Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՀԱՅ ՍՈՒՊԵՐՍԹԱՐԸ» ԴԵՌ ՈՐՈՆՎՈՒՄ Է

Մարտ 25,2006 00:00

Հարցազրույց
մրցույթի ժյուրիի անդամ Նաիրա Գուրջինյանի հետ «Առավոտը» քանիցս անդրադարձել
է «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» նախագծին, որի իրավունքները պատկանում
են համաշխարհային հեռուստաշուկայում հայտնի բրիտանական IDOLS ընկերությանը: Ներկայացնում
ենք մեզ եւ ընթերցողներին հուզող հարցերը ժյուրիի միակ մասնագետ, երգչուհի, «Ջեզլ»
կանանց վոկալ, «Վաղորդյան կաթիլներ» եւ «Շմակի» մանկական վոկալ անսամբլների գեղարվեստական
ղեկավար Նաիրա Գուրջինյանին: – Ետեւում են Գյումրիի, Վանաձորի, Երեւանի եւ
նրա հարակից շրջանների, Ղարաբաղի պատանիների լսումները: Ընդհանուր արդյունքում քանի՞
հոգի է անցել եւ հիմա ո՞ր փուլում է մրցույթը: – Ծանոթ լինելով ձեր թերթում
տպագրված հոդվածներին, նախ ուզում եմ ցանկություն հայտնել, որ անհրաժեշտ է մեկս մյուսի
հանդեպ լինենք բարյացակամ: Այսօր հայկական էստրադայում լճացում է եւ, ինչու չէ՝ գուցե
այս նախագծի շնորհիվ մեր երիտասարդներից ոմանց նկատեն Եվրոպայում, հետագայում հրավիրելով
տարբեր միջոցառումների, այդ թվում՝ միջազգային մրցույթների: Այս պահին կոնկրետ թիվը
չեմ կարող հիշել, լսել ենք հազարավոր պատանիների, ընտրվել է 30-ը: Տեղեկացնեմ, որ
ըստ նախագծում առկա կետի, ժյուրին արդեն ավարտել է իր աշխատանքը, թեեւ ժյուրիի անդամներս
իրավունք ունենք ներկա գտնվելու նրանց ելույթներին եւ ընդամենը դիտողություններ ու
ցանկություններ հայտնել: Ամեն ինչ որոշելու է հեռուստադիտողը: Այս 30 հոգին դեռ մի
քանի ամիս հանդես կգան եթերով եւ, կախված հեռուստադիտողների միավորներից, նրանք աստիճանաբար
դուրս կմնան ու վերջում կընտրվի հայ սուպերսթարը: Ընդհանրապես պետք է նշեմ, որ հանդիպել
ենք ե՛ւ տաղանդավորների, ե՛ւ երգեցողության հետ կապ չունեցողների: – Մնացած
երեսուն երիտասարդների հետ կաշխատե՞ն մասնագետներ: – Ես այդ մասին ոչինչ ասել
չեմ կարող: Կրկնում եմ՝ ժյուրիի անդամներս արդեն ավարտել ենք մեր աշխատանքները: –
Ճի՞շտ եք գտնում, որ ժյուրիի կազմում էին DJ Գլումովը եւ դերասան Միքայել Պողոսյանը:
– Իսկ ո՞վ է ասում, որ ժյուրիի կազմում բոլորը պետք է լինեն մասնագետներ:
Ժյուրիում եղած կոլեգաներս մշտապես հաշվի են առել իմ՝ մասնագետի կարծիքը: Ինչ վերաբերում
է DJ Գլումովին եւ դերասան Միքայել Պողոսյանին, առաջինը պարզապես քայլող հանրագիտարան
է: Եթե ոչ մասնագետից ավելի, ապա հավասար գիտե ջազի, փոփի, ռոքի պատմությունը: Հիշեցնեմ,
որ ինքն է կազմակերպիչը «Ոսկե քնար» ժամանակակից երգի մրցույթի: Թեեւ ավելորդ եմ
համարում, բայց նշեմ, որ երգչի մասնագիտության համար անհրաժեշտ է դերասանական վարպետությունը:
Կարծում եմ՝ Միքայելին որպես դերասան ներկայացնելու հարկ չկա: – Դիտելով համանուն
նախագծի ռուսաստանյան «Նարոդնի արտիստ» ծրագիրը, համենայնդեպս, եւ մենք, եւ մեր ընթերցողները
չեն հանդիպել ռուսաստանյան ժյուրիի կողմից մասնակիցներին, ուղիղ ասած՝ ձեռ առնելու
դեպքերի, ինչը առկա է ձեր պարագայում: Նման վերաբերմունքը բրիտանական նախագծի պայմանների՞ց
է բխում: – Ի տարբերություն ձեզ եւ ձեր ընթերցողների, ժամանակին դիտելով «Նարոդնի
արտիստ» հեռուստատարբերակները, նկատել եմ ու զարմացել, թե ինչպես ժյուրիի կազմում
ռուսաստանյան աստղերը իրենց թույլ են տվել, ինչպես դուք նշեցիք՝ ձեռ առնել մասնակիցներին:
Մեր կարծիքով, դա հայաստանյան ծրագրում բացակայում էր: Պարզապես IDOLS նախագծի ֆորմատն
է այդպիսին՝ կատակներ, աշխույժ խոսք ու զրույց մասնակիցների հետ, մանավանդ՝ սա շոու-ծրագիր
է: Մյուս կողմից էլ, հաճախ պետք է մասնակցին հասցնել այնպիսի լարվածության, որ նա
հուզվի, թեկուզ լաց լինի, ապագա արտիստը պետք է պատրաստ լինի ամեն ինչի: Մենք՝ ժյուրիի
անդամներս քանիցս դիտել ենք արտերկրում անցկացված այս նախագծի մրցույթները ու պետք
է նշեմ, որ, օրինակ, Ամերիկայում մասնակիցները երեք օր ու գիշեր էին սպասում իրենց
հերթին՝ հանգիստ, առանց հրմշտոցի, ուտելով իրենց համբուրգերը, ինչը չես ասի հատկապես
երեւանյան փուլի համար: Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել