Ինքնակոչ հսկիչները «թալանում» են վարորդներին՝ առանց
կտրոն տալու եւ մեքենայի անվտանգության երաշխիքի: Հիշենք հին Երեւանը 20-30
տարի առաջ, երբ փողոցներով շրջում էին մաղ, ասեղ ու այլ մանրուք վաճառող բոշաները,
որոնք նաեւ մանր դրամ էին խնդրում, երբ ոչինչ չէիր գնում։ Եկավ ժամանակը՝ նրանք վերացան,
փոխարենը եկան նորագույն կամ՝ եվրոբոշաները: Սրանք որտեղից որտեղ ճարել են մի կարմիր
կտոր կամ պիոներական վզկապի մի մնացորդ, կրծքներին կպցրել են իրենց լուսանկարները,
վրան գրել ինչ-որ հիմնարկի անուն՝ առանց կնիքի, ու կանգնել քաղաքի բոլոր բանուկ մասերում.
կինո-թատրոնների, շուկաների, մեծ ու փոքր խանութների, սրճարանների, բար-ռեստորանների
դիմաց, եւ տարածքը դարձնելով իրենց սեփականությունը՝ յուրաքանչյուր կանգնող մեքենայից
դրամ են կորզում։ Այդ անձինք իբր թե «հսկում» են այդտեղ կայանող ավտոմեքենաներին,
որ չգողանան կամ որեւէ մաս չհանեն, իսկ եթե կորուստ լինի՝ նրանք վնասի տերը չեն:
Կանգնում ես որեւէ փողոցում, իջնում ես հաց, սիգարետ կամ մի այլ բան գնելու, կանգառի
ժամանակը տեւում է 2-3 րոպե, բայց քեզ մոտենում է ինքնակոչ այդ հսկիչը եւ պահանջում
100 կամ 200 դրամ (որոշ տեղերում՝ 300-500 դրամ): Այդ բոշաները այն աստիճան
են լկտիացել, որ եթե մանր չունես կամ 100 դրամից քիչ ես տալիս՝ անպատվում են, երբեմն
էլ՝ հայհոյում։ Ստիպված մուծում ես, բայց դրա դիմաց կտրոն չեն տալիս։ Երբ անգամ մանր
դրամ չես ունենում, նրանք հաճույքով մանրում են 5 կամ 10 հազարանոց դրամը: Այդ
կանգառներում չկա «վճարովի» ցուցանակը, որ կարողանաս կողմնորոշվել՝ այդտե՞ղ կանգնես,
թե՞ ոչ վճարովի տեղում: Ստացվում է, որ վճարովիի նշանը մի մեքենայի հետեւում թաքնված
հսկիչն է: Այդ «արտահաստիքային ավտոտեսուչները» կանգնեցնում են փողոցի ողջ երթեւեկությունը,
որպեսզի իրենց տարածքից դուրս գա այնտեղ կանգնած մեքենան։ Հանգամանքներից
ելնելով, յուրաքանչյուր վարորդ երբեմն մեկ օրվա ընթացքում մեքենան բազմաթիվ տեղերում
է կանգնեցնում ու հնարավոր է, որ օրվա վերջում 1000-2000 դրամ շնորհի այդ աներես
հսկիչներին, որոնք հարստացնում են իրենց թիկունքում կանգնած «մաֆիոզներին»։ Չէ՞ որ
կան մեքենատերեր, որոնք չնչին աշխատավարձ են ստանում կամ թոշակառուներ են, ու եթե
ի վիճակի չեն վճարել հենց այնպես ու ապօրինի գանձվող այդ «օրավարձերը», ուրեմն պետք
է օրը մի քանի անգամ հայհոյա՞նք ստանան, վեճերի մե՞ջ ընկնեն, սթրեսնե՞ր ապրեն, ինչն
ինքնըստինքյան դառնում է սրտանոթային ու այլ հիվանդությունների պատճառ։ Ոչ
միայն Երեւան քաղաքի, այլեւ Հայաստանի բոլոր քաղաքների քաղաքապետերը այս ինքնակոչությանը
պետք է վերջ տան, որոշմամբ սահմանեն կարգ ու կանոն, ինչպես նորմալ երկրներում է:
Այսինքն՝ վճարովի կանգառների համար պետք է առանձնացվեն կոնկրետ տեղեր, որտեղ գիշերային
ժամանակի համար կսահմանվի առանձին գին, մինչեւ կես, մեկ ու վեց ժամը՝ նույնպես, կայանած
մեքենաների վարորդներին կտրվեն համապատասխան կտրոններ՝ սպասարկող ընկերության կնիքով,
որտեղ կնշվի նաեւ կանգառի ժամանակը: Եթե քաղաքապետերը չեն կարողանում լուծել այդ
հասարակ, բայց խիստ անհրաժեշտ հարցը, ուրեմն այն պետք է արժանանա կառավարության ու
Ազգային ժողովի ուշադրությանը։ ՋԵՄՍ ՍՏԵՓԱՆՅԱՆ Բժիշկ-հիգիենիստ