Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անհրաժեշտ գրականություն կա՞, որ կարդան

Մարտ 25,2006 00:00

Հայաստանյան բուհական գրադարաններն այլեւս չեն կարողանում ուսանողներին լիովին ապահովել պահանջվող գրականությամբ։

Չնայած ԵՊՀ-ն այս ասպարեզում ունի մեծ կապեր ինչպես արտասահմանյան, այնպես էլ հայաստանյան կազմակերպությունների հետ, նշված խնդիրն այստեղ էլ է առաջնային։ «Ամեն տարի Երեւանի պետական համալսարանի ռեկտորատը որոշակի գումար է տրամադրում գրադարանին, որի սահմաններում կարողանում ենք ձեռք բերել պահանջվող գրականությունը։ 2005-ին տրամադրվել է 18 մլն դրամ, որի կեսից ավելին ծախսվել է բաժանորդագրության համար»,- տեղեկացրեց ԵՊՀ գրադարանի փոխտնօրեն Աննա Գրիգորյանը: ԵՊՀ գրադարանը համագործակցում է արտասահմանյան կառույցների հետ։ Համալրվում է ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի եւ միջազգային դրամական ֆոնդերից։ Համալրման մյուս աղբյուրը նվիրատվություններն են։ 2005-ին ֆրանսիական «Լեբեն Լետխ» կազմակերպության, ամերիկահայ բարերար, ԵՊՀ պրոֆեսոր Փամբուկչյանի, Անգլիայում Հայաստանի դեսպանատան դրամական փոխանցումով, ԱՊՀ-ից պետհամալսարանը ստացել է շուրջ 12500 անուն գիրք: Այնուամենայնիվ, գրադարանի փոխտնօրենը չի թաքցնում, որ գրականության պակաս, իրոք, կա։ «Քանի որ հիմա ավելի շատ զարգանում եւ փոփոխությունների են ենթարկվում փիլիսոփայությունը, ինֆորմատիկան, սոցիոլոգիան, այդ պատճառով այս բնագավառներում մասնագիտական գրականության պակաս է նկատվում։ Քիչ է նաեւ ժուռնալիստիկային վերաբերող ժամանակակից գրականությունը»,- ասացին գրադարանում։ Այս մտահոգությունը կիսում են նաեւ ուսանողները։ Գրադարանային խնդիրների առաջացումը ուսանողուհի Մարիամ Դիլբանդյանը կապում է երկրի տնտեսական վիճակի վատթարացման հետ։

«Երկրորդական պլան է մղվել գրականությունը, նոր գրականություն շատ քիչ է հրատարակվում։ Ժամանակակից գրողների գործերը ոչ հրատարակվում են, ոչ էլ խոսվում է դրանց մասին»։ Պահանջվող ծրագրային գրականության հայթայթման համար ԵՊՀ գրադարանը միջազգային գրափոխանակության ծրագրեր է իրականացնում Միչիգանի, Բոննի համալսարանների հետ, Կոնգրեսի գրադարանի, մոսկովյան «Կարնեգի» կազմակերպության հետ։ Համագործակցում է Վրաստանի, Բելառուսի եւ այլ երկրների գործող համալսարանների հետ։ Սակայն այստեղ էլ են բախվում ֆինանսական խնդիրներին։ «Գրափոխանակությունը շատ չէ, քանի որ ծախսերի հետ է կապված։ Օրինակ, մեզ մոտ գրքեր կան, որոնք ավելի էժան են, քան դրանց առաքման ծախսերն են։ Այդ պատճառով խուսափում ենք դրանք արտերկիր ուղարկել»,- պարզաբանեց Աննա Գրիգորյանը:

Արդյունքում տուժում են ուսանողները։ Քանի որ նշված պատճառով նրանք զրկվում են վերջին տարիներին արտասահմանում հրատարակված շատ օգտակար մասնագիտական գրականությունից։ «Պահանջվող մասնագիտական գրականությունը, հիմնականում քիչ քանակությամբ, ձեռք ենք բերել։ Գիտական եւ գեղարվեստական գրականություն, իհարկե, ձեռք ենք բերում, բայց աշխատում ենք նախ ուսումնական օժանդակ գրականությունը գտնել՝ գոնե նվազագույն պահանջները բավարարելու համար»,- տեղեկացրեց Ա. Գրիգորյանը։

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել