«Մեր տներում կարելի է նավարկել» Բողոքում են Երեւանի 16-րդ թաղամասի բնակիչները Խնդիրն այն է, որ ձմռան ընթացքում տեղացած ձյունը հալչելով լցվում է շահագործման օրվանից չվերանորոգված տանիքներից ներս, ինչի հետեւանքով բնակարանների պատերն ու առաստաղները փլուզվել ու փլուզվում են, իսկ առաջացած խոնավությունից էլեկտրասնուցումը հաճախ ընդհատվում է: 16-րդ թաղամասի թիվ 23 բնակելի շենքի բնակչուհիներից մեկը տիրող իրավիճակը գնահատեց այսկերպ. «Ամբողջ կրիշը չռռում ա, մտեք ցանկացած տուն, սաղ տները փտել են արդեն: ԺԷԿ-ը խաբում ա, կանչում ենք՝ չի գալիս, իսկ վարձերը հավաքելիս՝ խեղդում ա, հենց մի հատ տեղեկանք ենք ուզում, ասում են՝ բեր մուծում արա, որ տանք, դե չունեմ, Փարոսի հաշվին եմ ապրում, որտեղի՞ց մուծում անեմ: Չորրորդ տարին ա՝ էսենց կաթում ա ու մի բան չեն անում, խաբում են, անցած տարվանից պիտի սարքեին, դեռ սարքում են»: Անընդհատ տեղացող անձրեւաջրերի դեմ պայքարելու համար բնակիչները կիրառում են տարբեր հնարքներ. թաղամասի բնակիչներից մեկն ասաց, որ տանիքում տեղակայել են շուրջ 200 դույլ, իսկ մյուսը, թե՝ «ա՛յ հիմա մեծ ցելոֆան ենք կապել, դույլը դրել ենք տակը, ցելոֆանը ծակել ենք, կաթում ա մեջը»։ Նման վիճակում է գտնվում թաղամասի բնակելի շենքերի մեծամասնությունը՝ թիվ 15, 16, 18, 20, 23, 26, 27, 29, 36, 34 բնակելի շենքերը: Այդուհանդերձ, որոշ բնակելիների տանիքներ վերանորոգվել են, բայց՝ Աջափնյակի թաղապետարանի եւ բնակիչների համատեղ ուժերով: Սակայն դժգոհություն կա նաեւ վերանորոգվածների բնակիչներից՝ թիվ 16 շենքի բնակիչներից մեկն ասաց, թե «տասը տարուց ավելի այս վիճակն էր, անցած տարի վերանորոգել են, բայց էլի կաթում է»: Նույն բողոքը լսեցինք նաեւ 20-րդ շենքում ապրողներից, իսկ թիվ 26 շենքի բնակիչները հրաժարվել են տանիքի մասնակի վերանորոգումից: Բնակիչների մեծամասնությունը պատճառաբանում են, որ սոցիալապես անապահով են, ուստի իրենց ուժերով չեն կարող տանիքները վերանորոգել ու կաթոցքները վերացնել, ըստ այդմ էլ՝ իրենց հույսը կապում են Աջափնյակի թաղապետարանի եւ սպասարկող «Ռոման» եւ «16 թաղ 34» համատիրությունների հետ, որոնց բազմիցս դիմել են: «Ռոման» համատիրության նախագահ Լ. Քարամյանը մեզ տեղեկացրեց, որ «տանիքների վերանորոգումը պայմանավորված է բնակիչների բնակվարձերի վճարման հետ», որ ներկայիս դրությամբ բնակիչները պետությանը պարտք են 10 միլիոն 137 հազար դրամ։ Չնայած դրան՝ «տանիքների վերանորոգման խնդիրն այս տարի վերջնականապես լուծում կստանա, առաջնահերթ կվերանորոգվեն թիվ 23 եւ 26 շենքերի տանիքները»։ Բնակչության այն դժգոհությանը, թե մեկ տեղեկանք ստանալու համար պահանջում են բնակվարձերը, «Ռոման» համատիրության հաշվապահ է. Գրիգորյանը պատճառաբանեց, որ իրենք տեղեկանքն առանց որեւէ շահարկման տալիս են բնակչին, բայց հիշեցնում են իրենց պարտքի մասին։ Նույն պատճառը նշեց նաեւ «16 թաղ 34» համատիրության նախագահ Ա. Գեւորգյանը՝ իր սպասարկման տարածքում բնակիչները պետությանը պարտք են շուրջ 8 միլիոն դրամ։ Նրա ասելով՝ հիմնանորոգել են մի քանի շենքերի տանիքներ, իսկ թիվ 20 շենքի մասնակի վերանորոգման փաստը հիմնավորեց այսպես. «Թաղապետարանի բյուջեն չէր բավարարում, բայց այս տարի կվերանորոգվի»: ԳԱՐԻԿ ՄԿՐՏՉՅԱՆ