Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերոբիչը կառուցեց, Ջումշուտիչը քանդում է»

Մարտ 25,2006 00:00

Բողոքում
են գյուղացիները Լոռվա մարզի Վահագն գյուղի բնակիչներից ստացած բողոքի համաձայն,
արդեն մի քանի ամիս է՝ ինչ քանդում են հիշյալ եւ Անտառամուտ գյուղերը սպասարկող պոմպակայանի
ջրագծերը: Դեբեդ գետի վրա կառուցված այս պոմպակայանը 30 տարվա պատմություն ունի,
դրանով սնվում էին հարակից գյուղերի դաշտերը: Վերջին տասնամյակում պոմպակայանը կանգնած
էր, մեր նամակագիրների վկայությամբ՝ թալանված չէր, պարզապես անգործության էր մատնված
եւ հնարավոր էր փոքրիկ ներդրումով վերագործարկել: «Լուսահոգի Կարեն Սերոբիչը
կառուցեց, մարզպետ Հենրիկ Ջումշուտիչը քանդեց (նկատի ունեն Լոռիի մարզպետ Հենրիկ
Քոչինյանին.- Ռ. Ա.): Պետությունն ամեն տարի ավելացնում է ոռոգման ցանցն ընդլայնելու
ներդրումները՝ ոչ նրա համար, որ եղածն էլ վերացնեն, մեզ էլ թողնեն անձրեւի հույսին»,-
դժգոհում են նամակագիրները: Ըստ ներկայացվածի՝ շուրջ 15 կմ ձգվող 600-1000 դյույմանոց
խողովակները ապամոնտաժվել են Լոռիի մարզպետ Հենրիկ Քոչինյանի կարգադրությամբ, բաժանվել
հավասար մասերի եւ ուղարկվել կեսը՝ մարզպետի հայրենի Շնող գյուղ, կեսն էլ՝ Ձորագէս:
Երկու վայրում էլ նախատեսված է կառուցել նոր ՀԷԿ-եր: Գյուղացիների տեղեկությամբ՝
երկրորդը Ձորագէսի հարեւանությամբ կառուցում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար
Արտաշես Թումանյանը: Ըստ մեր ստացած բողոքի՝ «մարզպետի «ջանքերով» վերջերս
ապամոնտաժվել է նաեւ Վանաձորի երկաթուղային կայարանից մինչեւ Դարպաս գյուղի Ճալեն
գործարանային ավան տանող երկաթգիծը, միայն թե կիլոմետրերով ռելսերը եւ տոննաներով
շպալները գնացել են մի ուղղությամբ, առանց կիսվելու»: Ցանկալի էր, որ բողոքն
ավարտեինք Լոռվա մարզպետարանի պատասխանով, բայց հեռախոսային փորձն ավարտվեց անհաջողությամբ,
այս անգամ էլ, թերեւս՝ «ԱրմենՏելի» ջանքերով: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել