Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ՍՈՒՏԵՆՅՈ՞Ր

Մարտ 25,2006 00:00

Բժիշկ
մաշկաբանը դեմ է Հայաստանում հասարակաց տների ստեղծմանը Դեռեւս 1750 թ. Պետրոս
I-ը եւ Ելիզավետա II-ը ստորագրել են հրամանագրեր, համաձայն որոնց՝ անբարո կանայք
հասարակության կողմից պետք է մերժվեն, հետապնդվեն, բերվեն կենտրոնական ոստիկանատուն
եւ, ի վերջո՝ տարվեն «Կալինկինի տուն» կոչված բժշկաոստիկանական համալիր: Պոռնկության
ազատականացման ջատագովներն այսօր եւս շարունակում են առաջարկել հիմնել հասարակաց
տներ (ակումբներ, մերսման կաբինետներ), ստեղծել ինտերնետային սեքսուալ ծառայություն,
անդամակցել միջազգային լիգային եւ ասոցիացիային, հրավիրել համագումարներ եւ այլն:
Գործի նախանձախնդիրների փաստարկները պարզունակ են՝ քանի որ երեւույթը հնարավոր
չէ կասեցնել, ուստի այն պետք է օրինականացնել, իսկ ստվերային եկամուտները ուղղել
պետական բյուջե: Գումարները, անշուշտ, պատկառելի են: Օրինակ, ԱՄՆ-ում յուրաքանչյուր
տարի նման բիզնեսից եկամուտը կազմում է 2,25 միլիարդ դոլար, որը մի քանի անգամ գերազանցում
է ՀՀ պետական բյուջեն: Մոսկվաբնակ ավելի քան 100.000 պոռնիկներից ստացվող
եկամուտը եւս հասնում է հարյուրավոր միլիոնների: Հայաստանում գործող մոտ 2000 փողոցային
կանանց եկամտի վերաբերյալ եւս դժվար չէ դատողություններ անել՝ բավական թափանցիկ վարձավճարների
հետ համապատասխան թվաբանական գործողություններ կատարելով: Նշված փաստարկներն առերեւույթ
գուցեեւ համոզիչ են: Իրականում այս ամենը նման է վատ գրված սցենարի՝ հասարակությունը
կանխապես ստեղծում է անտանելի պայմաններ՝ կին արարածին շուկա նետելով իբրեւ ապրանք,
ապա, իրենց նույն այդ հասարակության սերուցք հորջորջող արհեստավարժները փորձում են
փաստաթղթերով հաստատագրել սեփական բարոյազրկությունը: Այնպիսի տպավորություն է ստեղծվում,
թե հանուն շահի պետությունը պատրաստ է ցանկացած ստոր եւ օգտապաշտական քայլ կատարել:
Պարոնայք, շտապեք օրինականացնել թմրանյութերի շրջանառությունը եւս: Այն պակաս
շահութաբեր չէ: Թմրանյութերի շրջանառությունն ուղղակիորեն կապված է պոռնկության հետ,
եւ թե՛ բարոյահոգեբանական, թե՛ բժշկագիտական, թե՛ սոցիալական իմաստով նվազ կարեւոր
չէ: Երկուսն էլ հասարակությունը մոտեցնում են կործանման, միայն թե՝ տարբեր արագություններով:
Մեզ ուզում են ներշնչել, թե իբր հասարակաց տները սեռավարակների կանխման երաշխիք
կդառնան: Այս փաստարկը չի դիմանում ոչ մի քննադատության: Նախ, այն երկրներում, ուր
պոռնկությունն ազատականացված է, դրա ստվերային ծավալն ավելի մեծ է: Երկրորդ՝ պարբերական
բժշկական հսկողությունը միշտ չէ, որ կատարվում է մասնագիտացված բժշկական հաստատությունում,
եւ ոչ միշտ՝ հավուր պատշաճի: Երրորդ՝ հետազոտման պահին արդյունքները կարող են լինել
բացասական, հիվանդությունը կարող է գտնվել զարգացման գաղտնի շրջանում ու չհայտնաբերվել:
Մի քանի օր անց, մինչեւ հաջորդ հետազոտությունը, հիվանդը կարող է դառնալ վարակիչ,
վարակման վտանգի ենթարկելով հաջորդ այցելուներին: Ավելին, նա չի հրաժարվի իր բիզնեսից
ու կարող է վարակել նույնիսկ բուժման ընթացքում: Եվ, վերջապես, սեռավարակներով հիվանդների
ցուցակը բոլորովին էլ պոռնիկները չէ, որ գլխավորում են: Իսկ ինչպես եք դուք
վերաբերվում մո նոպոլիստ սուտենյորի դեր ստանձնած պետությանը: Սա պետական աստիճանի
հասցված բարոյական իմպոտենցիա է: Երբ կինը վաճառքի է հանում իր միակ կապիտալը, դա
թերեւս հանդուրժելի է, քանի որ մեր հասարակությունը եւս կրում է «պրոստիտուցիոն»
բնույթ: Չէ՞ որ ամեն ինչ՝ առանց բացառության, այստեղ վաճառվում է, ուստի նաեւ՝ գնվում:
Այսպիսով՝ պոռնկությունը, իհարկե, խրախուսելի չէ, բայց սոցիալական իմաստով քիչ թե
շատ ընդունելի է: Անհրաժեշտ է պայքարել ոչ թե դրա, այլ կազմակերպված պոռնկության
դեմ՝ հարակից դրսեւորումներով հանդերձ: Պետք է արմատավորել եւ զարգացնել Արեւմուտքում
ընդունված մի աշխատաոճ, որը կոչվում է «աուտրիչ»: ՀՀ-ում նման աշխատանքի փորձ արդեն
կա: Այն ենթադրում է մասնագիտական (բժշկական, հոգեբանական եւ այլն) ոչ բռնի աշխատանք
կոմերցիոն սեքսի բնագավառում ընդգրկված աղջիկների հետ, եւ սեռավարակները կանխելու
նպատակ է հետապնդում: ԽԱՉԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ Առողջապահության
ազգային ինստիտուտի մաշկաբանության, կոսմետոլոգիայի եւ սեռավարակաբանության ամբիոնի
վարիչ Նյութն ամբողջությամբ՝ www.Panorama.am-ում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել