Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային շահի փնտրտուք՝ պետական կարիքների համար

Մարտ 28,2006 00:00

ՀՀ
օմբուդսմենի Սահմանադրական դատարան դիմելուց հետո շատերը հակված են մտածելու, թե
Հյուսիսային պողոտայի բնակիչները «կանխարգելիչ» որեւէ միջոցառում չեն ձեռնարկել եւ
ըստ էության գնացքը վաղուց անցել է: ՀՀ կառավարության, Երեւանի քաղաքապետարանի
եւ կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի դեմ դատարան դիմեց
10 հյուսիսաբնակ: Հայցվորները դեռ 2004-ին վիճարկում էին այն, ինչ այսօր ՍԴ-ում վիճարկում
է գլխավոր իրավապաշտպանը: Զարիկյանցի, Բաղդասարյանների, Ղարիբյանների, Գրիգորյանների
բողոքը ԱԺ-ի ոչ մի պատգամավոր չլսեց: Այդ ընտանիքները հարկադրաբար զրկվել էին իրենց
տներից: Նրանք ասում էին, որ վերցվող հողամասերի վրա մասնավոր ներդրումների հաշվին
կառուցվում էին բնակելիներ, որը վաճառվում էր մասնավոր անձանց: Ըստ հայցվորների,
տվյալ գործընթացը առեւտրային գործունեություն էր, որը սակայն նույնացվում էր «պետական
կարիքների» հետ: Այդ «կարիքների» անվան տակ վերցվեցին, օրինակ, Սեդրակ Բաղդասարյանի
եւ Տատյանա Զարիկյանցի բնակարանները՝ 23.080 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով: ԾԻԳ-ը
վտարելու պարտադրանքով Ղարիբյաններին առաջարկեց նույնպիսի խղճուկ գումար. 16.350
ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Իսկ օմբուդսմենը ՍԴ է ներկայացնելու քաղաքապետի մի որոշում,
ըստ որի՝ 12 հազար դոլար է հատկացվել մայրաքաղաքի կենտրոնում բնակելի տուն կառուցելու
համար: Դատարանները մերժեցին քաղաքացիներին՝ ոչ մի փաստարկ չընդունելով: Դատարանները
վկայակոչում էին «Հարկադիր պայմանագրերի» օրինակներ, սակայն պետական որեւէ օղակ չէր
նկատում, թե որ իրավունքով է ոտնահարվում քաղաքացիների կամավորության սկզբունքը:
Դատարանները մի ցնցող լուր էլ էին հայտնել. թե ծրագիրը երկրի տնտեսական բարեկեցության
համար է: Բայց արդյոք դա հնարավո՞ր է անել՝ բնակարանային անձեռնմխելիության իրավունքի
խախտմա՞ն: «Ով է թույլ տվել մեզ ընտանիքներով հանդերձ փողոց վտարելուց հետո չվճարել
առանց այդ էլ խղճուկ հատուցման գումարները: Թե՞ այդ գումարների մասով վճիռները ենթակա
չեն «հարկադիր կատարման»,- ահազանգում էին վտարվողները հարկադիրին: ԱԺ որեւէ
պատգամավոր հրապարակավ չահազանգեց, որ հանուն պետական կարիքների՝ արժե գոնե պայմանագիր
կնքել: Այս բնակիչները հանդիպել են Մարդու իրավունքների նոր պաշտպանի հետ: «Առավոտի»
տեղեկություններով, նրան է փոխանցվել նաեւ հետեւյալ փաստաթուղթը. Քաղաքաշինական պետական
տեսչության պետը ի պատասխան հյուսիսայինների, թե արդյոք ընթացող շինարարական աշխատանքները
օրինակա՞ն են, պատասխանել էր. «Երեւանի կառուցապատման ներդրումների ԾԻԳ» ՊՈԱԿ-ը քանդման
աշխատանքները կատարել է՝ առանց աշխատանքների կազմակերպման նախագիծ ունենալու»: ՌՈՒԶԱՆ
ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել