ԹՐԱՖԻՔԻՆԳՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԵՆ ՆԱԵՎ ՎԱՆԱՁՈՐՑԻՆԵՐԸ Կանխվել է անչափահասի տեղափոխումը Դուբայ Վանաձորցի հայտնի կավատ Արուսյակ Մելքումյանին Լոռու մարզի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Բարիկ Գրիգորյանի նախագահությամբ, մարտի 17-ին մարդկանց առեւտրի մեղադրանքով դատապարտեց 4 տարվա ազատազրկման: Նրա գործընկերը՝ երեւանցի Կալիպսե Հովհաննիսյանը, դատապարտվեց 2 տարվա ազատազրկման: Արուսյակ Մելքումյանին ճանաչում են «Կարինե» անվամբ: Նա համարվում է քաղաքի ամենախոշոր կավատը: Կարինեն իր տանն աղջիկներ էր պահում եւ «մատակարարում» տղամարդկանց, ինչպես նաեւ՝ մարմնավաճառության նպատակով ուղարկում արտերկիր: 51-ամյա կինը հասցրել էր արդեն երկու անգամ դատապարտվել: Առաջին անգամ ազատազրկվել է մեկ տարի ժամկետով, իսկ երկրորդ անգամ համաներման մասին որոշմամբ ազատ է արձակվել: Նա ամուսնացած է, երեխա չունի: Ժամանակին լուրջ կասկածներ են եղել, որ նա զբաղվել է երեխաների առեւտրով, սակայն հիմնավոր փաստերի բացակայության պատճառով քրեական գործ չի հարուցվել: Արդեն ութ տարի է՝ Կարինեի հիմնական գործընկերը երեւանցի 56-ամյա Կալիպսե Հովհաննիսյանն է: Քննությամբ պարզել է, որ Կալիպսե Հովհաննիսյանը Վանաձոր էր եկել Դուբայում հայտնի կավատ, վանաձորցի Նարինե Խաչատրյանի հեռախոսային առաջարկով՝ հավաքագրել նյութական ծանր վիճակում հայտնված կամ ամուսնալուծված երիտասարդ բարետես աղջիկների: Ժամանակավորապես բնակվելով Կարինեի տանը՝ Կալիպսեն նրան առաջարկում է մեծ գումարով աղջիկներ հավաքագրել: Կարինեն իր հերթին շահավետ առաջարկությունը փոխանցում է վանաձորցի Անժելա Ծատինյանին, որն էլ չի առարկում: Ա. Ծատինյանը 2003 թ. օգոստոսի վերջին Աննային «հանձնում» է Կարինեին: Գտնվելով ծանր սոցիալական պայմաններում՝ Աննայի մայրը համաձայնում է աղջկան ուղարկել Թուրքիա՝ բարձր աշխատավարձով երեխա պահելու կամ էլ բնակարան մաքրելու նպատակով: Երեւանում Կալիպսեի ու Անժելայի ուղեկցությամբ Աննան մեկնում է Մոսկվա: Այստեղ նրան դիմավորում են Սեւակ Սիմոնյանը, Արայիկ Մարտիրոսյանն ու Արայիկ Աղաջանյանը: Տղաները Աննայի համար կեղծ անձնագիր են պատրաստում եւ նրան ճանապարհում Դուբայ: Աղջկան ճանապարհելուց մի քանի օր անց մայրը՝ Լ. Փ.-ն, այցելում է Կարինեին, որտեղ հանդիպում է Կալիպսե Հովհաննիսյանին: Նոր ծանոթուհին տեղեկացնում է, որ Աննան գտնվում է Դուբայում: Մայրը պահանջում է վերադարձնել դստերը, իսկ Կալիպսեն հորդորում է չաղմկել՝ հավատացնելով, թե աղջիկը գտնվում է ապահով ձեռքերում: Երբ Աննայի մայրը հեռախոսով զրուցում է աղջկա հետ, հասկանում է, որ դուստրը կաշկանդված է ու չի կարողանում ազատ խոսել: Աննան Դուբայում մարմնավաճառությամբ էր զբաղվում Նարինե Խաչատրյանի ենթակայության տակ: Նրան վերահսկում էր Լիլիթ Համբարձումյանը: «Տերերից» ազատվելու համար Աննան դիտավորյալ «ընկնում է» Դուբայի ոստիկանություն, որտեղ հինգ ամիս անցկացնելուց հետո արտաքսվում է Հայաստան: Աննան այժմ պատրաստվում է ամուսնանալ: Ապագա ամուսինը ոչնչից տեղյակ չէ: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիքինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանի գնահատմամբ՝ տուժողը շատ լավ հասկանում է, որ հիմնական մեղավորները Անժելա Ծատինյանն ու Նարինե Խաչատրյանն են, որոնք գտնվում են միջազգային հետախուզման մեջ: Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում ընթացող դռնփակ դատաքննությամբ պարզվեց Կալիպսե Հովհաննիսյանի մեղքը անչափահաս Անուշին Դուբայ ուղարկելու մեջ: 2003-ին Վանաձորի բնակչուհի Գայանե Մատինյանը իր հարեւանուհու աղջկան առաջարկել է մեկնել Թուրքիայում աշխատող ծնողների մոտ: 17-ամյա Անուշը Թուրքիայի ինքնաթիռի տոմս գնելու եւ անձնագրում ելքի թույլտվության կնիք դրոշմելու նպատակով անձնագիրը հանձնել է Գայանեին: Հետո իմացել է, որ իրեն Թուրքիայի փոխարեն ուղարկելու են Դուբայ եւ՝ ինչ նպատակով: Ոստիկանությունը ժամանակին կարողացել էր բացահայտել եւ կանխել անչափահասի տեղափոխումը: 33-ամյա վանաձորցի Նարինե Խաչատրյանն ու 32-ամյա Անժելա Ծատինյանը գտնվում են միջազգային հետախուզման մեջ: Դատավոր Բարիկ Գրիգորյանը Արուսյակ (Կարինե) Մելքումյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման՝ հաշվի առնելով միմիայն նրա առողջական վիճակը. նա երկրորդ խմբի հաշմանդամ է: Կալիպսե Հովհաննիսյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման. նրա դեպքում հաշվի առնվեց նախկինում դատապարտված չլինելու հանգամանքը, առողջական վատ վիճակը: «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում նա կաթված է ստացել, հիվանդացել թոքաբորբով: ՆԱԻՐԱ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ www.hetq.am