ԿՈՇԻ ԳԱՂՈՒԹՆ Է՞Լ է ՔԻՉ «ՄԻԿԱՅԻՆ» «Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը վստահ է, որ այդ ընկերության ղեկավարներին սպասում են առավել խիստ ռեժիմի, ասենք՝ Նուբարաշենի գաղութում: «Ազգային միաբանություն» խմբակցության քարտուղար Ալեքսան Կարապետյանը մարտի 21-ին ԱԺ-ում հանդես էր եկել հայտարարությամբ, որում նշել էր, թե կասկածելի գործարքներն ու «ֆինանսական ահռելի միջոցների ալան-թալանն» են «Հայկական ավիաուղիների» քայքայման պատճառը: Եվ մատնանշել հետեւյալ փաստը. «Հայաստանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գլխավոր ֆինանսական վարչության 25 փետրվարի 2002 թ. ակտի համաձայն՝ կատարվել էր «Զվարթնոց միջազգային օդանավակայանի» ֆինանսական պարտավորությունների ստուգում: Այս կազմակերպությունը, որպես գնորդ, «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ի հետ 1999 թ. սեպտեմբերի 1-ին կնքել էր ավիավառելիքի մատակարարման վերաբերյալ թիվ 74 պայմանագիրը, որով մատակարարը պարտավորվել էր օդանավակայանին մատակարարել 10.000 տոննա վառելիք նույն տարվա 4-րդ եռամսյակում: Սակայն «Զվարթնոց» օդանավակայանը «Միկա»-ից չստանալով նախատեսված վառելիքը՝ ստիպված էր իր ուժերով իրականացնել վառելիքի ներկրումը, այն էլ 1 տոննայի գինը պայմանագրային 208-ից հասցնելով 320 դոլարի: Ֆինանսական վարչության կողմից կատարված հաշվարկների համաձայն՝ «Միկա Լիմիթեդ»-ի նկատմամբ (նախագահ Բաղդասարով) 2002 թ. հունվարի 1-ի դրությամբ պարտք-պահանջը կազմել էր 2 մլն 957 հազար 760 ԱՄՆ դոլար… Ակտը հանձնելուց 15 օր հետո կոմերցիոն բաժնի ոմն պետ իր սեղանի դարակները քանդելիս, գտնում է «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ի հետ 2000 թ. հուլիսի 25-ին կնքված (գործող պայմանագրից 11 ամիս հետո) մի համաձայնագիր, որով դադարեցվում է 1999 թ. սեպտեմբերի 1-ի պայմանագրի գործողությունը»: Իր հայտարարությունը պրն Կարապետյանն ավարտել էր ժողովրդին ուղղված կոչով՝ «սրանց արած թալանի վերջը Կոշի գաղութն ա: Գաղութի ճակատին էլ, Էս գլխից եկեք միասին գրենք. «Բարի գալուստ, հայրենի թալանչիներ. Ձեզ սպասելով, աչքներս ջուր կտրեց»: «Միկա Լիմիթիդ» ընկերության ղեկավար Միխայիլ Բաղդասարովը «անհեթեթություն, հերյուրանք» եւ «կեղծ քաղաքական բեմականացում» էր անվանել այս հայտարարությունը: Պարզաբանել էր, թե ավիավառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանագրի ստորագրումից հետո վառելաքսանյութերի բազան առանձնացել է օդանավակայանից իրավաբանորեն առանձին ձեռնարկության, որին էլ իրականացվել են մատակարարումները. «Գործարքը հաստատված է փաստաթղթերով, անցկացվել է անհրաժեշտ ստուգում եւ կնքվել պայմանագրի կատարման վերաբերյալ եռակողմ ակտ: Ընկերությունը պատրաստ է հաստատել դա ցանկացած արբիտրաժում»: «Առավոտի» հարցին, թե իսկ ինքը պատրա՞ստ է իր հայտարարության հիմնավորվածությունն ապացուցել դատարանում՝ Ալեքսան Կարապետյանը պատասխանեց. «Երբեք չկասկածե՛ք «Ազգային միաբանության» բերած փաստերի իսկությանը»: Եվ մեզ ցույց տվեց բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք էին ծառայել իր հայտարարության համար: Նախ՝ մեջբերում կատարեց Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության Գլխավոր ֆինանսական վարչության կողմից 2002թ.-ի փետրվարին «Զվարթնոցում» անցկացված ֆինանսական պարտավորությունների ստուգման ակտից: Վերջինիս եզրափակիչ մասի համաձայն՝ «Ընկերությունը միջոցներ չի ձեռնարկել «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ի հետ 1999-ի սեպտեմբերի 1-ին կնքված թիվ 74 պայմանագրով նախատեսված պատժամիջոցների կիրառման եւ վերջինիս կողմից չմատակարարված ապրանքի արժեքի 0,2 տոկոսի չափով /յուրաքանչյուր ուշացրած օրվա համար/ գումարները մատակարարից պահանջելու ուղղությամբ, որի արդյունքում՝ չի հաշվարկվել եւ «Միկա Լիմիթեդ» ՍՊԸ-ին չի ներկայացվել նախապահանջ գանձման ենթակա տույժերի վերաբերյալ, որը մեր կողմից կատարված հաշվարկների համաձայն՝ 2002-ի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 2 մլն 957 հազար 760 ԱՄՆ դոլար»: Ստուգման ակտից հետո ներկայացվել էր բացատրություն-առարկություն, եւ այդ փաստաթուղթը նույնպես պրն Կարապետյանի ձեռքին է: Այդ փաստաթղթում էր նշված, թե «ստուգման ժամանակ չի ներկայացվել», սակայն առկա է համաձայնագիր, ըստ որի՝ դադարեցված է «Զվարթնոցի» եւ «Միկայի» միջեւ կնքված պայմանագրի գործողությունը: Ընդ որում՝ համաձայնագիրը գտած անձնավորությունը՝ Ալբերտ Աբովյանը, հայտարարության մեջ իսկ գրել է, թե պայմանագրերը ստացել է «առանց հանձնման-ընդունման ակտի»: Այսուհանդերձ՝ համաձայնագիրը կնքվել է պայմանագրից 11 ամիս անց, երբ պետությանն արդեն հասցվել էր շուրջ 3 մլն դոլարի վնաս: Սակայն «Զվարթնոցի» գործադիր տնօրեն Վալերի Հարությունյանի եւ Միխայիլ Բաղդասարովի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ «կողմերն առաջնորդվելով բարի կամքի սկզբունքով», կնքել են այդ համաձայնությունը: Այս «բարի կամքն» Ալեքսան Կարապետյանն այսպես գնահատեց. «Այսինքն՝ պետական հիմնարկի եւ մասնավոր ընկերության ղեկավարները համաձայնության են եկել պետությանը վճարվելիք գումարի շուրջ: Եվ իրար հետ միասին պետությանը «քցել» 3 մլն դոլարով: Հարկային մարմինները հլը մեկի վրա 100 դոլարի պարտք գտնեին՝ նվեր կտայի՞ն: Չէ, մինչեւ վե՛րջ կքերթեին պարտք ունեցողի «կաշին»: Իսկ Բաղդասարովին 3 մլն դոլարի կապակցությամբ ասել են՝ չես արել-չես արել, ներո՛ւմ ենք: «Սիրուն աչքերի» համա՞ր են նման բաներ անում»: «Ազգային միաբանության» փոխնախագահը փոքր-ինչ վերանայել էր ԱԺ-ում հնչած իր հայտարարությունը. «Կոշի բերդը ընդհանուր ռեժիմի է: Սակայն այս գործը շատ ավելի խիստ ռեժիմի բերդի է սազական՝ ասենք, Նուբարաշենին»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ