Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԻՉ

Մարտ 25,2006 00:00

ՀԱՇՎԻՉ ՔՎԵԱՏՈՒՓԵ՞Ր «Ժողովրդավարություն» հասարակական կազմակերպությունը պատրաստել է «Ընտրական օրենսգրքի» ամբողջական նախագիծ, որն ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը դրել է ԱԺ-ում շրջանառության մեջ: Բայց այդ նախագիծը շատ արագ է պատրաստվել ու կան մի շարք թերություններ,- ասաց «Ժողովրդավարություն» կազմակերպության փոխնախագահ, իրավաբան Հրայր Թովմասյանը:- Տասնյակ սկզբունքային հարցեր լուծված են այդ նախագծում: Լրամշակման անհրաժեշտություն ունեն մի քանի հարցեր, եւ մի քանիսն էլ դեռեւս տեղ չեն գտել պրն Քոչարյանի ներկայացրած նախագծում: Այս ընթացքում զրուցել եմ մասնագետների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնում՝ համապատասխան ֆինանսավորման առկայության դեպքում բոլոր ընտրատեղամասերում ապահովել հետեւյալ տեխնիկական հագեցվածությունը: Նախ, ընտրական բոլոր տեղամասերը պետք է ունենան հաշվիչ քվեատուփեր, որոնք յուրաքանչյուր վայրկյան կարձանագրեն, թե քվեատուփում քանի քվեաթերթիկ կա, եւ որը որ ժամին է գցվել: Բացի այդ՝ բոլոր քվեաթերթիկներն իրենց վրա կունենան պաշտպանիչ միջոցներ, որոնք կբացառեն այլ քվեաթերթիկի հայտնվելը քվեատուփում: Ընտրության ներկայացած յուրաքանչյուր ընտրողի անձնագիրը «սքան» կարվի եւ այդ տեղեկատվությունը կպահպանվի համակարգչում: Յուրաքանչյուր ընտրատեղամասում կլինի մի տեսախցիկ, որը միացված կլինի համակարգչի, իսկ ինտերնետային ցանցով՝ համապատասխան կայքին: Ու ինտերնետից ցանկացա՛ծ օգտվող կարող է ցանկացա՛ծ պահի հետեւել ցանկացա՛ծ տեղամասում կատարվողին: Այս ամենին պիտի հավելվեն հավասարակշռված ընտրական հանձնաժողովները: Մեր առաջարկն է՝ իշխանությունն ու ընդդիմությունը ընտրական հանձնաժողովներում պետք է ներկայացված լինեն հավասարապես: Բացի այդ՝ զույգ կամ կենտ բոլոր ընտրահանձնաժողովների նախագահներ պետք է ընտրվեն կառավարությունում ընդգրկված կուսակցությունների ներկայացուցիչներից, իսկ այդ տեղամասերում տեղակալը եւ քարտուղարը պետք է լինեն կառավարությունում չընդգրկված կուսակցությունների կազմից: Եվ հակառակը: Նման մի քանի տարրերը, իմ կարծիքով, կերաշխավորեն ընտրական գործընթացում կեղծիքների բացառումը: Բայց այնուամենայնիվ՝ կա մի ընտրակեղծիք, որի դեմ «Ընտրական օրենսգրքով» անզոր է պայքարել՝ ընտրակաշառքը»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել