Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՄԵՐԿԱՑՈՒՄ

Մարտ 28,2006 00:00

ԻՆՔՆԱՄԵՐԿԱՑՈՒՄ «ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ» ՄԻՋՈՑՈՎ Կովկասյան վրիժառուն «Առավոտի» շաբաթ օրվա համարում նյութ էր տպագրված, որը վերաբերվում էր «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հ/կ-ի կողմից ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի գործունեության, այսպես կոչված, «մոնիտորինգին»: Մի կողմ թողնենք այն հարցը, թե արդյո՞ք Լարիսա Ալավերդյանի եւ նրա ղեկավարած ինստիտուտի գործունեությունը վերլուծելու բարոյական իրավունք ունի մի կազմակերպություն, որն առայսօր որեւէ ձեւով իրեն չի դրսեւորել իրավապաշտպան ոլորտում: Մի կողմ թողնենք նաեւ այն հարցը, թե ո՞վ եւ ինչո՞ւ է ֆինանսավորել Կենտրոնի կողմից անցկացված «մոնիտորինգը», որն, ի դեպ, սկզբնական շրջանում նախատեսված էր Հայաստանի առաջատար իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստված «Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների մոնիտորինգ» զեկույցի համար, սակայն, հետագայում չմտավ այդ զեկույցի մեջ՝ իր ակնառու միտումնավոր եւ ոչ օբյեկտիվ լինելու պատճառով: Տվյալ դեպքում կցանկանայինք պարզություն մտցնել մի հարցում, որն անմիջական առնչություն ունի ներկայացված մոնիտորինգի բովանդակության եւ նպատակի հետ: Նշեմ, որ մենք չէինք պատրաստվում շոշափել այդ խնդիրը, չնայած տվյալ Կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը բազմիցս փորձեր էր անում վարկաբեկելու տիկին Ալավերդյանի անունն ու գործունեությունը: Սակայն «մոնիտորինգի» հրապարակումը ստիպում է մեզ դա անել: Խնդիրն այն է, որ ժամանակին Վանյանը հավակնում էր աշխատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում՝ որպես հաստիքային աշխատակից կամ որպես Փորձագիտական խորհրդի անդամ: 2004թ. մարտին, երբ Պաշտպանը հավաքում էր իր աշխատակազմը, Վանյանը նույնպես ներկայացրեց իր ռեզյումեն, որն առայսօր պահվում է գրասենյակի արխիվում: Ավելին, նա մտել էր ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի նոր-նոր ձեւավորվող աշխատակազմի ներկայացուցիչների խմբի մեջ, որը մասնակցեց Թբիլիսիում կայացած միջազգային սեմինարին: Վանյանի կողմից ղեկավարվող Կենտրոնի զեկույցում ասված է, թե իբր անհայտ է, թե ինչպիսի չափանիշներով էր անցկացվում աշխատողների հավաքագրումը՝ Օմբուդսմենի աշխատակազմ: Սակայն հենց նրան, ավելի քան մեկ ուրիշին, պետք է հայտնի լինեն այդ չափանիշները, քանի որ հենց այդ փորձնական ուղեւորությունից հետո Գ. Վանյանին մերժեցին աշխատանք տալ գրասենյակում շատ պարզ պատճառով. թբիլիսյան սեմինարի ընթացքում նա իրեն դրսեւորեց վատագույնս եւ ցույց տվեց, որ արժանի չէ աշխատել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում: Հավանաբար, հենց այդ ժամանակից Գ. Վանյանը կորցրեց հանգիստը՝ մտասեւեռվելով ամեն գնով Լարիսա Ալավերդյանից վրեժ լուծելու վրա: Նրա «մոնիտորինգի» որակի եւ այդտեղ զետեղված գնահատականների մասին ամեն մեկն ինքը կարող է դատել: Սակայն կարծում եմ, ինքնին խոսուն է այն փաստը, որ այդ գնահատականներն ակնհայտորեն հակասում են ՀՀ առաջին Օմբուդսմենի գործունեության մասին ձեւավորված հասարակական կարծիքին եւ այն անդրադարձին, որը ստացել են Լ. Ալավերդյանի զեկույցները ՀՀ-ում եւ արտերկրում: Ինչպես բազմիցս հայտարարել է տիկին Ալավերդյանը, մոտ ժամանակներս տեղի կունենա Հայաստանում 2005թ.-ին մարդու իրավունքների իրավիճակի մասին նրա Տարեկան զեկույցի շնորհանդեսը: Կարելի է ենթադրել, որ նման «մոնիտորինգի» ի հայտ գալը կապված է նաեւ առաջին Պաշտպանի վերջին զեկույցի առաջիկա հրապարակման հետ, եւ այդ համատեքստում հատուկ իմաստ է ձեռք բերում հարցն այն մասին, թե ո՞վ է իրականում «կոնյուկտուրշիկը»: Չնայած պարոն Վանյանին կարելի է նաեւ շնորհակալություն հայտնել առաջին Օմբուդսմենի զեկույցի «PR»-ի համար: Կարելի է նաեւ խորհուրդ տալ ՀՀ նոր Օմբուդսմենին՝ որքան հնարավոր է շուտ աշխատանքի վերցնել պարոն Վանյանին: Հակառակ դեպքում՝ Ա. Հարությունյանին սպառնում է մոտ ժամանակներս «Կովկասյան վրիժառուի» նույնքան կոնյուկտուրային «մոնիտորինգի» զոհը դառնալու հեռանկարը: ՄԱՐԻՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպանի մամուլի քարտուղար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել