Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ

Մարտ 25,2006 00:00

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ Գիրք առաջին Գլուխ առաջին Գլուխ երկրորդ Գլուխ երրորդ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդԳլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդ Գլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ ¶ÉáõË ï³ëÝí»ó»ñáñ¹ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդ Գլուխ քսանհինգերորդ Գլուխ քսանվեցերորդԳլուխ քսանյոթերորդ Գլուխ քսանութերորդ Գլուխ քսանիններորդ Գլուխ երեսուներորդ Գլուխ երեսունմեկերորդ Գլուխ երեսուներկուերորդ Գլուխ երեսուներեքերորդԳիրք երկրորդ Գլուխ առաջին Գլուխ երկրորդ ¶ÉáõË »ññáñ¹ Գլուխ չորրորդ Գլուխ հինգերորդ Գլուխ վեցերորդ Գլուխ յոթերորդ Գլուխ ութերորդԳլուխ իններորդ Գլուխ տասներորդ Գլուխ տասնմեկերորդ Գլուխ տասներկուերորդԳլուխ տասներեքերորդ Գլուխ տասնչորսերորդ Գլուխ տասնհինգերորդ Գլուխ տասնվեցերորդ Գլուխ տասնյոթերորդ Գլուխ տասնութերորդ Գլուխ տասնիններորդ Գլուխ քսաներորդ Գլուխ քսանմեկերորդ Գլուխ քսաներկուերորդ Գլուխ քսաներեքերորդ Գլուխ քսանչորսերորդԳլուխ քսանհինգերորդ Ո՞ՒՄ Է ԺՊՏՈՒՄ ԿՅԱՆՔԸ Կոշիկի տան մոտի իր ժպիտը միանգամայն այլ էր եւ է՛ն ժպիտներից էր, որ մտածել են տալիս՝ ժպտա՞ց, թե՞ ինձ թվաց, այսինքն, ավելի ճիշտ ասած, Կոշիկի տան մոտինը կիսաժպիտ կամ կիսատ ժպիտ էր՝ ինչպես Ջոկոնդա Մոնա Լիզայինն է, այսինքն՝ էնպիսի՛ ժպիտ էր, որը նկատում ու նշմարում է միայն է՛ն անձը, ում կիսաժպտացողը կիսաժպտում է, այսինքն նա՝ ում հասցեագրված է էդ կիսաժպիտը, այսինքն՝ կարճամազ կարմիրշալվարավորի էդ կիսաժպիտը միայն ե՛ս կարող էի նշմարել, զգալ ու մեկնաբանել եւ ահա՝ հենց ե՛ս եմ հետին թվով մեկնաբանում ու խորանալով հասնում էդ, ուրեմն, կիսաժպիտի խորքերը, իսկ ինչ վերաբերում է անձամբ Ջոկոնդա Մոնա Լիզայի կիսաժպիտին, էդ հանրահայտ ու խորհրդավոր կիսաժպիտի մասին բազմաթիվ պատմություններ ու լեգենդներ կան՝ մեկը մեկից արտառոց ու մեկը մեկից անհեթեթ, բայց էդ բազմաթիվ լեգենդներից ամենաարտառոցն ու ամենաանհեթեթը Մետաքսի մեր Տիմոշենկոյի անվան դպրոցի ռուսերենի դասատու Փաշայանի պատմածն էր, ավելի ճիշտ՝ մեր Փաշայանի հորինածն ու պատմածը, որի համառոտ բովանդակությունը հետեւյալն է. Լեոնարդոն, ուրեմն, էս Ջոկոնդա Մոնա Լիզային նկարելիս՝ ամեն ինչ անում է, որ իր էդ բնորդուհին գոնե փոքր-ինչ ժպտա, բայց էդ Ջոկոնդա կոչվածը ոչ մի կերպ չի ժպտում ու չի ժպտում, այսինքն՝ անդրդվելի է մնում, բայց Լեոնարդոն է՛լ պակաս անդրդվելի ու իրասածի չէր եւ ահա Լեոնարդոն սկսում է ծամածռություններ անել, որպեսզի Մոնա Լիզան դրդվի ու գոնե փոքր-ինչ ժպտա, բայց Ջոկոնդա Մոնա Լիզան շարունակում է անդրդվելի ու միանգամայն լուրջ մնալ, բայց, ինչպես ասացի, Լեոնարդոն է՛լ պակաս համառը չէր եւ ահա Լեոնարդոն տեսնելով, որ ոչ մի կերպ չի հաջողացնում ժպտացնել իր բնորդուհուն, սեղանի վրայից վերցնում է թրաշի ածելին եւ կտրում իր իսկ ականջներից մեկը, եւ ահա Մոնա Լիզան նայելով նկարչի կտրված ականջին՝ կոտրվում ու աննշան ժպտում է, ու Լեոնարդոն առանց իրեն կորցնելու՝ վերցնում է վրձինն ու արագ-արագ անմահացնում է իր բնորդուհու էդ աննշան ու նշանավոր ժպիտը: Սա, իհարկե, վարկածներից մեկն է, ավելի ճիշտ՝ Մետաքսի Տիմոշենկոյի անվան մեր դպրոցի ռուսերենի դասատու Փաշայանի վարկածն էր, ու Փաշայանն ըստ երեւույթին Լեոնարդոյին շփոթել էր Վան Գոգի, իսկ Մոնա Լիզային՝ իգական սեռի ինչ-որ սադիստուհու կամ վամպիրուհու հետ, չնայած, շատ հնարավոր է, որ Փաշայանը ոչ մեկին ու ոչինչ էլ չէր շփոթում. պարզապես, իր սովորության համաձայն, ծննդյան տոներից առաջ ուզում էր մի քիչ զվարճացնել մեզ՝ ռուսաց լեզվի պարտադիր ծրագրից առժամանակ կտրելով ու շեղելով, եւ նույնն անում էր նաեւ ամառային արձակուրդներից առաջ, եւ Մոնա Լիզայի ու Լեոնարդոյի էդ պատմությունը ո՛չ առաջինն էր եւ ո՛չ էլ՝ վերջինը, եւ մայիսի ու դեկտեմբերի առաջին իսկ օրերին Մետաքսի մեր Տիմոշենկոյի անվան դպրոցի ռուսերենի դասատու Փաշայանն արագ-արագ ամփոփում էր մեր քառորդային ու կիսամյակային գնահատականներն ու անցնում էր իր զարմանազան պատմություններին, ու էդ պատմություններից ամենահետաքրքիրն ու ամենաանվերջը «Կոմս Մոնթե Քրիստոն» էր, որը Փաշայանն սկսեց վաթսունչորս թվականի մայիսին ու ավարտեց վաթսունվեցի դեկտեմբերի վերջին, ու էդ պատմության ավարտն ինձ համար իսկական ողբերգություն էր էն իմաստով, որ ես իմ ու մեր կյանքն առանց էդ շարունակական պատմության ուղեկցության արդեն չէի պատկերացնում, ու Դանտես Մոնթե Քրիստոյին էլ հենց մեր Փաշայանի տեսքով էի պատկերացնում՝ Փաշայանի ուշ աշնանային ու մանավանդ ձմեռային տեսքով, երբ Փաշայանի սեւ ու երկար անձրեւանոցն աննկատ ու ներդաշնակորեն փոխարինվում էր իր նույնքան սեւ ու նույնքան երկար վերարկուով, որոնք, փաստորեն, նույն էությունն ու նույն բովանդակությունն ունեին ու երկուսն էլ հավասարապես մեր Փաշայանին խորհրդավորությամբ էին պարուրում, ու ես Էդմոն Դանտես-Մոնթե Քրիստոյին հենց մեր Փաշայանի տեսքով էի պատկերացնում, չնայած, հիմա որ հիշում եմ, Փաշայանը Շերլոկ Հոլմսին ավելի՛ էր նման, քան՝ Լիվանովը, մանավանդ որ՝ Լիվանովի ձայնի պես իր ձայնի մեջ էլ որոշակի քանակությամբ ու բաղադրությամբ մետաղ կար, ու էդ մետաղի բաղադրության մեջ մագնիսի չափաբաժի՛ն էլ որոշակիորեն կար, ու հիմա որ հիշելով մտածում եմ, հասկանում եմ, որ, ամեն ինչից զատ, նաեւ իր ձայնի մագնիսականությունն էր մեզ Դանտեսի հոգեվիճակի մեջ ձգում ու տեւականորեն պահում, ու չնայած Փաշայանի էդ սերիալից շատ տարիներ անց ի՛նքս տեւականորեն խրվեցի սերիալների թարգմանության ու վերարտադրության թոհուբոհի մեջ, բայց Փաշայանի սերիալն իր գրավչությամբ ու խորհրդավորությամբ առաջինն ու վերջինն էր, որ ինձ ու Մետաքսի Տիմոշենկոյի անվան դպրոցի իմ համադասարանցիներին պարգեւում էր է՛ն խորհրդավորն ու առանձնահատուկը, ինչը մենք մեր հետագա տարիներին ո՛չ գրքերում գտանք եւ ո՛չ էլ` ֆիլմերում: «Կոմս Մոնթե Քրիստոյի» արանքներում Փաշայանն զգալով, որ մեր լարվածությունը գագաթնակետին է հասնում, զանազան ուրիշ մանրմունր ու զվարճալի պատմություններ է՛լ էր պատմում՝ հիմնականում նշանավոր մարդկանց կյանքից, եւ հիմա հիշելով մտածում եմ, որ էդ պատմությունների մեծ մասը հորինում ու բստրում էր՝ ինչպես Լեոնարդոյի ականջի պատմությունն էր բստրել, ու իր պատմած «Կոմս Մոնթե Քրիստոյի» ահագին հատվածներն է՛լ էր իրենից բստրել ու ավելացրել, ու հիմնականում հենց ամենահետաքրքիր հատվածներն էին իր կողմից բստրված, որովհետեւ հետագայում՝ երբ էդ գիրքը կարդացած ու էդ կինոն տեսած մարդկանց պատմում էի էդ ամենահետաքրքիր հատվածները, էդ գիրքը կարդացած ու էդ կինոն տեսած մարդիկ ասում էին, որ էդ գրքում ու էդ կինոյում էդպիսի բաներ չկան: Այսինքն, Փաշայանն իրենից ինչ-որ բաներ էր հնարում ու ավելացնում էդ հանրահայտ վեպի սյուժեին՝ երեւի է՛ն հասկանալի պատճառով, որ ինքն է՛լ էր զգում իր էդ պատմությունների մշտնջենականության անհրաժեշտությունը, եւ, բացի այդ, մեր Փաշայանը, որի անունը ո՛չ թե չեմ հիշում, այլ՝ երբեւէ չեմ էլ իմացել, հեչ չէր սիրում իր դասավանդած առարկան, ավելի ճիշտ՝ ո՛չ թե իր առարկան չէր սիրում, այլ՝ իր առարկայի հետ կապված մեր անհույս ու անիմաստ չարչարանքներն ու տառապանքները, եւ, փաստորեն, ինքը մեր էդ տառապանքներն ու չարչարանքներն զգալիորեն կրճատելով՝ արհեստականորեն երկարացնում ու ձգձգում էր Դանտեսի եւ այլեւայլ հերոսների ու հերոսուհիների կյանքն ու գործունեությունը, ու չնայած մեր դասարանի գերազանցիկ Գեղեցիկի ծնողներն էդ առթիվ դպրոցի տնօրեն Տիտանյանին բողոքել էին, ու չնայած Տիտանյանն էլ Փաշայանի՛ն էր դիտողություն արել ռուսաց լեզվի հաշվին զանազան ու կողմնակի պատմություններ պատմելու համար, այդուհանդերձ, անդրդվելի ու անզիջում Փաշայանը շարունակում էր ո՛չ թե պարզապես պատմել, այլ հորինելով ու ավելացնելով՝ երկարացնել եւ, փաստորեն, անվերջության հասցնել իր էդ տարաշխարհիկ ու խորհրդավոր պատմությունները եւ Տիտանյանի նկատողությունից հետո առավել ներշնչանքով ու նվիրումով էր այդ անում եւ մեկումեջ դադար տալով ու մեր միակ գերազանցիկ Գեղեցիկին սեւեռուն նայելով՝ ասում էր. «Ում համար հետաքրքիր չէ՝ կարող է լքել աուդիտորիան»: Հիմա որ հիշում ու մտածում եմ, սկսում եմ հասկանալ, որ Փաշայանը մեզ համար անում էր այն, ինչը հիմա ե՛ս եմ փորձում ձեզ համար անել. այսինքն, հերոսների անուններն անփոփոխ թողնելով՝ ավելացնում էր նույն էդ հերոսների արածներն ու ասածները, եւ, փաստորեն, Փաշայանն իրականում ո՛չ թե իմ ռուսաց լեզվի ուսուցիչն էր, այլ՝ գրականության, իսկ ավելի ճիշտ՝ գրողությա՛ն. այսինքն, ուզում եմ ասել, կյանքում հենց էնպես՝ պատահական որեւէ բան չի լինում, ու ամենեւին պատահական չի նաեւ այն, որ ես նշանավոր մարդկանց մասին իր պատմություններից հատկապես Լեոնարդոյի ականջին ու Մոնա Լիզայի դժվարածին ժպիտին առնչվող պատմությունն էս անգամ հիշեցի, որովհետեւ կարճամազ ու կարմիրշալվարավոր հաղթանդամի անունը հենց Լիզա՛ էր, ու ես դա մի քիչ ուշ իմացա, որովհետեւ, երբ Աբրահամյան Օնիկի սպորտխանութի դուռն իր առջեւ բաց արի, եւ ինքն ինձ շնորհակալություն հայտնելով ու ինձ արդեն ակնհայտ ժպտալով՝ խանութից դուրս եկավ, ես էլի ահագին տեղ լուռումունջ իր հետեւի՛ց գնացի եւ ո՛չ թե կողքով՝ ինչպես առողջ տրամաբանությունս ինձ պիտի որ հուշեր, ու էդպես՝ լռությամբ ու առանց խոսքերի մենք Գնունիով դուրս եկանք Աբովյան փողոց ու արդեն դուրս էինք գալիս դեպ հրապարակ, բայց ունիվերմագի մոտ ինքը մի պահ կանգ առավ, մի քիչ մտածեց ու արագաքայլ մտավ ո՛չ թե ունիվերմագ, այլ՝ ունիվերմագի դիմացի գրախանութը, եւ, բնականաբար, ես իր հետեւից սողոսկեցի էդ գրախանութը, որի տեղում էսօր «Սիլ Պլազան» է, եւ իրեն մոտեցա է՛ն պահին, երբ ինքն արդեն Շիրազի հատորն էր թերթում, եւ երբ իրեն հարցրի՝ «Շիրազ սիրո՞ւմ եք», ինքը զարմացած ինձ նայեց ու ասաց՝ «Շիրազ ո՞վ չի սիրում», եւ երբ իրեն հարցրի՝ «ուզո՞ւմ եք՝ էդ գրքից ձեզ համար նվեր առնեմ», ինքն ասաց՝ «ես էս գրքից ունեմ», եւ երբ իրեն հարցրի՝ «բա խի՞ եք ըտենց ուշադիր թերթում», ինքն ասաց՝ «ոչ թե` խի, այլ՝ ինչու», եւ երբ իրեն նորից հարցրի՝ «բա ինչո՞ւ եք ըտենց ուշադիր թերթում», ինքն ասաց՝ «ոչ թե՝ ըտենց, այլ՝ այդպես», եւ երբ կենտրոնանալով նորից հարցրի՝ «ինչու եք այդպես ուշադիր թերթում», ինքն ասաց՝ «ընկերուհուս համար եմ ուզում վերցնեմ՝ վաղը չէ մյուս օրը ծնունդն է», եւ երբ իրեն հարցրի՝ «առնե՞մ», ինքը զարմացած հարցրեց՝ «ո՞ւմ համար» եւ երբ ասացի՝ «ընկերուհուդ համար», ինքը դարձյալ զարմացած հարցրեց՝ «ընկերուհուս համար խի՞ պիտի դուք առնեք», եւ երբ ժպտալով իրեն ուղղեցի՝ «ոչ թե՝ խի, այլ՝ ինչու», ինքը ժպտալով կրկնեց՝ «ընկերուհուս համար ինչո՞ւ պիտի դուք առնեք», եւ երբ ասացի՝ «ոչ թե՝ դուք, այլ՝ դու», ինքն արդեն բարձրաձայն քրքջաց ու քրքջալով ասաց՝ «դուրս գանք. մարդիկ մեզ են նայում», ու չնայած ոչ ոք մեզ չէր նայում, մենք գրախանութից դուրս եկանք, եւ երբ գրախանութի դռների մոտ իրեն մաքուր գրականով հարցրի՝ «ինչո՞ւ ձեր ընկերուհու համար Շիրազի գիրքը չգնեցիք», ինքն ասաց՝ «հետո՛ կգնեմ», եւ երբ հարցրի՝ «միգուցե փո՞ղ չունեք», ինքն ասաց՝ «փող ունեմ, բայց պայուսակումս տեղ չկա՝ մեջը լիքը տետրեր ու գրքեր են», եւ երբ մտովի պայուսակի տետրերին ու գրքերին նաեւ իր առած հսկայական տրուսիկը գումարեցի ու հարցրի՝ «երեւի ուսանող եք, հա՞», ինքը, փաստորեն հարցիս պատասխանելով, ասաց՝ «ոչ թե ուսանող, այլ՝ ուսանողուհի», ու էդ պահին մենք արդեն հրապարակի մեծ գրախանութի մայթին էինք, եւ երբ ինքը մի պահ կանգ առավ, հենց էդ պահին գրախանութից մի շատ նիհար աղջիկ դուրս եկավ եւ մեզ տեսնելով՝ կարճամազին փաթաթվեց, համբուրեց ու հարցրեց՝ «էս ե՞րբ ես էկել, ա՛յ Լիզա», եւ հենց էդ պահին հրապարակի ժամացույցը ժամը երկուսն ազդարարեց, եւ Լիզան ասաց՝ «արդեն մի շաբաթ ա», եւ ընկերուհին ասաց՝ «բա խի՞ չէիր զանգում», եւ Լիզան ասաց՝ «խառը գործերի մեջ էի. էսօր երեւի զանգեի», եւ ընկերուհին ասաց՝ «բա հիմա ի՞նչ ես անում», եւ Լիզան անսպասելիորեն ու հաճելիորեն ասաց՝ «ընկերոջս հետ խանութներն ենք չափչփում. մի քանի բան կա առնելու», եւ ընկերուհին ասաց՝ «ի՞նչ ես առնելու», եւ Լիզան ասաց՝ «հենց նոր ֆիզկուլտի համար սպարտիվկա առա», եւ ընկերուհին հարցրեց՝ «որտեղի՞ց առար», եւ Լիզան ասաց՝ «Ազիզբեկովի սպորտխանութից», եւ չափազանց նիհար ընկերուհին ինձ նայելով Լիզային հարցրեց՝ «իմ ռազմերի սպարտիվկա կա՞ր», եւ Լիզան ընկերուհուն շատ չոր տոնով ասաց՝ «ամեն ռազմերի էլ կար» ու ավելացրեց՝ «ծանոթացի՛ր ընկերոջս հետ», եւ ընկերուհին ինձ ժպտաց ու ասաց՝ «Կառա», եւ ես ասացի` «Արմեն», եւ Կառան Լիզային ասաց՝ «չգնա՞նք մեր տուն, Լի՛զ», եւ Լիզան ասաց՝ «չէ. գործեր ունենք», եւ Կառան ասաց՝ «դուք գիտեք», եւ Լիզան ընկերուհուն շատ չոր տոնով ասաց՝ «դե, մենք գնացինք. պակա», եւ Կառան ասաց՝ «պակա», եւ ես Կառային ասացի՝ «ցտեսություն»: «Ոչ թե պակա, այլ՝ առայժմ»,- Լիզային ասացի ես, երբ Կառան արդեն գնացել էր, եւ հենց էդ պահին «Արարատ» ռեստորանի դալանի մոտ էինք, ու հենց էդ պահին վերստին հիշեցի, որ երեկոյան յոթին Ֆրունզիկի, Շերենցի ու Լեւոն Ներսիսյանի հետ ժամադրված եմ, եւ երբ խոսքիս վրա Լիզան ինձ ժպտաց ու ասաց՝ «առայժմ», ես շանթահարված ասացի՝ «ի՞նչ իմաստով», եւ ինքն ասաց՝ «բառի բուն իմաստով», եւ երբ ասացի՝ «բա չենք ծանոթանո՞ւմ», ինքն ասաց՝ «փաստորեն, արդեն ծանոթացանք. արդեն դու ի՛մ անունը գիտես, ես՝ քոնը», եւ երբ նեղսրտած ասացի՝ «բա ո՞ւր ես գնում», ինքն ասաց՝ «չգիտեմ. դո՛ւ պիտի ասես՝ ուր ենք գնում», եւ երբ ես թեթեւացած շունչ առա ու ասացի՝ «որ ասեցիր «առայժմ», լուրջ ընդունեցի», ինքն ասաց՝ «դո՛ւ հրամայեցիր, որ ոչ թե «պակա» ասեմ, այլ ասեմ՝ «առայժմ». դե, ես էլ ասացի»: – Մի տեղ սուրճ չխմե՞նք,- առաջարկեցի ես: – Լավ սուրճի տեղ գիտեմ,- ասաց Լիզան.- ավազի վրա են եփում: – «Սկվազնյա՞կ»,- հարցրի ես: – Չէ,- ասաց Լիզան.- էս կողմերում լավ տեղ գիտեմ: – Էս կողմերում որտե՞ղ,- հարցրի ես: – Գնում ենք,- ասաց Լիզան.- էդ ուղղությամբ ենք գնում: – Շատ ա՞ հեռու,- հարցրի ես: – Հասնում ենք,- ասաց Լիզան.- որ հասնենք՝ կասեմ: Մենակ թե՝ հետ մի՛ ընկիր. կողքովս հավասար արի: – Հավասար գալիս եմ,- ասացի ես.- էլ հետ չե՛մ ընկնի: – Միշտ ե՞ս էսքան դանդաղ քայլում,- հարցրեց Լիզան.- հետեւիցս հազիվ էիր հասնում: – Դիտմամբ էի ոտս կախ գցում. մտածում էի՝ ո՞նց սկսեմ: – Ի՞նչը ոնց սկսես: – Խոսակցությունը։ Մտածում էի՝ ինչի՞ց սկսեմ: – Ինչի՞ց սկսեցիր: – Ոչ մի բանից: Ավելի ճիշտ՝ Շիրազի գրքից: – Մեր կուրսի Կառային որ տեսած չլինեինք, երեւի չէինք էլ ծանոթանա: – Իրար հետ, փաստորեն, կարգին չծանոթացանք,- ասացի ես.- փաստորեն, ես ու ձեր կուրսի Կառա՛ն ենք ծանոթացել: – Կարեւորն այն է, որ արդեն մեկս մյուսիս անունը գիտի: – Ճիշտ ես ասում, Լի՛զա,- ժպտացի ես: – Շատ ուժեղ հիշողություն ունես, Արմե՛ն,- ժպտաց Լիզան.- լավ է, որ գոնե անունս հիշում ես: – Դո՛ւ էլ պակաս հիշողություն չունես,- ժպտացի ես: – Քո հույսին որ մնայինք՝ երեւի մինչեւ Չերյոմուշկա իրար հետեւից քայլեինք,- նորից ժպտաց Լիզան: – Ինչի՞ Չերեմուշկա,- հարցրի ես: – Որոշել էի մեծ քրոջս տուն գնալ,- ասաց Լիզան.- Չերյոմուշկայում են ապրում: – Մինչեւ Չերեմուշկա ոտով պիտի գնայի՞ր,- զարմացա ես: – Ի՞նչ կա որ: Ես ոտքով քայլել սիրում եմ: Համ էլ հետաքրքիր էր՝ ինչքա՞ն հետեւիցս կգայիր: – Մինչեւ Չերեմուշկա հաստա՛տ կգայի,- ասացի ես: – Գիտեմ, որ կգայիր,- ասաց Լիզան.- բայց կողքովս կգայի՞ր, թե՞ էլի հետեւիցս: – Երեւի՝ կողքո՛վդ,- ասացի ես.- մինչեւ Չերեմուշկա հաստատ խոսակցություն կբացեի: – Կասկածում եմ,- ասաց Լիզան:- Չնայած… հնարավոր է, որ ստադիոնի կողմերում վերջապես լեզու առնեիր: – Ստադիո՞նն ինչ կապ ունի,- զարմացա ես: – Ստադիոնի մոտո՛վ եմ Չերյոմուշկա գնում,- ասաց Լիզան: – Ստադիոնով մինչեւ Չերեմուշկա ոտով ե՞ս գնում,- հարցրի ես: – Շատ է պատահել,- ասաց Լիզան:- Ստադիոնի մոտով ու Ծիծեռնակաբերդով դուրս եմ գալիս Չերյոմուշկա: – Ահագին ճանապարհ ա,- ասացի ես.- չես հոգնո՞ւմ: – Չէ,- ասաց Լիզան: Երբ Կոմեդիայի թատրոնն անցանք ու արդեն մոտենում էինք դատախազության շենքին, Լիզան ասաց. – Ա՛յ էստեղ եմ ասում. էստեղի սուրճը շատ լավն է: Աջի վրա՝ Կոմեդիայի թատրոնի ու Դատախազության արանքում մի գողտրիկ ու կանաչապատ տարածք էր՝ աշխարհից կտրած ու խնամքով թաքցրած, ու էդ պստիկ տարածքում երեւի տասից ավելի սեղաններ էին հնարամտորեն տեղավորած, ու մենք նստեցինք անկյունի ազատ սեղանի մոտ: – Ողջո՜ւյն, Լի՛զըչկա,- դախլի հետեւից Լիզային ողջունեց շատ նիհար, բեղավոր, ճերմակ խալաթավոր մի բիձուկ: – Ողջո՜ւյն, էֆենդի՛,- պատասխանեց Լիզան: – Հաճախ ե՞ք էստեղ գալիս,- հարցրի ես: – Էս երրորդ անգամն է,- ասաց Լիզան.- կուրսի աղջկերքով ընդամենը երկու անգամ ենք էստեղ եղել, բայց էս մարդն արդեն բոլորիս անուններն անգիր գիտի: – Դու էլ իրա՛ անունը գիտես,- ասացի ես: – Իմ իմանալը նորմալ է,- ասաց Լիզան.- ինքը մի հոգի է, մենք՝ շատ: – Անունն Էֆենդի՞ է,- հարցրի ես: – Երեւի,- ասաց Լիզան.- ինքը իրեն Էֆենդի է անվանում: Շատ ուրախ ու հետաքրքիր բիձուկ է: Պոլսահայ է: – Հրամմեցե՛ք,- մեզ ժպտալով՝ ասաց Էֆենդին: – Երկու հատ սուրճ, Էֆենդի՛,- ասաց Լիզան: – Երկուքն ալ նորմա՞լ, Լի՛զըչկա,- հարցրեց Էֆենդին: – Քաղցր ե՞ս խմում, թե՞ դառը,- ինձ հարցրեց Լիզան: – Նորմալ,- ասացի ես: – Երկուսն էլ նորմալ,- Էֆենդուն ասաց Լիզան: – Երկուքն ալ սերո՞վ,- հարցրեց Էֆենդին: – Սերով ե՞ս խմում,- ինձ հարցրեց Լիզան: – Բնականաբար,- ասացի ես: – Երկուսն էլ սերով,- Էֆենդուն ասաց Լիզան: – Սերի մեջ մնաք,- ժպտաց Էֆենդին: – Ասում ես՝ մինչեւ Չերեմուշկա ոտով ե՞ս գնում,- հարցրի Լիզային: – Հա,- ասաց Լիզան.- որ հավես է լինում՝ ստադիոնով ու Ծիծեռնակաբերդի անտառով գնում եմ: – Մենմենա՞կ,- զարմացա ես: – Հա,- ասաց Լիզան.- զարմանալու ի՞նչ կա: – Բա չես վախենո՞ւմ,- հարցրի ես: – Ինչի՞ց պիտի վախենամ,- զարմացավ Լիզան: – Ծիծեռնակաբերդի անտառով մենմենակ որ գնում ես՝ չես վախենո՞ւմ: – Դու կվախենա՞ս Ծիծեռնակաբերդի անտառով մենմենակ գնաս: – Ես տղա եմ: – Դու տղա ես, բայց ես էլ էրկու քո ջանին եմ: – Շատ ես չափազանցնում: – Դե լավ. մեկուկես ջանիդ եմ: – Ոչ թե ջան, այլ՝ մարմին,- ասացի ես: – Ինձ հայերեն ե՞ս սովորեցնում,- ժպտաց Լիզան: – Էդ սովորացնելը քեզանից սկսվեց: – Հանաք արինք՝ անցավ,- ասաց Լիզան.- հայոց լեզվի դասն ավարտվեց: Հիմա արդեն լրիվ լուրջ ենք խոսում: – Լուրջ խոսանք: – Դու հիմա երեւի քո մեջ մտածում ես, որ ինձ ամեն մեկը կարա փողոցում խոսացնի: – Ըտենց բան չեմ մտածում,- ասացի ես: – Չես էլ կարա մտածես,- ծիծաղեց Լիզան.- որովհետեւ իրականում ոչ թե դո՛ւ ես ինձ խոսացրել, այլ՝ ե՛ս քեզ: – Ե՛ս սկսեցի. Շիրազի գրքի հաշվով խոսակցությունը ե՛ս եմ բացել: – Ես որ ճանապարհին մի քանի անգամ շուռ չգայի ու քեզ չնայեի, դու դժվար էլ Շիրազի գրքի մասին խոսակցություն բացեիր: – Դու ո՛չ թե ընդամենը նայեցիր, այլեւ՝ նույնիսկ մի քանի անգամ ժպտացի՛ր ինձ: – Առավել եւս: Եթե մի քանի անգամ քեզ չժպտայի, հիմա երեւի Կոնյակի գործարանի մոտով հետեւիցս սուսուփուս գալիս էիր: – Շատ հնարավոր ա,- ասաց ես.- հետեւիցդ գալը շատ հաճելի էր: – Խի՞,- ծիծաղեց Լիզան.- հետեւից ավելի լավ ե՞մ նայվում: Հետեւից ավելի սիրուն ե՞մ: – Բոլոր կողմերից էլ լավ ես նայվում,- ասացի ես.- բոլոր կողմերից էլ սիրուն ես: – Բարի վայելո՛ւմ,- ասաց Էֆենդին` սկուտեղով սուրճերը բերելով:- Երիտասարդի անունն ի՞նչ է: – Արմեն,- ասացի ես: – Էֆենդի՛,- ասաց ինքը՝ ձեռքն ինձ մեկնելով։- Արմե՛ն տղա, չըլնեմ-չիմանամ՝ մեր Լիզըչկային նեղացնես: – Ես սիրածս մարդկանց նեղացնելու սովորություն չունեմ,- ասացի ես՝ Էֆենդու չորուկ ձեռքը սեղմելով: – Անմիջապես զգացվում է, որ ընկերդ սովորական տղա չի, Լի՛զըչկա,- ժպտաց Էֆենդին: – Սովորական տղերքի հետ ի՞նչ գործ ունեմ, ա՛յ Էֆենդի,- ծիծաղեց Լիզան: – Երիտասարդը չափազանց օրիժինալ պատասխան տվեց,- ասաց Էֆենդին: – Հա,- ասաց Լիզան.- ինքը հազվադեպ է խոսում, բայց որ խոսում է՝ Աստված հեռու պահի: – Բարի վայելում,- ասաց Էֆենդին: – Շնորհակալություն, Էֆենդի՛,- ասաց Լիզան: – Մերսի,- ասացի ես: – Շատ օրիժինալ տղա ես,- ասաց Լիզան, երբ Էֆենդին արդեն գնացել էր: – Նորություն ասա. Էֆենդու ասածն ես կրկնում,- ասացի ես: – Ես մեղք չունեմ, որ իմ ու Էֆենդու կարծիքներն իրար բռնում են,- ասաց Լիզան:- Ասում ես՝ քեզ քանի անգամ ժպտացի՞: – Երեք,- ասացի ես: – Լավ ե՞ս հաշվել: – Ավելի ճիշտ՝ երկու: Երեք անգամ նայեցիր, բայց ընդամենը երկու անգամ ժպտացիր: – Կներես, որ ընդամենը երկու անգամ եմ ժպտացել: – Էն էլ՝ շատ ժլատ ու շատ թեթեւ ժպտացիր. իսկը ադաշիդ պես ժպտացիր՝ շատ ժլատ ու շատ խորհրդավոր: – Ի՞նչ ադաշ,- զարմացավ Լիզան.- ադաշս ո՞վ է: – Լիզան: – Ի՞նչ Լիզա: – Մոնա Լիզան: – Շատ ճիշտ համեմատություն գտար,- ծիծաղեց Լիզան.- ինձ հաճախ են Մոնա Լիզային նմանեցնում: – Շատ նման եք,- ասացի ես: – Մանավանդ պրիչոսկես,- ծիծաղեց Լիզան: – Որ մազերը կարճացներ ու կարմիր շալվար հագներ, քեզ շատ կնմանվեր,- ասացի ես: – Իր համար արդեն ուշ է,- ասաց Լիզան.- ավելի ճիշտ կլինի՝ ե՛ս պարիկ դնեմ ու շալվարս էլ հանեմ: – Էդ է՛լ ա վարիանտ,- ասացի ես.- բայց առանց պարիկի ու շալվարով ավելի՛ օրիժինալ ես: – Նման զնմանն գտանե,- ասաց Լիզան: – Էս գրաբարի անցա՞ր: Կարող ա՞ բանասիրական ես սովորում,- հարցրի ես։ Շարունակությունը՝ հաջորդ շաբաթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել