Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ՒՄ

Մարտ 25,2006 00:00

Ո՞ՒՄ ԵՆՔ ՎՍՏԱՀՈՒՄ ՄԵՐ ԿՅԱՆՔԸ Տաքսի ծառայություններում խաղում են «կյանքի վիճակախաղ» ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 139-ի համաձայն, ամենօրյա աշխատաժամանակի տեւողությունը չի կարող անցնել 8 աշխատանքային ժամից, իսկ կողմերի համաձայնությամբ արտաժամյա աշխատաժամանակը չի կարող անցնել օրական 12 ժամից: Սակայն, որքան էլ ահազանգի Աշխատանքային օրենսգիրքը, միեւնույն է, նրա դրույթները բացահայտ չեն կատարվում: Մասնավորապես, ամենուր սնկի պես աճող տաքսի սերվիսներում վարորդների աշխատանքային ժամը ոչ միայն չի ավարտվում 8 ժամով, այլեւ գերազանցում է 12 ժամը, եւ սա՝ ոչ վարորդների սիրահոժար կամքով: Վարդան անունով ներկայացած տաքսու վարորդը հավաստիացրեց, որ եղել են դեպքեր, երբ իրենք առանց հերթափոխի աշխատել են օրական 14-15 ժամ: Իրենց անունները չհրապարակելու պայմանով սա հաստատեցին նաեւ մի քանի տաքսի ծառայությունների ղեկավարներ: Ամբողջ գիշեր հոգնատանջ, անքուն, խանգարված ու գրգռված նյարդերով, ամեն օր գրեթե նույն գրաֆիկով վարորդները նստում են ղեկի առաջ՝ վտանգի տակ դնելով թե՛ իրենց, թե՛ ուղեւորների կյանքը, եւ այս ամենը, ըստ իրենց՝ հանուն 2000-3000 դրամի: Վարորդների տեղեկացմամբ, բացի այն, որ անքուն ու քայքայված նյարդերով են մեքենա վարում, գիշերային ժամերին դեռ մի բան էլ սթրեսների ու վախի մեջ են աշխատում. «Գիշերվա կեսին ով ասես տաքսի ա կանչում ու մեկ էլ տեսար՝ դանակն արդեն շողշողում ա աչքիդ առաջ, բա սրա՞ն ինչ ասենք: Մեկը գումար է պահանջում, մյուսն ասում է՝ փող չուզես, ի՞նչ պիտի անենք՝ ենթարկվում ենք»: Վարորդների տեղեկացմամբ, տաքսի ծառայություններում աշխատում են միայն «անճարները». «Սերվիսի տերերը մի քանի կոպեկ ավել գումար տալու փոխարեն՝ մեզ են պռեսի տակ պահում, թող աշխատավարձը բարձրացնեն, նոր մարդիկ գան աշխատելու, մենք էլ հալումաշ չլինենք»: Բացի Աշխատանքային օրենսգրքի հոդված 139-ի նորմերը չպահպանելուց, չի պահպանվում նաեւ նույն օրենքի 249 հոդվածի 4-րդ կետը, ըստ որի՝ «գիշերային ժամերին կամ հերթափոխով աշխատողները պարտավոր են մինչեւ աշխատանքի ընդունվելը, իսկ աշխատանքի ընթացքում՝ պարբերաբար, անցնել բժշկական զննություն՝ գործատուի հաստատած ժամանակացույցին համապատասխան»: Նախատեսված է նաեւ, որ 18 տարեկանից բարձր աշխատողների պարտադիր բժշկական զննությունը կատարվում է գործատուի հաշվին, եթե դա նախատեսված է կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով: Մինչդեռ վարորդները հավաստիացնում են, որ իրենք գործատուի հետ ընդհանրապես ոչ մի պայմանագիր չեն կնքել եւ երբեւիցե չեն ենթարկվել բժշկական զննության: Այսինքն՝ ուղեւորներին մնում է ամեն օր խաղալ իրենց կյանքի վիճակախաղը. կամ կշահեն, կամ՝ ոչ: Աշխատանքի պետական տեսչության մամլո քարտուղար Սաթենիկ Դաբաղյանը այս խնդրի առնչությամբ նկատեց, որ իրենց ոչ մի վարորդ բողոքով չի դիմել, եւ այս դեպքում իրենք ոչինչ անել չեն կարող. «Եռամսյակի վերջում նախատեսված է իրականացնել ստուգումներ եւ եթե չարաշահումներ լինեն՝ անպայման որեւէ սանկցիա կկիրառվի»: ԳՐԻՇԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ Տարեսկզբին Երեւանի քաղաքապետարանը ծանուցեց այն մասին, որ սկսելու է զբաղվել տաքսի ծառայությունների հաշվառման խնդրով: Սակայն նպատակը բոլորովին էլ վերը նշված վարորդի կամ ուղեւորի անվտանգության հարցի լուծումը չէր, այլ՝ որ քաղաքապետարանը ընկերություններին գործունեության համար լիցենզիա տալու լիազորություն ստանար՝ ստվերային գումարներ ունենալու կամ «յուրայիններին» նվեր անելու հնարավորությունն էլ հետը: Եթե մեզ մի քիչ երազել թույլ տանք, ապա խնդրի լուծման ճանապարհ կարող է լինել տաքսի ծառայությունների գրասենյակներում լուսային ցուցատախտակների տեղադրումը, որի վրա կերեւա, թե ո՛ր մեքենան ո՛ր ուղղությամբ է գնում, իսկ վարորդի վրա հարձակումների ժամանակ էլ հնարավոր կլինի գոնե ճշտել, թե մեքենան որտե՞ղ է: Սակայն գործող 100-ից ավելի ծառայություններից ինչքա՞նը կարող են ձեռք բերել այդ թանկարժեք «հաճույքը»՝ հարց է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել