Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ

Մարտ 28,2006 00:00

ԱԺ ՈՒԺԵՐՆ ԻՐԵՆՑ ՀԱՄԱՐ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր ԵՆ ՈՒԶՈՒՄ Եվ չնայած սրան՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը պատրաստ է միայն ընտրություններից հետո փոխել խորհրդարանական հաղորդումների հեռարձակման սկզբունքը: ԱԺ խումբ – խմբակցությունների ղեկավարների խորհրդակցությունում քննարկվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի առաջարկը՝ խորհրդարանական հաղորդումների հեռարձակման վերաբերյալ «ԱԺ կանոնակարգ» օրենքում ամրագրված պահանջը վերացնելու եւ հեռարձակումները խորհրդարանի եւ խորհրդի միջեւ կնքվելիք պայմանագրի հիման վրա իրականացնելու մասին: Եվ որոշվել է, որ ԱԺ աշխատանքները լուսաբանող հաղորդումների հեռարձակման շուրջ այս տարի ԱԺ կանոնակարգում չի կատարվի որեւէ փոփոխություն: Խորհրդարանական անխտիր բոլոր ուժերը հրապարակավ դեմ արտահայտվեցին այս առաջարկին, չնայած ոմանք նոր փաստարկներ հավելեցին «Խորհրդարանական ժամ» հաղորդաշարի քննադատությանը, որ ավելի հնչեցրել էր Ալեքսան Հարությունյանը: Վերջինս այս առնչությամբ ասաց. «Նախ՝ իմ առաջարկը չէր վերաբերում «Խորհրդարանական ժամի» բովանդակությանը կամ ունեցած վարկանիշին: Մի քիչ զարմացած էի այն վերաբերմունքից, որ սկզբում դրսեւորվեց իմ առաջարկի նկատմամբ: Սակայն վերջին ճեպազրույցներում խորհրդարանական բոլոր ուժերն՝ անկախ նրանից, թե մերժողական կամ այլ կարծիք ունեն իմ առաջարկի վերաբերյալ՝ փաստորեն ընդունեցին, որ կա նման խնդիր: Ուղղակի խոսքը ժամկետների եւ ձեւերի մասին է: Սակայն հիշեցնեմ, թե սա ոչ թե իմ առաջարկը կամ նախաձեռնությունն է, այլ Սահմանադրության պահանջը եւ մամուլի ազատության եվրոպական չափանիշներից մեկը: Պատգամավորները խոստովանում էին, թե այս առաջարկին դեմ են այն պատճառով, որ առջեւում ընտրություններ են: Իսկ սա փաստարկ է իմ պնդման օգտին, որ կոպտորեն ոտնահարվում է մեր խմբագրական ազատությունը: Արգելվում է, որ քաղաքական որեւէ ուժ կամ առավել եւս՝ պետական մարմին փորձի օրենքով սահմանել իր համար արտոնյալ պայմաններ ոչ միայն Հանրային, այլ նաեւ որեւէ հեռուստաընկերության եթերում»: Ալեքսան Հարությունյանը սակայն չի հրաժարվում իր նախաձեռնությունից եւ առաջարկեց այլ լուծում՝ «Աժ կանոնակարգ» օրենքի փոփոխությունները կատարել հիմա, սակայն թող դրանք ուժի մեջ մտնեն ընտրություններից հետո: Ճշտող հարցին՝ խորհրդարանի՞, թե՞ նախագահի ընտրությունից հետո, պատասխանեց. «Թեկուզ տեղական ինքնակառավարման՝ ինձ համար միեւնույն է»: Սակայն նաեւ նշեց, թե սա նաեւ վտանգավոր ամրագրում կլինի. «Փաստորեն մեր խորհրդարանական ուժերը կընդունեն, թե պահպանում են մի կետ, որն իրենց համար ԱԺ ընտրություններից առաջ քարոզչության արտոնյալ պայմաններ է ապահովում՝ քաղաքական այլ ուժերի նկատմամբ: Բայց ամեն դեպքում՝ սա էլ քննարկելիք խնդիր է»: Մեկ այլ առաջարկ. «Պատրաստ եմ հիմա ԱԺ-ի հետ կնքել խորհրդարանական հաղորդումները հեռարձակելու վերաբերյալ պայմանագիր՝ նույն պայմաններով, ինչ հիմա կա, միայն թե օրենքից հանվեն այդ դրույթները»: Հնարավոր մտավախությունները, թե սա կարող է հնարք լինել՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը փորձեց կանխել հետեւյալ փաստարկով. «Ինձ թվում է՝ խորհրդարանն այնքան ուժ ունի, որ միշտ էլ կկարողանա պաշտպանել իր «եթերային» իրավունքները: Այնպես չէ, որ Ալեքսան Հարությունյանը որոշեց, վերցրեց ու խորհրդարանին զրկեց ամբիոնից Հանրային կամ որեւէ այլ հեռուստատեսության եթերում»: «Արդարություն» խմբակցության քարտուղար Վիկտոր Դալլաքյանը նշել էր, թե խորհրդարանը պետք է հստակ խնդիր դնի՝ մեկ հեռուստառադիոալիքով հեռարձակել պետական մարմինների գործունեության մասին հաղորդումներ: «Այս առաջարկը նաեւ նշանակում է, թե ինչ-որ բան այնպես չէ,- նշեց Ալեքսան Հարությունյանը:- Սա. իհարկե, իդեալական լուծում կլիներ, եթե այդպիսի հնարավորություններ գտնվեն՝ հաշվի առնելով ազատ հաճախությունների, ֆինանսական միջոցների առկայությունը եւ այլն: Ի վերջո, երեւի ինչ-որ ժամանակ այդպես էլ լինի»: Նշենք, որ 2006-ին պետբյուջեով Հանրային հեռուստառադիոընկերության համար նախատեսված է 2 մլրդ 267 մլն դրամ՝ 11 մլն-ով ավելի, քան անցած տարի: Մինչդեռ առեւտրային գործունեությունից հեռուստաընկերության եկամուտները կազմելու են 461 մլն դրամ, որը 247 մլն-ով ավելին է, քան անցած տարի: Պետբյուջեից տրամադրվող գումարների դիմաց, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով, հանրային հեռուստառադիոընկերությունը՝ այս հատուկ կարգավիճակ ունեցող պետական հիմնարկին առաջադրված են մի շարք պահանջներ: Մասնավորապես, որ այն պիտի ապահովի քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ ազատորեն ստանալ քաղաքական, տնտեսական եւ այլ տեղեկատվություն: «Հանրային հեռուստառադիոընկերությունը ղեկավարվում է օբյեկտիվության, ժողովրդավարության, անկողմնակալության սկզբունքներով եւ ապահովում է խոսքի ու ստեղծագործության ազատությունը»,- նշված է օրենքում: Հանրային հեռուստառադիոընկերության հաղորդումներում արգելվում է քաղաքական դիրքորոշման գերակշռությունը: Մեր ենթադրությանը, որ գուցե եթե ապահովված լիներ օրենքի այս դրույթների իրականացումը՝ այդչափ ցավագին չընդունվե՞ր իր առաջարկը՝ Ալեքսան Հարությունյանը պատասխանեց. «Հնարավոր է: Բայց այստեղ հակասություն չկա: Եթե ինչ-որ բան վատ է՝ չի նշանակում, թե իմ առաջարկը սխալ է: Միեւնույն է՝ խորհրդարանական հեռարձակումների օրենսդրական պարտադրանքը մնում է հակասահմանադրական եւ դեմ է մամուլի ազատության չափանիշերին»: Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը դարձյալ պնդեց, թե հարկ է հանդիպել խորհրդարանական ուժերի հետ, քննարկել եւ գտնել այնպիսի լուծումներ, որ չոտնահարվեն ե՛ւ խորհրդարանի շահերը, ե՛ւ Սահմանադրության պահանջները եւ մամուլի ազատության չափանիշները. «Նորից եմ կրկնում՝ չեմ կարծում, որ Հայաստանում խոսքի եւ մամուլի ազատության ամենամեծ կամ միակ խնդիրն այս է: Սա ուղղակի միակն է, որը սահմանված է օրենքով: Եվ վստահ եմ՝ ես կլինեմ այստեղ, թե ինձնից հետո կլինի, այս խորհրդարանը կլինի, թե հաջորդը՝ միեւնույն է, այս խնդիրը լուծվելու է: Եվ եթե այդպես է՝ պետք չէ ասել, թե ես սխալ եմ: Պետք է ուղղակի փորձել գտնել այն ձեւերը, որ ուղղվեն օրենքում առկա սխալները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել