրիգորյանների բողոքը ԱԺ-ի ոչ մի պատգամավոր չլսեց: Այդ ընտանիքները հարկադրաբար զրկվել էին իրենց տներից: Նրանք ասում էին, որ վերցվող հողամասերի վրա մասնավոր ներդրումների հաշվին կառուցվում էին բնակելիներ, որը վաճառվում էր մասնավոր անձանց: Ըստ հայցվորների, տվյալ գործընթացը առեւտրային գործունեություն էր, որը սակայն նույնացվում էր «պետական կարիքների» հետ: Այդ «կարիքների» անվան տակ վերցվեցին, օրինակ, Սեդրակ Բաղդասարյանի եւ Տատյանա Զարիկյանցի բնակարանները՝ 23.080 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: ԾԻԳ-ը վտարելու պարտադրանքով Ղարիբյաններին առաջարկեց նույնպիսի խղճուկ գումար. 16.350 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Իսկ օմբուդսմենը ՍԴ է ներկայացնելու քաղաքապետի մի որոշում, ըստ որի՝ 12 հազար դոլար է հատկացվել մայրաքաղաքի կենտրոնում բնակելի տուն կառուցելու համար: Դատարանները մերժեցին քաղաքացիներին՝ ոչ մի փաստարկ չընդունելով: Դատարանները վկայակոչում էին «Հարկադիր պայմանագրերի» օրինակներ, սակայն պետական որեւէ օղակ չէր նկատում, թե որ իրավունքով է ոտնահարվում քաղաքացիների կամավորության սկզբունքը: Դատարանները մի ցնցող լուր էլ էին հայտնել. թե ծրագիրը երկրի տնտեսական բարեկեցության համար է: Բայց արդյոք դա հնարավո՞ր է անել՝ բնակարանային անձեռնմխելիության իրավունքի խախտմա՞ն: «Ով է թույլ տվել մեզ ընտանիքներով հանդերձ փողոց վտարելուց հետո չվճարել առանց այդ էլ խղճուկ հատուցման գումարները: Թե՞ այդ գումարների մասով վճիռները ենթակա չեն «հարկադիր կատարման»,- ահազանգում էին վտարվողները հարկադիրին: ԱԺ որեւէ պատգամավոր հրապարակավ չահազանգեց, որ հանուն պետական կարիքների՝ արժե գոնե պայմանագիր կնքել: Այս բնակիչները հանդիպել են Մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ: «Առավոտի» տեղեկություններով, նրան է փոխանցվել նաեւ հետեւյալ փաստաթուղթը. Քաղաքաշինական պետական տեսչության պետը ի պատասխան հյուսիսայինների, թե արդյոք ընթացող շինարարական աշխատանքները օրինակա՞ն են, պատասխանել էր. «Երեւանի կառուցապատման ներդրումների ԾԻԳ» ՊՈԱԿ-ը քանդման աշխատանքները կատարել է՝ առանց աշխատանքների կազմակերպման նախագիծ ունենալու»: ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ