Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փարիզյան զուգահեռներ

Մարտ 25,2006 00:00

Ցուցարարներին ծեծելու քաղաքակիրթ եւ ոչ քաղաքակիրթ ձեւերը

Ֆրանսիայում բռնկված եւ արդեն մի քանի շաբաթ շարունակվող ուսանողական հզոր ցույցերը գալիս են լրացուցիչ ընդգծելու այն վիթխարի տարբերությունը, որն առկա է քաղաքացիական հասարակություն եւ քաղաքացիական գիտակցություն կոչված երեւույթների նկատմամբ եվրոպական եւ հայաստանյան պատկերացումների միջեւ: Ամենեւին նպատակ չունենալով համակրանք կամ անհամաձայնություն արտահայտել այս օրերին Ֆրանսիայում զարգացող սոցիալ-քաղաքական դրամայի մասնակից կողմերից որեւէ մեկի վերաբերյալ՝ այնուամենայնիվ չենք կարող չարձանագրել սեփական իրավունքների նկատմամբ շարքային ֆրանսիացու նախանձախնդրության հիրավի նախանձելի բարձր մակարդակը: Փորձենք հասկանալ, թե ինչ է կատարվում:

Ինչի՞ դեմ է այսօր ընդվզում ֆրանսիական երիտասարդությունը: Առաջին հայացքից շատ փոքրիկ (մեր՝ հայաստանյան չափանիշներով) մի բանի՝ երկրում ընդունված նոր Աշխատանքային օրենսգրքով գործատուները հնարավորություն են ստացել առանց որեւէ բացատրության աշխատանքից ազատել 26 տարին չբոլորած երիտասարդներին: Չխորանանք՝ արդարացի՞ է դա, թե՞ ոչ, քանզի դա չէ այս հրապարակման նպատակը: Պարզապես արձանագրենք, որ ֆրանսիացի երիտասարդներն այդ օրենքի մեջ տեսել են իրենց իրավունքների ոտնահարման պոտենցիալ սպառնալիք եւ միահամուռ դուրս են եկել փողոց, ընդ որում՝ թքած ունենալով Ֆրանսիայի կայունության վրա: Ինչպիսի՜ ապակառուցողական աղմուկ, եւ այն էլ ինչ-որ հիպոթետիկ օրենքի համար, որը, ի դեպ, դեռ չի էլ սկսել գործել: Պատկերացրեք, թե ինչ կանեն այդ ըմբոստները, երբ հիշյալ օրենքի ընձեռած հնարավորությունների շրջանակում գործատուներն արդեն փաստացի սկսեն աշխատանքից հեռացնել մարդկանց:

Իսկ այժմ զոռ տվեք ձեր երեւակայությանն ու վերը նկարագրվածի ֆոնին փորձեք պատկերացնել, թե ինչ կանեին ֆրանսիացիները, եթե դը Վիլպենի կառավարության ակնհայտ հակասահմանադրական որոշումների հիման վրա Փարիզի ժանդարմերիայի կոպիտ միջամտությամբ մարդկանց դուրս շպրտեին, ասենք՝ Մոնմարտր թաղամասի իրենց տներից՝ իբրեւ փոխհատուցում մի քանի եվրո գցելով նրանց առջեւ: Դժվար չէ կանխագուշակել, որ ըմբոստ ուսանողներն այդ դեպքում պարզապես Եվրոպայի երեսից կջնջեին Ֆրանսիայի կառավարության շենքը: Կամ հանդգնեք երեւակայել, թե ինչ կկատարվեր Ֆրանսիայում, եթե այնտեղ եւս, ինչպես Հայաստանում, գիտաֆանտաստիկ ծավալներով կեղծվեին մեկ տարի առաջ կայացած եվրասահմանադրական հանրաքվեի արդյունքները: Իսկապես, մտածելն անգամ սարսափելի է: Վերջապես, փորձեք մտովի ուրվագծել մոտավորապես այսպիսի տեսարան. ֆրանսիացի ընդդիմադիրները ցույց են անում Փարիզի փողոցներից մեկում, եւ հանկարծ խաղաղ ցուցարարների եւ այն լուսաբանող լրագրողների վրա են հարձակվում ֆրանսիացի խոշոր բիզնեսմենների հաստավիզ պահակազորայինները, ծեծում են ցուցարարներին, լրագրողների ձեռքից խլում են ֆոտոապարատներն ու ջարդուփշուր անում: Այո, չի ստացվում:

Բոլոր դեպքերում, սրանք ուսանելի զուգահեռներ են:

ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել