Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻԼԵՆ

Մարտ 25,2006 00:00

ՎԻԼԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ԲԺՇԿԱԿԱՆԻՑ ԴՈ՞ՒՐՍ ԵՆ ՄՂՈՒՄ Բուհերի խորհուրդների նորընտիր նախագահներից ոմանց գործերը կտրուկ վատացել են Խոսքը վերաբերում է այն բուհերի նախագահներին (նախկին ռեկտորներին), որոնց ռեկտոր ընտրվել են ոչ իրենց մարդիկ: Իսկ դա կատարվել է Երեւանի պետական բժշկական համալսարանի եւ որոշ առումով նաեւ՝ Երեւանի պետական տնտեսագիտական ինստիտուտի դեպքում, թեեւ այս մասին ոչ ոք բացահայտ չի խոսում: Օրերս Բժշկականի նախկին ռեկտոր, ներկայիս խորհրդի նախագահ Վիլեն Հակոբյանը դիմել է բուհի ռեկտոր Գոհար Քյալյանին՝ խնդրանքով, որ վերջինս իրեն թույլ տա մասնակցել ֆարմակոլոգիայի ամբիոնի վարիչի ընտրություններին, որը, հավանաբար, տեղի կունենա ապրիլի վերջին: Պրն Հակոբյանը ռեկտորի պաշտոնի հետ 10 տարի հասարակական կարգով համատեղել է նաեւ հիշյալ ամբիոնի վարիչի պաշտոնը: Այսօր նա դրա իրավունքը չունի, որովհետեւ ի պաշտոնե խորհրդի նախագահ է: Սակայն, պարզվում է, նա նույնիսկ աշխատասենյակ չունի: «Մինչեւ հիմա ոչ տեղ ունեմ, ոչ էլ ինձ որեւէ իրավունք է վերապահվում այդ համալսարանում։ Կրթության եւ գիտության նախարարը մեր բուհում հայտարարեց, որ խորհրդի նախագահը ավելի շատ աշխատավարձ կստանա, քան ռեկտորը, նույնն ասել է Տնտեսագիտականում, Պետական համալսարանում: Իսկ հիմա փոխնախարար Արա Ավետիսյանը վարչապետի կամ նախարարի անունից ինձ եւ Տնտեսագիտականի խորհրդի նախագահ Գրիգոր Կիրակոսյանին (բուհի նախկին ռեկտոր- Հ. Բ.) ասում է, որ իրավունք չունենք որեւէ ակնկալիք ունենալու»,- մեզ հետ զրույցում ասաց Վ. Հակոբյանը: Ըստ նորմատիվ համապատասխան ակտերի, իսկապես, խորհրդի նախագահը եւ անդամները աշխատում են հասարակական կարգով եւ նրանց համար աշխատավարձ չի սահմանվում: Սակայն դեռեւս ԵՊՀ խորհրդի նախագահի առաջին ընտրությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ԿԳ նախարարը ասաց, որ ամեն բուհի ներսում, ելնելով բյուջեից, աշխատավարձ կսահմանվի նաեւ խորհրդի նախագահին, սենյակ կտրամադրվի, որովհետեւ նրանցից շատերն այլ աշխատանք չունեն: Մեզ հետ զրույցում նույնն ասաց նաեւ ԵՊՀ խորհրդի անդամ Հովիկ Աբրահամյանը. «…Նաեւ վարձատրության խնդիր կա, եւ մենք կրթության նախարարին հանձնարարել ենք, որ նախագիծ ներկայացնի կառավարություն, քննարկենք, միգուցե հնարավորություն տանք վարձավճարների հաշվին նաեւ աշխատավարձի հարց լուծել»: Այս ամենը ի չիք է դարձել մասնավորապես Բժշկականի պարագայում. «Տեսա, որ պաշտոնական հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը, ես էլ որոշեցի գնամ ամբիոն, չի կարելի առանց աշխատավարձի մնալ»,- ասում է Վիլեն Հակոբյանը, որ դեռ ռեկտորի ընտրությունների ժամանակ կարծում էր, որ քաղաքակիրթ երկրների բուհերի օրինակով, խորհրդի նախագահի պաշտոնն ավելի հեղինակավոր է, քան ռեկտորինը. «Մյուս երկրներում որ նայեք, բարձրագույն օրգանն է համարվում բուհական խորհուրդը, եւ այնտեղ կոչվում է համալսարանի պրեզիդենտ: Այսօրվա օրով պետք էր, որ ռեկտոր ընտրեին ու խորհրդի նախագահներին ասեին՝ բարի ճանապարհ»: Պրն Հակոբյանը վստահեցնում է, որ ռեկտորի հետ ոչ մի խոսակցություն չի եղել, այսինքն՝ հակասություններ չկան, ինչի մասին խոսակցությունները առկա են, եւ կարծիք կա, որ նման խնդիրները հեշտ լուծվում են ռեկտորի միջամտությամբ, ինչպես Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի կամ Ճարտարապետաշինարարական համալսարանի պարագայում, որտեղ ռեկտոր դարձան նախկին ռեկտորների եւ ներկայիս խորհրդի նախագահների նախընտրած թեկնածուները: Բժշկականի ռեկտոր Գոհար Քյալյանը եւս պնդում է, որ այս ամենն իր հետ ոչ մի կապ չունի. «Ամեն մարդ ինքն է որոշում ինչ անի, մենք շատ լավ ենք իրար հետ, ինչո՞ւ պետք է վատ լինենք, դա իր ընտրությունն է, ես չեմ կարող խանգարել: Հակառակը՝ կարծում եմ, որ ամեն մարդ իր կյանքում պետք է ինքը ճիշտ նայի՝ ոնց է իրեն հարմար, ես կարծում եմ, որ գիտնականի, ակադեմիկոսի համար իր ամբիոնը, իր գիտությունը շատ կարեւոր են: Նա դիմում է գրել՝ թույլ տվեք մասնակցեմ ընտրություններին՝ եթե դառնամ ամբիոնի վարիչ, իհարկե կթողնեմ նախագահի պաշտոնը։ Մակագրել եմ, որ թույլ եմ տալիս, որ մասնակցի ընտրություններին։ Ապրիլի վերջին գիտխորհրդի նիստին ընտրություն կլինի։ Բայց ես ամեն կերպ պատրաստ եմ նրա հետ աշխատելու, եւ աշխատում եմ: Ոչ մի հակասություն, ոչ մի պրոբլեմ չունեմ: Կարծում եմ, որ մարդն աշխատանքի մեծ փորձ ունի, ինչո՞ւ պետք է մնա անգործ»։ Համառ են լուրերն այն մասին, որ, հնարավոր է՝ Վիլեն Հակոբյանին դասախոսները ամբիոնի վարիչ էլ չընտրեն՝ որոշ ճնշումների ենթարկվելով: Իսկ Վ. Հակոբյանն իր շանսերը բարձր է գնահատում այն առումով, որ 10 տարի այդ ամբիոնն է ղեկավարել. «Ամոթ այդ կոլեկտիվին, որ չպետք է ընտրեն ինձ»,- ասում է նա: Այս օրերին Գ. Քյալյանը ուսումնասիրում է բուհի ներքին անցուդարձը: Մեր տեղեկություններով, ռեկտորին արդեն սկսել են հրաժարականի դիմումներ ներկայացնել հատկապես Վիլեն Հակոբյանի համակիրները, օրինակ՝ Արտասահմանցի ուսանողների դեկան Սամվել Ավետիսյանը: Ըստ որոշ լուրերի, այդ մարդկանց կփոխարինեն ինչ-որ երիտասարդ կանայք: Գոհար Քյալյանին ուղղված մեր հարցին, թե բուհում կադրային ջա՞րդ է սկսվել, տիկին Քյալյանը պատասխանեց. «Կադրային ջարդը ո՞րն է, եղե՞ռնը: Ձեզ ինչպե՞ս էր թվում, որ ընդհանրապես ոչ մեկը չպե՞տք է ազատվի: Ձեր «Առավոտ» թերթում երբեք ոչ մեկին չե՞ն ազատում։ Ինչպես «Առավոտում», այնպես էլ Երեւանի պետական բժշկական համալսարանում հիմնավոր պատճառներով ինչ-որ մարդիկ կազատվեն աշխատանքից: Դեռ ուսումնասիրում ենք, ինչքա՞ն ենք աշխատել որ։ 2 շաբաթում մարդը դեռ կարող է ծանոթանալ՝ ի՞նչ է, ինչպե՞ս է»: Տիկին Քյալյանը խոստացավ ապրիլի սկզբին ամեն ինչի մասին հանգամանալից խոսել, նաեւ հաշվի առնել մեր կարծիքը. «Դուք էլ կարող եք ինչ-որ կարծիք հայտնել, ինչ-որ մի բանով օգնել։ Ամեն մարդու կարծիք ունի նշանակություն, այդ թվում եւ՝ լրագրողի ու մյուսների»։ Մեր տեղեկությունները, թե շուտով իր պաշտոնից կհրաժարվի նաեւ Տնտեսագիտականի խորհրդի նախագահ Գրիգոր Կիրակոսյանը, վերջինս հերքեց: Նրան էլ, պարզվում է, իսկապես ասել են, որ վարձատրվելու առումով ակնկալիքներ չունենա, բայց չի պատրաստվում թողնել պաշտոնը: Պրն Կիրակոսյանը մեզ ասաց, որ ինքը ժամավճարով բուհում աշխատելու իրավունք ունի, իր պաշտոնից աշխատավարձ չի ակնկալում եւ պատրաստվում է նաեւ աշխատանք փնտրել դրսում: Ինչ վերաբերում է ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանի հետ խորհրդի նախագահների հանդիպմանն ու վերջիններիս տված նրա զգուշացումներին, ապա պրն Ավետիսյանը մեզ հետ զրույցում միայն հիշեցրեց, որ որեւէ նորմատիվ ակտով չի սահմանվում, որ խորհրդի նախագահները պետք է աշխատավարձ ստանան այդ պաշտոնի համար կամ նրանց սենյակներ ու տարածքներ պետք է տրամադրվեն: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել