ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՒՏԵՆՅՈ՞Ր Բժիշկ մաշկաբանը դեմ է Հայաստանում հասարակաց տների ստեղծմանը Դեռեւս 1750 թ. Պետրոս I-ը եւ Ելիզավետա II-ը ստորագրել են հրամանագրեր, համաձայն որոնց՝ անբարո կանայք հասարակության կողմից պետք է մերժվեն, հետապնդվեն, բերվեն կենտրոնական ոստիկանատուն եւ, ի վերջո՝ տարվեն «Կալինկինի տուն» կոչված բժշկաոստիկանական համալիր: Պոռնկության ազատականացման ջատագովներն այսօր եւս շարունակում են առաջարկել հիմնել հասարակաց տներ (ակումբներ, մերսման կաբինետներ), ստեղծել ինտերնետային սեքսուալ ծառայություն, անդամակցել միջազգային լիգային եւ ասոցիացիային, հրավիրել համագումարներ եւ այլն: Գործի նախանձախնդիրների փաստարկները պարզունակ են՝ քանի որ երեւույթը հնարավոր չէ կասեցնել, ուստի այն պետք է օրինականացնել, իսկ ստվերային եկամուտները ուղղել պետական բյուջե: Գումարները, անշուշտ, պատկառելի են: Օրինակ, ԱՄՆ-ում յուրաքանչյուր տարի նման բիզնեսից եկամուտը կազմում է 2,25 միլիարդ դոլար, որը մի քանի անգամ գերազանցում է ՀՀ պետական բյուջեն: Մոսկվաբնակ ավելի քան 100.000 պոռնիկներից ստացվող եկամուտը եւս հասնում է հարյուրավոր միլիոնների: Հայաստանում գործող մոտ 2000 փողոցային կանանց եկամտի վերաբերյալ եւս դժվար չէ դատողություններ անել՝ բավական թափանցիկ վարձավճարների հետ համապատասխան թվաբանական գործողություններ կատարելով: Նշված փաստարկներն առերեւույթ գուցեեւ համոզիչ են: Իրականում այս ամենը նման է վատ գրված սցենարի՝ հասարակությունը կանխապես ստեղծում է անտանելի պայմաններ՝ կին արարածին շուկա նետելով իբրեւ ապրանք, ապա, իրենց նույն այդ հասարակության սերուցք հորջորջող արհեստավարժները փորձում են փաստաթղթերով հաստատագրել սեփական բարոյազրկությունը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հանուն շահի պետությունը պատրաստ է ցանկացած ստոր եւ օգտապաշտական քայլ կատարել: Պարոնայք, շտապեք օրինականացնել թմրանյութերի շրջանառությունը եւս: Այն պակաս շահութաբեր չէ: Թմրանյութերի շրջանառությունն ուղղակիորեն կապված է պոռնկության հետ, եւ թե՛ բարոյահոգեբանական, թե՛ բժշկագիտական, թե՛ սոցիալական իմաստով նվազ կարեւոր չէ: Երկուսն էլ հասարակությունը մոտեցնում են կործանման, միայն թե՝ տարբեր արագություններով: Մեզ ուզում են ներշնչել, թե իբր հասարակաց տները սեռավարակների կանխման երաշխիք կդառնան: Այս փաստարկը չի դիմանում ոչ մի քննադատության: Նախ, այն երկրներում, ուր պոռնկությունն ազատականացված է, դրա ստվերային ծավալն ավելի մեծ է: Երկրորդ՝ պարբերական բժշկական հսկողությունը միշտ չէ, որ կատարվում է մասնագիտացված բժշկական հաստատությունում, եւ ոչ միշտ՝ հավուր պատշաճի: Երրորդ՝ հետազոտման պահին արդյունքները կարող են լինել բացասական, հիվանդությունը կարող է գտնվել զարգացման գաղտնի շրջանում ու չհայտնաբերվել: Մի քանի օր անց, մինչեւ հաջորդ հետազոտությունը, հիվանդը կարող է դառնալ վարակիչ, վարակման վտանգի ենթարկելով հաջորդ այցելուներին: Ավելին, նա չի հրաժարվի իր բիզնեսից ու կարող է վարակել նույնիսկ բուժման ընթացքում: Եվ, վերջապես, սեռավարակներով հիվանդների ցուցակը բոլորովին էլ պոռնիկները չէ, որ գլխավորում են: Իսկ ինչպես եք դուք վերաբերվում մո նոպոլիստ սուտենյորի դեր ստանձնած պետությանը: Սա պետական աստիճանի հասցված բարոյական իմպոտենցիա է: Երբ կինը վաճառքի է հանում իր միակ կապիտալը, դա թերեւս հանդուրժելի է, քանի որ մեր հասարակությունը եւս կրում է «պրոստիտուցիոն» բնույթ: Չէ՞ որ ամեն ինչ՝ առանց բացառության, այստեղ վաճառվում է, ուստի նաեւ՝ գնվում: Այսպիսով՝ պոռնկությունը, իհարկե, խրախուսելի չէ, բայց սոցիալական իմաստով քիչ թե շատ ընդունելի է: Անհրաժեշտ է պայքարել ոչ թե դրա, այլ կազմակերպված պոռնկության դեմ՝ հարակից դրսեւորումներով հանդերձ: Պետք է արմատավորել եւ զարգացնել Արեւմուտքում ընդունված մի աշխատաոճ, որը կոչվում է «աուտրիչ»: ՀՀ-ում նման աշխատանքի փորձ արդեն կա: Այն ենթադրում է մասնագիտական (բժշկական, հոգեբանական եւ այլն) ոչ բռնի աշխատանք կոմերցիոն սեքսի բնագավառում ընդգրկված աղջիկների հետ, եւ սեռավարակները կանխելու նպատակ է հետապնդում: ԽԱՉԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մաշկաբանության, կոսմետոլոգիայի եւ սեռավարակաբանության ամբիոնի վարիչ Նյութն ամբողջությամբ՝ www.Panorama.am-ում