Ասել է, թե պատմությունն անցյալը նետված
քաղաքականությունն է, իսկ քաղաքականությունը՝ այսօրվա պատմությունը: Հայաստանում
այսօր ծավալվող քաղաքական իրադարձությունները շատ կողմերով հիշեցնում են 1918 1921թթ.
քաղաքացիական պատերազմից հետո Ռուսաստանում ստեղծված քաղաքական իրադրությունը: Այս
ամենն ավելի պարզ հասկանալու համար նախ սկսենք 1999թ. հոկտեմբերի 27-ից, երբ «բոլշեւիկները»
զինված հեղաշրջման միջոցով տապալեցին իշխանությունը: Տապալվեց եւ այն լավատեսության
նշույլը (կապված Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի իշխանության գալու հետ), որը
հասարակության մեջ արթնացել էր նույն թվականի սկզբներին տեղի ունեցած «Բուրժուա-դեմոկրատական
հեղափոխությունից» հետո: Սկսվեց «քաղաքացիական պատերազմը»՝ իշխանությունը զավթած
մի խումբ անձանց եւ «սպիտակգվարդիականների» (ընդդիմության) միջեւ: Տնօրինելով բոլոր
վարչական լծակները եւ օգտվելով «լեգիտիմ» բռնություն կիրառելու իրենց մոնոպոլ իրավունքից՝
«բոլշեւիկները» 2004թ. ապրիլի 12 լույս 13-ի գիշերը տեղի ունեցած վճռորոշ ճակատամարտում
կարողացան վեջնականապես տապալել «Դենիկինի» (Ստ. Դեմիրճյան) եւ «Կոլչակի» (Ա. Գեղամյան)
«սպիտակգվարդիական» ելույթները եւ հասնել «կապիտալիստական վտանգի» ժամանակավոր լիկվիդացմանը:
Այնուհետեւ սկսվում է «սոցիալիզմի կառուցման» 2-րդ կարեւորագույն էտապը. քաղաքական
պայքարը սրվում է ներիշխանական կյանքում: Առաջ են գալիս այն պայմանները, երբ բոլորի
համար կարծես պարզ է դառնում, որ «ընկեր Լենինը» (Ռ. Քոչարյանը) շուտով «կվախճանվի»
եւ անհաշտ պայքարը ներիշխանական ճամբարում սկսում է ծավալվել հենց առաջնորդի թափուր
աթոռի համար: Պայքարող կողմերի համար այս պայմաններում լայն կարեւորություն է ձեռք
բերում իշխանության ներսում իրական լծակներին տիրանալու կարողությունը, որը մեծ ճարպկությամբ
իր ձեռքն է վերցնում «ընկեր Ստալինը» (Ս. Սարգսյանը), որը մինչ այդ ղեկավարում էր
«կուսակցական ապարատը»: Առատորեն օգտվելով մարդկանց տարբեր տիպի պաշտոններ տալու
իր դիրքի հնարավորությունից՝ դեռեւս Ռ. Քոչարյանի կառավարման տարիներին «ընկեր Ստալինը»
կարողացավ իր շուրջը համախմբել այնպիսի մարդկանց, որոնք այլ հանգամանքներում չէին
կարող անգամ երազել նման պաշտոնների մասին: Իսկ սա նշանակում է, որ «լենինյան հին
գվարդիայի» ներկայացուցիչներին (խոսքը վերաբերում է նախ եւ առաջ «Օրինաց երկիր» եւ
«Դաշնակցություն» կուսակցություններին), որոնք հավակնում են գալիք խորհրդարանական
եւ նախագահական ընտրությունների միջոցով ավելացնել իրենց իշխանական կշիռը, «ընկեր
Ստալինը», ըստ էության, կհակադրի առաջխաղացումով իրեն պարտական եւ այդ դիրքերը պահպանելու
մեջ խիստ շահագրգիռ մի թիմի, որի օգնությամբ էլ փորձելու է հաղթող դուրս գալ:
Ուշադրության է արժանի եւ այն հանգամանքը, որ ինչպես ժամանակին Ստալինն էր կարողանում
ի նպաստ իրեն օգտագործել բոլշեւիկյան կուսակցության ընձեռած գաղափարական եւ կազմակերպչական
հնարավորությունները, այնպես էլ ներկայումս Ս. Սարգսյանին է հաջողվում հմտորեն օգտվել
իշխանական կոալիցիայի գաղափարական եւ կազմակերպչական հնարավորություններից: Այսպես,
օրինակ, 1921թ. մարտին Ռուսաստանում ընթացող սուր ճգնաժամի պայմաններում Լենինի գլխավորությամբ
հրավիրված բոլշեւիկյան կուսակցության 10-րդ համագումարն ընդունում է «Կուսակցության
միասնության մասին» բանաձեւը, ինչը մեր օրերում հիշեցնում է իշխանական կուսակցություններին
Ռ. Քոչարյանի կողմից պարտադրված կոալիցիոն հուշագրի ստորագրումը: «Կուսակցության
միասնության մասին» բոլշեւիկյան բանաձեւը դեռ այն տարիներին Ստալինը կարողացավ ճկունորեն
օգտագործել իրեն դեմ արտահայտվող եւ առաջնորդի պաշտոնին ձգտող գործիչներին բռնաճնշումների
ենթարկելու համար: Իսկ ինչ վերաբերում է կոալիցիոն հուշագրի ընձեռած նմանատիպ հնարավորություններին,
ապա դրանք այսօր նույն նպատակների համար կարողանում է իրեն ծառայեցնել միայն Ս. Սարգսյանը:
Այս տարիների ընթացքում երկրում տեղի ունեցած բազմազան գործընթացների պատասխանատվությունը,
ըստ էության, ընկած է իշխող կոալիցիայի ուսերին: Իսկ նախընտրական այս շրջանում կոալիցիոն
կուսակցություններից եւ ոչ մեկը բնականաբար չի փորձի ստանձնել այդ պատասխանատվությունը,
ընդհակառակը, նրանցից յուրաքանչյուրը ամեն կերպ ձգտելու է այս ընթացքում վերաձեւավորել
իր խաթարված քաղաքական հեղինակությունը: Իսկ նման փորձերը պատեհ առիթ կհանդիսանան
«ընկեր Ստալինի» համար՝ վերջիններիս մեղադրելու «գլխավոր գծից շեղումների մեջ»: Նմանատիպ
առաջին մեղադրանքը հնչեց «Օրինաց երկրի» հասցեին՝ կապված Ա. Բաղդասարյանի՝ Սահմանադրական
հանրաքվեից հետո հնչեցրած հայտնի արտահայտության հետ (այն է՝ հանրաքվեի ժամանակ եղել
են նաեւ լցոնման լուրջ դեպքեր): Անկախ այն բանից, թե Ա. Բաղդասարյանի այս հայտարարությունն
արված էր հանուն ճշմարտության, թե պարզապես անելանելի վիճակից դուրս գալու փորձ էր,
փաստը մնում է այն, որ վերջինս «ընկեր Ստալինի» կողմից մեղադրվեց «այլախոհության»
մեջ: Հարմար առիթը կայացած էր նախագահի պաշտոնին հավակնող գործչի ու նրա թիմի նկատմամբ
հալածանքներ սկսելու, ինչպես նաեւ կոալիցիայի ներսում այլակարծությունը ճնշելու համար:
Իսկ ինչ վերաբերում է իշխանական կոալիցիայի մյուս պարտնյորին՝ «Դաշնակցությանը»,
ապա այս ընթացքում վերջիններս դեռեւս շարունակում են հավատարիմ մնալ առաջին աշխարհամարտի
նախօրեին (1914 թ. ամռանը) Էրզրումում տեղի ունեցած «Դաշնակցության» 8-րդ համագումարի
որոշմանը. այն է՝ «վերահաս պատերազմում պահպանել քաղաքական չեզոքություն»: Սակայն
դաշնակցականները մյուս կողմից լավ են հասկանում, որ չեզոքություն պահպանելը խիստ
կնվազեցնի գալիք խորհրդարանական ընտրություններում վերընտրվելու իրենց հնարավորությունը
եւ նախընտրական այս շրջանում, որպես կանոն, նրանց մեջ կրկին արթնանալու է «դեպի Երկիր»
գնալու եւ այս անգամ էլ այնտեղի «կյանքը փոխելու» ցանկությունը: Իսկ դա պատեհ առիթ
կհանդիսանա «ընկեր Ստալինի» համար՝ մեղադրելու վերջիններիս էլ «ազգայնամոլության»
մեջ՝ պատճառաբանելով, որ արտաքին քաղաքական՝ առանց այն էլ լարված մթնոլորտում «ազգայնամոլական»
յուրաքանչյուր նկրտում կարող է միայն վնաս հասցնել ՀՀ պետական անվտանգությանը եւ
զրկել հարեւան երկրների հետ դիվանագիտական ճանապարհով հարաբերությունների կարգավորման
հնարավորությունից: Այդպիսով, «Դաշնակցությունը» կրկին կվերադառնա իր «ավանդական
կարգավիճակին». այն է՝ վտարանդիություն եւ ընդհատակյա գործունեություն: Ներիշխանական
շիկացած այս մթնոլորտում նույնիսկ «Ստալինի» անձնական համախոհներին խորհուրդ է տրվում
իրենց ապահովված չզգալ, քանի որ ժամանակին ստալինյան ռեպրեսիաների զոհը դարձան նաեւ
նրա երբեմնի զինակիցներ՝ Կիրովը, Կալինինը եւ մյուսները: Իսկ եթե այս պայմաններում
ընդդիմությունը եւս չկարողանա վերակազմավորվել եւ շուտափույթ հասնել երկրում լուրջ
փոփոխությունների, ապա բոլոր նախադրյալներն այսօր ունենք՝ համոզված պնդելու, որ 2008թ.
«ընկեր Ստալինը» կվերադառնա: ԳԱՐԵԳԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ Քաղաքագետ