Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Եվս մի դանակահարություն

Մարտ 25,2006 00:00

Վերաքննիչը երկու տարով բարձրացրեց պատիժը

Հայրապետ Մարտիրոսյանին Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանը դատապարտեց 12 տարվա ազատազրկման: ՀՀ քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանն էլ այդ պատժին ավելացրեց եւս երկու տարի:

Հ. Մարտիրոսյանը 2005թ. հուլիսի 19-ին, ժամը 22:30-ի սահմաններում տնից դուրս է եկել (Աթոյան անցուղու 18 շենք, 27 բնակարան) ծխախոտ գնելու նպատակով: Ճանապարհին, մոտակա սննդի խանութի մոտ նկատել է մի խումբ երիտասարդների, որոնք բարձրաձայն խոսում էին իսկ «ՎԱԶ 2106» մակնիշի 63ԼԼ340 պետհամարանիշի ավտոմեքենայից երաժշտություն էր լսվում: Նախաքննության մարմինը պարզել էր, որ նրանք 6-ն են, թեեւ Հ. Մարտիրոսյանի պաշտպանական կողմը նշում է, որ եղել է մինչեւ 30 երիտասարդ: Ըստ գործի նյութերի էլ, Հայրապետը մոտեցել է նրանց, պահանջելով հեռանալ տարածքից: Սակայն երիտասարդները չեն ենթարկվել նրա պահանջին, եւ Հ. Մարտիրոսյանը նրանց հետ միասին հայտնվել է 18-րդ շենքի ավտոտնակների մոտ: Վիճաբանություն է տեղի ունեցել: Ամբաստանյալի պաշտպանական կողմը պնդում է, որ Հայրապետին 3 անգամ հարվածել են դանակով, որն էլ «ազդրից հանելով դանակը», հարվածել է վիճաբանողներին: Սակայն գործի նյութերով արձանագրված է, որ «Մարտիրոսյանն առաջ գալով, իր մոտ եղած դանակով խուլիգանական դրդումներով անսպասելիորեն հարվածել է վիճաբանությանը չմասնակցած Աշոտ Ջանոյանի կենսական կարեւորագույն օրգան հանդիսացող կրծքավանդակի ձախ կեսին»: Ընկերներից մեկը «ԳԱԶ 3110» մակնիշի 03ԼՍ987 պետհամարանիշի ավտոմեքենայով Աշոտին տեղափոխել է հայրական տուն, որտեղից էլ՝ հիվանդանոց: Ջանոյանի կյանքը, ցավոք, չի հաջողվել փրկել: Ջանոյանի ընկերներից վնասվածք է ստացել Գեւորգ Մինասյանը՝ աջ ձեռքի նախաբազկին, Նորայր Հովհաննիսյանը ստացել էր թեթեւ վնաս:

Հ. Մարտիրոսյանը իրեն մեղավոր չի ճանաչել: Նա դատարաններում էլ ասել է, որ չի ճանաչել մահացածին, որ դիտավորություն չի ունեցել Ա. Ջանոյանին կյանքից զրկելու, իսկ Գ. Մինասյանին էլ մարմնական վնասվածք պատճառելու, ավելին, գործել է պաշտպանվելու նպատակով:

Հ. Մարտիրոսյանի հարազատները տեղեկացրին, որ պատժաչափի կապակցությամբ դիմելու են վճռաբեկ դատարան, մինչդեռ տուժող կողմն էլ գտնում է, որ Մարտիրոսյանին ցմահ ազատազրկում է հասնում: Հ. Մարտիրոսյանն իր ցուցմունքում պնդել էր, թե «ողջ խումբը հարձակվել է իր վրա, փայտերով, քարերով հարվածներ են հասցրել: Եվ երբ պաշտպանվելու նպատակով սկսել է դանակով ներքեւ, աջուձախ թափահարել եւ չի նկատել, թե ինչպես է դանակը ինչ-որ մեկին դիպչել»:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ, դանակի հարվածից առաջացած վերքը 13 սմ խորություն ուներ, որը հերքում է «դանակի այսուայնկողմ շարժելու» փաստարկը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել