Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորը՝ «մի թղթի տակ»

Մարտ 25,2006 00:00

Բոլորը՝ «մի թղթի տակ» Գյուղական համայնքներում առաջացել է մի խառնաշփոթ, որը դժվարացնում է աղքատության ընտանեկան նպաստի համար գյուղապետարանից տեղեկանք վերցնելու խնդիրը: Դեռ 15-16 տարի առաջ բազմանդամ շատ ընտանիքների անդամներ բաժանվեցին, օրինական կարգով եւ իրենց դիմումի համաձայն համարվեցին առանձին տնտեսություն, ստացան 0,15-0,20 հա տնամերձ հողամաս: Շատերը առանձին բնակարան կառուցեցին, իսկ շատերի բնակարանի կառուցումը մինչ օրս մնացել է անավարտ կամ չի էլ սկսվել: Պարզ է, ծնողները նրանց փողոց շպրտել չէին կարող՝ ստիպված բնակվում են համատեղ եւ օգտվում միեւնույն կոմունալ հարմարություններից: Չնայած նրան, որ գյուղի տնտեսական մատյաններով նրանք բաժանված են, համարվում են առանձին տնտեսություն, սակայն նպաստի փաստաթղթերը ձեւակերպելիս գյուղապետարանները բոլորի համար տալիս են մի ընդհանուր տեղեկանք, որտեղ նշվում է ընտանիքի ողջ կազմը, հողերի, անասունների ու թռչունների քանակը միասին: Այնինչ բազմանդամ այդ ընտանիքների մեջ կան միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ երեխաներ ու ամուսնալուծվածներ, եւ նպաստի չափը հաշվելիս տարբեր կարգավիճակների ընտանիքների համար հաշվարկման տարբեր մեթոդներ են գործում: Գյուղապետերն ասում են, թե օրենքով են վարվում՝ նշված ընտանիքներում բոլորն էլ փաստացի ապրում են համատեղ, մի ծածկի տակ, չունեն առանձին մուտք ու դարպաս, էլեկտրական ու գազահաշվիչներ, անասնագոմ ու կոմունալ հարմարություններ, ուստի չեն կարող հաշվվել առանձին ընտանիքներ: Ո՞ւմ մեղադրել՝ գյուղապետի՞ն, թե՞ ոչ ճիշտ օրենքներին: Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Մաստարա գյուղի գյուղապետարանում վերջերս ականատես եղա բազմազավակ ընտանիքի հայր, թոշակառու, անասնապահ Խ. Վարդանյանի եւ գյուղապետ Աղասի Դանիելյանի զրույցին: Գյուղացին բողոքում էր, իսկ գյուղապետը նրան պատասխանում էր վերը նշված օրենքի սահմանում: Տարեց գյուղացին 5 տղաների հայր է,16 տարի առաջ գյուղխորհրդի որոշմամբ ստացել են տնամերձ հողամաս, հողատարածք: Խորհրդային կարգերի օրոք միայն մեծ տղային է հնարավոր եղել բաժանել եւ բնակեցնել առանձին տան մեջ, մնացածի բնակարանների հիմքերը գցել են եւ մինչ օրս թողել թերի: Երեք տղաները ստիպված մեկնել են Ռուսաստան, տանը մնացել է փոքր տղան՝ իր 3 դեռահաս երեխաներով, եւ աղջիկը: Ընտանիքում ոչ մեկը չի աշխատում: Այժմ միատեղ ապրող 3 ընտանիքի համար գյուղապետը տալիս է մի տեղեկանք, դրանով իսկ զրկում 3 երեխային ու չաշխատող երիտասարդ ընտանիքին ընտանեկան նպաստից: Գյուղապետն ասում էր, թե՝ գնա դատարանով բաժանվի, նոր տեղեկանք կտամ: Ճիշտ նկատեց տարեց գյուղացին՝ լավ, գնամ, դատարանով բաժանվեմ, ծախս անեմ, ինչո՞վ կփոխվի վիճակը, չէ՞ որ փաստացիով են հաշվում: Վերջում գյուղացին ավելացրեց. «Ինչքան էլ հող, անասուն, հավ ու բադ գրեն, միեւնույն է, գյուղացին լավ հալի չի հասնի: Ի՞նչ եք ուզում խեղճ ու կրակ գյուղացիներից, գնացեք բացահայտեք նրանց, ովքեր «Փարոսի» փողերով բիզնես են անում»: ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆՄաստարա գյուղի թոշակառու ուսուցիչ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել