Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԾԼԵՆ-ԾԱՂԿԵՆ

Մարտ 25,2006 00:00

Հայկական
գրադարանային ասոցիացիայի նախագահ (ՀԳԱ) Դավիթ Սարգսյանը երեկ Հայաստանի ժուռնալիստների
միությունում ավետեց, որ ապրիլի 3-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը:
Արդեն 5-րդ տարին անցկացվող միջոցառումն այս անգամ կրելու է «Գրադարան. քաղաքակրթությունների
խաչմերուկ» կարգախոսը եւ նպատակ ունի վերաիմաստավորելու գրքի, գիտելիքի, գրադարանի
եւ ընթերցանության խորհուրդը: Նախաձեռնողների հավաստմամբ, միջոցառմանը կմասնակցեն
ինչպես մայրաքաղաքի, հանրապետության մարզերի, այնպես էլ ԼՂՀ-ի, Ջավախքի եւ Սփյուռքի
գրադարանները: Ազգային գրադարանային շաբաթվա հանդիսավոր բացումը տեղի կունենա ապրիլի
3-ին, Հայաստանի ազգային գրադարանում, որին կհաջորդեն ընթերցանությանը եւ մայրենի
լեզվին, Մայրության ու գեղեցկության տոնին նվիրված միջոցառումներ, շարադրությունների
մրցույթ, այցելություն գրադարաններ: Կլինեն նաեւ հրատարակիչների եւ գրադարանների
համագործակցության ու ծառատնկման միջոցառումներ: Շաբաթը կամփոփվի ասուլիսով: ՀԳԱ
նախագահ Դ. Սարգսյանը տեղեկացրեց, որ ակցիայի կազմակերպմանը աջակցել են ՀՀ մշակույթի
եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, տարածքային կառավարման նախարարությունը,
որի հրահանգով պետք է մարզերում պատշաճորեն կազմակերպվեն միջոցառումները, արտգործնախարարությունը,
որը պատասխանատու է Սփյուռքի հետ կապը ապահովելու համար: Իսկ Երեւանի քաղաքապետարանին
թեթեւ գործ է բաժին ընկել. նրանք կհետեւեն շարադրության մրցույթներին եւ արդյունքներն
ամփոփելուց հետո՝ լավագույն աշխատանքները կներկայացնեն դրամական եւ այլ մրցանակների:
Գործին լծվել են նաեւ մի շարք գիտական, ստեղծագործական եւ մշակութային հաստատություններ,
հրատարակչատներ, հասարակական կազմակերպություններ, որոնց թվում է նաեւ «Նիգ-Ապարանը»՝
ծառատնկման մասով: «Նիգ-Ապարան» հայրենակցական հասարակական կազմակերպության նախագահի
տեղակալ Տիգրան Պետրոսյանցը տեղեկացրեց, որ ծառատունկը կսկսեն հենց այսօրվանից՝ Մալաթիա-Սեբաստիա
համայնքից եւ Քանաքեռից, իսկ եղանակը տաքանալուն պես՝ կհասնեն Արագածի փեշերը: Իմիջիայլոց,
ասուլիսի ընթացքում Դ. Սարգսյանը մի տարօրինակ միտք էլ արտահայտեց: Նա, լինելով Հայկական
գրադարանային ասոցիացիայի նախագահ, մինչ այժմ չէր կարողացել հասկանալ փակվող գրադարանների
տնօրենների պասիվությունը: Չգիտեր՝ նրանց լռությունը համայնքապետերի, մարզպետների
կողմից ահաբեկվելո՞ւ, թե՞ նրանց հետ գործարքի մեջ մտնելու արդյունք է: Վերջին հանգամանքը
Դ. Սարգսյանը արտաբերեց կիսավախվորած՝ «Աստված ջան, թե մեղավոր եմ…» տոնով: ԷԼՄԻՐԱ
ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել