Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԲՈՒԺՈՒՄ ԵՆ, ԲԱՅՑ ՀԻՎԱՆԴՆԵՐԻ ԹԻՎԸ ԿՐԿՆԱՊԱՏԿՎՈՒՄ Է

Մարտ 25,2006 00:00

Հայաստանում
աճել է բնածին կարճատեսություն ունեցող երեխաների թիվը «Մեկ-երկու տարեկանների
շրջանում բնածին բարձր կարճատեսություն ունեցող երեխաների թիվն ավելացել է։ Վերջերս
ավելացել է նաեւ այն երեխաների թիվը, ովքեր ունեն բնածին կատարախտ՝ ոսպնյակի պղտորում։
Եթե չորս-հինգ տարի առաջ այս հիվանդությամբ մեր կենտրոն դիմում էր տարեկան առավելագույնը
երեսուն երեխա, ապա այսօր այդ թիվը հասել է վաթսունի»,- մտահոգված է Մալայան ակնաբուժական
կենտրոնի Մանկական բաժանմունքի բաժնի վարիչ, բժշկական գիտ. թեկնածու Ռուզաննա Հարությունյանը։
Իսկ ո՞րն է պատճառը, ըստ մեր զրուցակցի՝ դրանցից են «ներարգանդային խրոնիկական ինֆեկցիաները,
չհետազոտված հղիները, ծնողների՝ երեխա շուտ ունենալու ցանկությունը՝ դեռ այդ խնդիրները
չհաղթահարած»։ Զույգի մոտ որեւէ ախտահարում հայտնաբերելիս բժիշկները խորհուրդ
են տալիս պլանավորել հղիությունը՝ միայն բուժումից հետո։ Սակայն նորակազմ զույգերը
խորհուրդը ոչ միշտ են ընդունում: Բայց պետք է հիշել, որ ներարգանդային բոլոր ինֆեկցիաներն
անմիջականորեն կարող են վտանգել երեխայի առողջությունը։ Ինչ վերաբերում է
արդեն երեք-չորս տարեկանների կամ դպրոցականների շրջանում առաջացող հիվանդություններին,
ապա, Ռ. Հարությունյանի ասելով՝ հաճախացել է հատկապես կարճատեսությունը եւ աստիգմատիզմը։
Ըստ մեր զրուցակցի՝ այս հիվանդությունների պատճառը գերծանրաբեռնվածությունն է. «Դպրոցականների
կենցաղը ճիշտ չի կազմակերպվում։ Նրանք անընդհատ մրցավազքի մեջ են՝ դպրոց, օտար լեզվի
պարապմունք, երաժշտական դպրոց, համակարգչային դասընթացներ»։ Ռ. Հարությունյանը ժամանակի
ճիշտ բաշխման ժամատախտակ է առաջարկում ծնողներին. դպրոց, տուն, մեկ ժամ ընդմիջում,
դասերի պատրաստում, զբաղմունք որեւէ սպորտաձեւով, խաղ բակում: Ըստ նրա, հայ ազգին
բնորոշ բժիշկ փոխելու սովորույթն էլ է նպաստում հիվանդության ոչ ճիշտ բուժմանն ու
առավել եւս զարգացմանը։ Այնինչ պարզվում է՝ շատ անգամ դա արդարացված է. 8 տարեկան
Նարեկի մայրը՝ Սուսաննան, մեզ պատմեց. «Ոչ ճիշտ բուժման արդյունքում մեկ տարվա ընթացքում
երեխայիս կարճատեսությունը 2-ից հասավ 4-ի՝ կրկնապատկվեց։ Պատճառը «վիտամաքսի» անիմաստ,
չափից ավելի կիրառությունն էր եւ բժշկի ոչ բավարար մասնագիտական գիտելիքները»։ Մալայան
կենտրոնը տարբեր կազմակերպությունների հետ համատեղ իրականացնում է «Լույս հայի աչքերին»
ծրագիրը. ախտորոշումը, բուժօգնությունը կազմակերպվում է տեղում՝ շարժական մեքենաների
միջոցով, կատարվում են նաեւ վիրահատություններ։ Այս ծրագիրն իրականացվում է Հայաստանի
բոլոր մարզերում՝ տարեկան երկու անգամ։ Սակայն, միեւնույն է, մանկական կարճատեսության
նկատելի աճ կա, ըստ վիճակագրական տվյալների՝ նույնիսկ հիվանդների թվի կրկնապատկում
է արձանագրվել։ Ռ. Հարությունյանը պարզաբանեց. «Տեղում կատարված ստուգումից հետո,
երբ երեխային հրավիրում ենք մեր կենտրոն բուժվելու, 50 տոկոսը դժվարությամբ է այցելում։
Դա սահմանափակ մտածելակերպի արդյունք է»։ Մալայան ակնաբուժական կենտրոնում բուժվում
է 13 տարեկան մի աղջիկ, ում կենտրոն են բերել, երբ տեսողությունը մեկ աչքում հասել
էր 0-ի, եւ երեխան կորցրել էր տարածության մեջ կողմնորոշվելու ունակությունը։ Մենք
խոսում ենք միայն անտարբերությունից։ Իսկ հնարավորություննե՞րը, հատկապես՝ ֆինանսական։
Կարելի է հաշվել, թե որքան գումար կծախսի մարզից քաղաք եկող ծնողը՝ երեխային ստուգման
բերելու համար։ Երկկողմանի տրանսպորտային ծախսերին գումարենք Մալայան ակնաբուժական
կենտրոնի պատերին փակցված ամբուլատոր ծառայությունների գները. առաջին կարգի հիվանդներ՝
3000 դրամ, 2-րդ կարգի հիվանդներ՝ 5000 դրամ, 15 տարեկանից բարձր երեխաներ՝ 10000
դրամ։ Չմոռանանք նշել, որ կենտրոնում կա նաեւ պետպատվերով բուժվելու հնարավորություն։
Սակայն՝ մինչեւ 7 տարեկանների եւ սոցիալապես անապահով երեխաների համար։ ՏԱԹԵՎ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել