Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆԱԽԿԻՆ ՕՄԲՈՒԴՍՄԵՆԸ «ԿՈՆՅՈՒՆԿՏՈՒՐՇԻԿ» ԷՐ

Մարտ 25,2006 00:00

Այսպիսի եզրակացության կարելի է հանգել՝ ծանոթանալով նրա գործունեության մոնիտորինգի արդյունքներին

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն» հասարակական կազմակերպությունը օրերս հրապարակել է Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտի հիմնադրման օրվանից ի վեր դրա գործունեությանն առնչվող իր դիտարկումներն ու եզրակացությունը: Դրանք, մեղմ ասած, չեն կարող հաճելի լինել հատկապես ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանի համար, թեեւ թեթեւ կսմիթներ կան՝ ուղղված նաեւ ՀՀ իշխանությունների հասցեին:

Այսպես, հ/կ-ի դիտարկմամբ, 2004 թ. փետրվարի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով Մարդու իրավունքների պաշտպան Լ. Ալավերդյանի նշանակման հարցում ՀՀ նախագահը, ըստ էության, ԱԺ խմբերի եւ խմբակցությունների հետ չխորհրդակցեց: «ԵԽ փորձագետ, Լեհաստանի օմբուդսմենի հաստատության տնօրեն Դր. Անջեյ Մալանովսկին վտանգավոր համարելով նախագահի կողմից օմբուդսմենի նշանակման փաստը՝ արձանագրել էր. «Պաշտպանի ինստիտուտի գործունեության ամենասկզբնական շրջանում տեսնում ենք ժամանակավոր համակարգի ներդրում, որը ժողովրդավարության հետ շփման շատ փոքր եզր ունի»:

Հ/կ-ն արձանագրել է, որ ժամանակին փորձագետները հիմնականում մատնանշել էին նաեւ այն հանգամանքը, որ նախագահի կողմից պաշտպանին նշանակելը սահմանափակելու է օմբուդսմենի ինստիտուտի անկախությունը: Թե հասարակությունը, թե իշխանավորները նման եղանակով նշանակված պաշտպանին ընկալեցին որպես «նախագահի մարդ»՝ դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: Ընդսմին, հ/-ն արձանագրել է, որ «պրակտիկան ցույց տվեց, որ ճիշտ էին այն պնդումները, թե նախագահի կողմից պաշտպանին նշանակելը սահմանափակելու է այդ ինստիտուտի անկախությունը»:

Միաժամանակ հ/կ-ն անհրաժեշտ է համարել նշել, որ «ՄԻՊ գրասենյակի կողմից մամուլին տրված գրեթե բոլոր հաղորդագրությունները, պաշտոնական կայքում ներկայացված տեղեկատվությունը աչքակապության բնույթ են կրում՝ շրջանցելով փաստական ու բովանդակային տվյալների, կատարած աշխատանքի արդյունքների լուսաբանումը»:

Կազմակերպության դիտարկումներում անդրադարձ կա նաեւ հասարակական հնչեղություն ունեցող հարցերի կամ Մարդու իրավունքների կոպիտ ու զանգվածային խախտումների նկատմամբ պաշտպանի դրսեւորած վարքագծին:

Ըստ այդմ, հ/կ-ն 2004 թ. ապրիլի 12-13-ի դեպքերն ու դրան նախորդող ու հաջորդող իրադարձությունները համարելով ՄԻՊ կառույցի գլխավոր փորձաքարը՝ նշում է, որ «այս իրադարձությունների ժամանակ պաշտպանն անտեսեց օրենքի հոդված 17-ի 2-րդ կետով սահմանված դրույթը եւ դրանց վերաբերյալ հրապարակային զեկույցով հանդես չեկավ», թեեւ, ըստ օրենքի, կարող էր դա անել: «Պաշտպանի գնահատականները զուտ քաղաքական բնույթի էին ու նույնացված ՀՀ իշխանությունների տեսակետներին: Այն ժամանակ, երբ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպությունները եւ մի շարք միջազգային հեղինակավոր կառույցներ ահազանգում եւ արձանագրում էին ՀՀ իշխանությունների՝ ուժի գործադրման լիազորությունների գերազանցման, քաղաքական զանգվածային ձերբակալությունների ու կտտանքների փաստերը, պաշտպանը հայտարարում էր, որ բացառությամբ «առանձին մանր-մունր կոմպոնենտների», մնացյալ ամեն ինչը օրենքի շրջանակներում է»:

Փաստաթղթում նշվում է, թե միայն ավելի ուշ, միջազգային կառույցների ճնշման տակ ու «քաղաքական այս կոնյունկտուրայի թելադրանքով պայմանավորված, երբ աստիճանաբար ազատ էին արձակվում քաղբանտարկյալներն ու վարչական կալանքի ենթարկված շարքային ցուցարարները, վերջիններիս ազատությունը ձեւակերպվեց, իբր, պաշտպանի միջնորդությունների արդյունք, որը հետագայում ամրագրվեց պաշտպանի տարեկան զեկույցում»:

«Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի» դիտարկմամբ, ՀՀ օմբուդսմեն Լ. Ալավերդյանը, ով անդրադառնալով պաշտպանի աշխատակազմի մասնագետ Սերոբ Անտինյանի՝ 2005թ. մայիսի 26-ին ԱԱԾ կողմից խարդախության մեղադրանքով ձերբակալությանը՝ հայտարարել էր, թե դա ՄԻՊ կառույցի գործունեության անկախության երաշխիքների աննախադեպ խախտում է եւ կառույցի դեմ տարվող վարկաբեկման արշավ, ստեղծված իրավիճակում պարտավոր էր հետամուտ լինել օրենքի պահանջների կատարմանը կամ հերքել իր վերոնշյալ հայտարարությունները, քանի որ, հ/կ-ի մատուցմամբ, պաշտպանի հայտարարություններում արձանագրված փաստերը, օրենքի 18-րդ հոդվածով, հավասարազոր են պաշտպանին սպառնալու կամ նրան վիրավորանք հասցնելու հատկանիշներին եւ առաջացնում են պատասխանատվություն:

«Գործնականում, տեղ գտած ոչ իրավաչափ գործողություններով, պաշտպանը մատնվել է փաստացի անգործության՝ այս ողջ գործընթացը վերածելով քաղաքականացված քարոզարշավի»,- ասված է փաստաթղթում:

ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել