Լրահոս
Օրվա լրահոսը

Կոալիցիայի շրջանակներում սեւ կատու է անցել

Մարտ 25,2006 00:00

Կոալիցիայի շրջանակներում սեւ կատու է անցել Ո՞ւմ մենախոսությունն է «Խորհրդարանական շաբաթը» Խորհրդարանի աշխատանքները լուսաբանող հաղորդումների հեռարձակման վերաբերյալ ընթացիկ տարում ԱԺ կանոնակարգ-օրենքում որեւէ փոփոխություն չի կատարվի: «Նոյյան տապանի» թղթակցին այս մասին հայտնել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ ասելով, որ այս մասին որոշում է կայացվել խումբ-խմբակցությունների ղեկավարների խորհրդակցությունում, ուր քննարկվել է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի առաջարկը: Հիշեցնենք, որ վերջինս առաջարկել էր վերացնել հաղորդումների հեռարձակման վերաբերյալ ԱԺ կանոնակարգ-օրենքով ամրագրված պահանջը եւ հեռարձակումները իրականացնել խորհրդարանի եւ խորհրդի միջեւ կնքվելիք պայմանագրի հիման վրա: Գալուստ Սահակյանն ասել էր նաեւ, որ անձամբ իր համար ընդունելի է Ալեքսան Հարությունյանի առաջարկը, բայց ոչ ընթացիկ նախընտրական տարում: Երեկ էլ ԱԺ ճեպազրույցների ժամանակ պարոն Սահակյանը երկրորդեց իր ասելիքը եւ նույնիսկ հայտարարեց, որ «Խորհրդարանական շաբաթ» հաղորդումը գրաքննության է ենթարկվում: Գալուստ Սահակյանի գնահատականը միանշանակ էր՝ «Խորհրդարանական շաբաթը» վերածվել է մեկ անձի մոնոլոգի. «Նույնիսկ արդեն հասարակության մեջ է երեւում, որ «Խորհրդարանական շաբաթը» միակողմանի բնույթ է կրում կամ՝ գրաքննության ենթարկված իրողություն է: Խնդիրը վերաբերում է հետեւյալին, որ նույնիսկ այս պայմաններում մենք դեմ ենք խաղի կանոնները փոխելուն: Ի՞նչ է կատարվում. ըստ Կանոնակարգ-օրենքի, յուրաքանչյուր խմբի կամ խմբակցության տրվում է երեքական րոպե, եւ հասարակայնության հետ կապի վարչությունը, որը, բոլորս գիտենք, բավականին հմուտ եւ փորձառու մասնագետներով է համալրված, այն 15 րոպեն, որ տրված է ԱԺ-ն ներկայացնելու համար, շատ հաճախ 30-40 րոպե է տեւում, եւ միակողմանի, չարդարացված, անըմբռնելի ներկայացումներ է պատրաստում, որը ցուցադրվում է: Կարող եմ բերել օրինակ՝ վերջերս «Էներգետիկ անվտանգության հարցերով» լսումներ էին, չարտահայտվեց ոչ կառավարության ներկայացուցչի զեկուցը, ոչ պատգամավորների ելույթները, այլ՝ մոնոլոգ կատարվեց, իբրեւ թե այստեղ մի մեծ գործ է կատարվում, առավել եւս դրա նախորդ շրջանում էլ ապակողմնորոշեցին հասարակությանը, թե այսօր գործող ատոմակայանը մասնավորեցվում է, եւ ուժեր կան, որ կրծքները դեմ արած պաշտպանում են»: Տեղից հարցրին՝ նկատի ունի «Օրինաց երկրի՞ն»: Պատասխանեց. «Նկատի ունեմ բոլոր երկրներին, որոնք ողջ ծավալների մեջ են տեղավորվում, բայց դա մեզ համար գոնե վտանգավոր չեմ համարում այն առումով, որ առաջիկա ընտրություններում խոսքն ու գործն են մրցակցելու իրար հետ, եւ կարծում եմ՝ գործով ուժեղ ենք, խոսքով՝ մի փոքր պասիվ»: Լրագրողներից մեկի հարցին՝ իսկ ո՞վ է գրաքննություն իրականացնում, պատասխանեց. «Երբեմն ես էլ եմ մասնակից դառնում»: ՀՅԴ քարտուղար Հրայր Կարապետյանը նկատեց, որ թեեւ ամեն ուրբաթ իրենք քննարկում են հաղորդման բովանդակությունը, բայց միայն վերջերս է այն «մի քիչ բարելավվել»: Ակնհայտ էր, որ Գալուստ Սահակյանի եւ մասամբ Հրայր Կարապետյանի մտքերը ներկոալիցիոն խմորումների արդյունք են, եւ այսօրվանից գործընկերները փորձելու են զմիմյանս չեզոքացնել, սեւացնել, խանգարել, քանի որ բառացիորեն մեկ տարուց պակաս ժամանակ է մնացել մինչեւ նոր ընտրություններ, որի ժամանակ այսօրվա գործընկերները դառնալու են մրցակից-հակառակորդներ: ՕԵԿ խմբակցության ղեկավար Սամվել Բալասանյանը հայտարարեց. «Մենք ենք խորհրդարանում ակտիվ եւ մեզ էլ ակտիվության ընթացքում ցույց են տալիս»: Նա եւ Մհեր Շահգելդյանը նկատեցին, որ այդ հաղորդաշարը մանրամասն անդրադառնում է հանձնաժողովների գործունեությանը, արտահայտվելու հնարավորություն է տալիս բոլորին: «Եթե մոնոլոգ է, բա Գալուստ Սահակյանը ո՞նց է հայտնվում այդ հաղորդման մեջ»,- հարցրեց Մհեր Շահգելդյանը: Ըստ էության՝ այդ հաղորդման ընթացքում լուսաբանվում են ԱԺ աշխատանքները, եւ ԱԺ նախագահն ավելի է երեւում որպես այդ կառույցի ղեկավար, եւ ոչ թե որպես առանձին վերցրած ՕԵԿ-ի ղեկավար այսինքն՝ հաղորդումը չի կուսակցականացվում: ՕԵԿ-ականներն էլ մատնացույց արեցին կառավարության համապատասխան ծառայության կողմից ցուցադրվող «Ձեռագիր» հաղորդաշարը եւ այն էլ իրենց հերթին որակեցին որպես կառավարության ղեկավարի մոնոլոգ: Եվ «Ազգային միաբանությունը», եւ «Արդարությունը» հայտարարեցին, որ «Խորհրդարանական շաբաթի» դեմ ելույթները ոտնձգություն են այն երեք րոպեների դեմ, որոնք հնարավորություն են տալիս ընդդիմադիր գործիչներին՝ խոսել հանրության համար»: ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել