Լրահոս
Օրվա լրահոսը

«Անառակ

Մարտ 28,2006 00:00

«Անառակ որդու վերադարձը» Շաբաթ օրը հիմք դրվեց «Փարոս» բլրի այգու վերականգնմանը Մարտի 25-ին «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախաձեռնությամբ «Միասնության ծառատունկ-2006»-ը շարունակվեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: «Հաղթանակ» զբոսայգում ծառատունկը համընկավ համայնքում հերթական քաղաքային շաբաթօրյակին: «Երբեմնի գողտրիկ այս այգին մեր շատ հայրենակիցների օգնեց ապրել խավար ու մութ տարիներին, օգնեց ու ապրեցրեց, սակայն նվաղեց ինքը, զրկվելով իր պերճանք ծառերից: Այսօր արդեն այգին մեր օգնության կարիքն ունի»,- իր ուղերձում նշեց Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանյանը եւ կոչ արեց կոնկրետ գործով, գործնական քայլերով իրականացնել եւ կենսակերպ դարձնել «Համայնքը մեր տունն է» կարգախոսը: Ըստ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի, այս միջոցառումը նպաստում է այն ծրագրերին, որոնք ընդունված են կառավարության կողմից ներգրավված եւ հաստատված Երեւանի գլխավոր հատակագծում. Երեւանը եւ հանրապետությունը մի քանի տարիների ընթացքում դարձնել կանաչ գոտի եւ վերականգնել այն կորուստը, որը եղել է վերջին տասնամյակների ընթացքում: Այս տարի քաղաքապետը իր առաջին ծառը տնկեց «Հաղթանակ» զբոսայգում, իսկ նախորդ տարի տնկած ծառը արդեն կպել էր: «Իմ ձեռքը խերով է, եւ այն ծառերը, որոնք ես այսօր եմ տնկելու, անպայման կպնելու են»,- համոզված էր քաղաքապետը: Միայն «Հաղթանակ» զբոսայգում մոտ 2700 ծառ տնկվեց, 280 ծառ էլ տնկվեց Պարույր Սեւակի անվան պուրակում, որը հետագայում նախատեսված է դարձնել հանգստի գոտի: Տոնական միջոցառումներով սկսվեց ծառատունկը Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Փարոս» բլրի տարածքում: Տնկվեց նախատեսված 7000-ից ավելի ծառ: Երբեմնի հսկա անտառը տարիների ընթացքում ծառահատվել էր եւ հենց ոռոգման ջրի պատճառով հնարավոր չէր լինում վերականգնել նախկին տեսքը: Այսօր արդեն ոռոգման ջուրը հասել է «Փարոսի» անտառ: Բնակիչների կարծիքով, 10-20 տարի պետք է՝ նախկին անտառը վերականգնելու համար: Երեւան քաղաքի գլխավոր դենդրոլոգ Սուրեն Մաքսապետյանը հավաստեց. «Տեսնելով ոռոգման ջուրը, վստահ ենք, որ կպչողականությունը կապահովվի: Սա ձեւի համար չէ, սա իր էֆեկտը տալու է»: Կրթության նախարար Սերգո Երիցյանը այս մեկ օրը համարեց ամենակարեւոր դասերից մեկը՝ դաստիարակչական առումով. «Ծառ կտրել սովորեցնելը շատ հեշտ է, ծառ տնկելը՝ դժվար»: Երեւանի թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա Պետրոսյանը «Փարոսի» անտառի վերականգնումը «անառակ որդու վերադարձ» համարեց: Մայրաքաղաքում թաղապետարանների եւ համայնքների ծրագրով տնկվելու է 31 հազար ծառ, իսկ «Միասնության ծառատունկ» ծրագրի հետ մեկտեղ՝ 90 հազար ծառ կամ եռապատիկը՝ քան նախորդ տարի: ԱՐԵՎ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել