…Եվ՝ բոլորի համար: Ու եթե իշխանությունների համար հարցերի հարցը ղարաբաղյան խնդրի լուծման ցանկացած փաստաթղթի ստորագրումից ցանկացած ձեւով խուսափելն է, ընդդիմությունը իր խնդիրը կարծես թե լուծել է. ոչ միայն ինքնամաքրման, այլեւ կայանալու առումով:
Բայց այդ գործընթացը շատ ավելի բարդ եւ բազմաշերտ է դառնում: Եվ դարձյալ իշխանությունների շնորհիվ: Ու՝ միջոցով: Նաեւ՝ «փոխանցմամբ»:
Անապատում երկար դեգերողներին օազիսների տեսիլքներ են երեւում: Որոնք ոչ միայն հույս ու սփոփանք են ներշնչում տոչորվող ուղտ-մարդ կամ մարդ-ուղտ տանդեմին, այլեւ հերթական հուսալքության առիթ կամ պատճառ են դառնում: Բայց, հուրախություն բոլորիս, ընդդիմադիրները (իշխանությունները չէ՝ իրական ընդդիմադիրները) կարծես թե սկսել են շատ ավելի ճշգրիտ եւ արդյունավետ հաշվարկել իրենց գործողությունները, որն արդեն իրական հույս է ներշնչում, որ մենք եւս ի վիճակի ենք քաղաքական ինչ-որ բաների:
Որպես վերջին մտքի հաստատում՝ ամենաթարմ օրինակը: Գազի գների հարցը:
– Ընդդիմություն չունենք:
– Եթե էս հարցով էլ չեն խոսում, բա էլ ի՞նչ հարցով են խոսելու:
– Որ ձեն չհանեն՝ էլ սրանց արածը սրանից հետո կյանքում էլ ոչ մեկը բանի տեղ չի դնելու:
Սրանք չնչին մասն են միայն այն մեղադրանքների, որոնք արդեն մի քանի ամիս թափվում են ընդդիմության գլխին: Բնական է, հասկանում եք, թե ով է դրանք թափում կամ, գոնե, կազմակերպում:
Ակնհայտ է, որ դա հերթական «գարեհատիկն է»՝ նետված ընդդիմությանը իշխանությունների կողմից: Չէ, մի ասեք, որ այդքան էլ ակնհայտ չէ: Ոչ միայն այսօր է ակնհայտ, այլեւ երեկ էլ, դրա նախորդ օրն էլ: Բոլոր նրանց, ում համար այս ամենը այդքան էլ ակնհայտ չի եղել կամ չէ՝ հիշեցնեմ, որ եթե երիտառաջադիմականները գիտեին թանկացումների թե ձեւը, թե չափը, թե ժամկետները, ուրեմն՝ ակնհայտ էր եւ է:
Եվ իշխանություններն ընդամենը մի սխալ են թույլ տվել. նրանց միջոցով ասել են այն, ինչ չպետք է ասվեր: Ասողներն, անշուշտ, իրենց արժանի պատիժը կստանան: Բայց դա իրենց ներքին հստակեցումների (միջին գրաբարով՝ «ռազբորկաների») խնդիրն է եւ բուն նյութին բնավ չի առնչվում:
– Կուտեն-կուտեն, չեն ուտի…,- «գարեհատիկը» տալուց հետո մտածեցին իշխանությունները:
Բայց ընդդիմությունը (իրական) դիմացավ գայթակղությանը: Ոչ միտինգներ արեց, ոչ պիկետ, ոչ էլ այդ հարցով թիրախ դարձրեց իշխանություններին: Մինչդեռ «գարեհատիկի» մեջ հենց այդ «գաղափարներն» էին դրված: Եվ եթե իրական ընդդիմությունը չդիմանար գայթակղությանը եւ գնար իշխանությունների գծած ճանապարհով, դեպի որը հետեւողական հրահրում էին նրան, իշխանությունները սկզբում անտարբեր կձեւացնեին, հետո կփորձեին վարկաբեկել՝ ասելով, որ փոխանակ իրենց գործով զբաղվեն՝ խառնվում են այնպիսի խնդիրների, որից ոչինչ չեն հասկանում, ու՝ հավարտ էլ, ասելու էին՝ «Դե ամերիկացիքից գազ քաշեք…», ձգելու էին Մոսկվա. իբր թե ինչ-որ ծանր ազգային-ազատագրական մարտեր էին մղելու, հետո էլ «հաղթանակած»՝ սպիտակ ձիու վրա ժամանելու էին՝ 11-րդ բանակի նման, ու ոչ միայն իրենց վարկանիշն էին փորձելու բարձրացնել, այլեւ «օրհնվի էն սհաթը» տարբերակի ռուսամոլություն ցունամի էին բարձրացնելու:
Չստացվեց: Չկերան «գարեհատիկը»: Դիմացան գայթակղությանը: Հիմա էլ են դիմանում: Նախապատրաստվում են: Որովհետեւ 2006-ը, իսկապես, վճռորոշ է դառնում: Բոլոր առումներով: Հիշեցնեմ, համենայնդեպս, որ իշխանություններին ԼՂՀ հարցով մեկնված ձեռքն էլ …օդում մնաց:
…Ինչքան են դիմանալո՞ւ:
Մինչեւ «կկվի ձեն ածելը»:
Այսինքն մինչեւ այն ճիշտ պա
հը, երբ ճիշտ բանը ճիշտ կերպ անելու ստույգ անհրաժեշտությունը կառաջանա:
ԱՅԴԻՆ ՄՈՐԻԿՅԱՆ