Շաբաթ
օրը հիմք դրվեց «Փարոս» բլրի այգու վերականգնմանը Մարտի 25-ին «Նիգ-Ապարան»
հայրենակցական միության նախաձեռնությամբ «Միասնության ծառատունկ-2006»-ը շարունակվեց
Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Մալաթիա-Սեբաստիա համայնքներում: «Հաղթանակ» զբոսայգում
ծառատունկը համընկավ համայնքում հերթական քաղաքային շաբաթօրյակին: «Երբեմնի գողտրիկ
այս այգին մեր շատ հայրենակիցների օգնեց ապրել խավար ու մութ տարիներին, օգնեց ու
ապրեցրեց, սակայն նվաղեց ինքը, զրկվելով իր պերճանք ծառերից: Այսօր արդեն այգին մեր
օգնության կարիքն ունի»,- իր ուղերձում նշեց Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ
Քոթանյանը եւ կոչ արեց կոնկրետ գործով, գործնական քայլերով իրականացնել եւ կենսակերպ
դարձնել «Համայնքը մեր տունն է» կարգախոսը: Ըստ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի,
այս միջոցառումը նպաստում է այն ծրագրերին, որոնք ընդունված են կառավարության կողմից
ներգրավված եւ հաստատված Երեւանի գլխավոր հատակագծում. Երեւանը եւ հանրապետությունը
մի քանի տարիների ընթացքում դարձնել կանաչ գոտի եւ վերականգնել այն կորուստը, որը
եղել է վերջին տասնամյակների ընթացքում: Այս տարի քաղաքապետը իր առաջին ծառը տնկեց
«Հաղթանակ» զբոսայգում, իսկ նախորդ տարի տնկած ծառը արդեն կպել էր: «Իմ ձեռքը խերով
է, եւ այն ծառերը, որոնք ես այսօր եմ տնկելու, անպայման կպնելու են»,- համոզված էր
քաղաքապետը: Միայն «Հաղթանակ» զբոսայգում մոտ 2700 ծառ տնկվեց, 280 ծառ էլ տնկվեց
Պարույր Սեւակի անվան պուրակում, որը հետագայում նախատեսված է դարձնել հանգստի գոտի:
Տոնական միջոցառումներով սկսվեց ծառատունկը Մալաթիա-Սեբաստիա համայնքի «Փարոս»
բլրի տարածքում: Տնկվեց նախատեսված 7000-ից ավելի ծառ: Երբեմնի հսկա անտառը տարիների
ընթացքում ծառահատվել էր եւ հենց ոռոգման ջրի պատճառով հնարավոր չէր լինում վերականգնել
նախկին տեսքը: Այսօր արդեն ոռոգման ջուրը հասել է «Փարոսի» անտառ: Բնակիչների կարծիքով,
10-20 տարի պետք է՝ նախկին անտառը վերականգնելու համար: Երեւան քաղաքի գլխավոր դենդրոլոգ
Սուրեն Մաքսապետյանը հավաստեց. «Տեսնելով ոռոգման ջուրը, վստահ ենք, որ կպչողականությունը
կապահովվի: Սա ձեւի համար չէ, սա իր էֆեկտը տալու է»: Կրթության նախարար Սերգո Երիցյանը
այս մեկ օրը համարեց ամենակարեւոր դասերից մեկը՝ դաստիարակչական առումով. «Ծառ կտրել
սովորեցնելը շատ հեշտ է, ծառ տնկելը՝ դժվար»: Երեւանի թիվ 89 դպրոցի տնօրեն Օֆելյա
Պետրոսյանը «Փարոսի» անտառի վերականգնումը «անառակ որդու վերադարձ» համարեց: Մայրաքաղաքում
թաղապետարանների եւ համայնքների ծրագրով տնկվելու է 31 հազար ծառ, իսկ «Միասնության
ծառատունկ» ծրագրի հետ մեկտեղ՝ 90 հազար ծառ կամ եռապատիկը՝ քան նախորդ տարի: ԱՐԵՎ
ԲԱՐՍԵՂՅԱՆ