Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ

Մարտ 24,2006 00:00

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՆԱԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ Է Սա վերաբերում է նաեւ բժիշկ-հիվանդ փոխհարաբերություններին Պլաստիկ վիրաբուժությունը համեմատաբար նոր մասնագիտություն է՝ շուրջ 50 տարվա, իսկ Հայաստանում 20 տարվա պատմություն ունի: «Մասնավորապես՝ պլաստիկ վերականգնողական վիրաբուժությունը, դժբախտաբար, թռիչքաձեւ զարգանում է պատերազմներից հետո: Ղարաբաղյան պատերազմից հետո այն մեծ զարգացում ապրեց նաեւ մեզ մոտ եւ այժմ մեր կատարած վիրահատություններն իրենց արդյունքով չեն զիջում աշխարհի զարգացած երկրներում գրանցված մակարդակին»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց «Էրեբունի» բժշկական կենտրոնի Պլաստիկ եւ միկրովիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է պլաստիկի մյուս՝ էսթետիկ ճյուղին, ապա այստեղ մեր վիրաբույժների ձեռքբերումները համեմատաբար համեստ են: Պատճառը, ըստ մեր զրուցակցի՝ «խորհրդային մարդը մեծ կարեւորություն չէր տալիս իր արտաքինը փոխելուն՝ երիտասարդացնելուն, գեղեցկացնելուն: Նաեւ հնարավորությունների հարց էր: Այժմ մտածելակերպը փոխվել է, եւ էսթետիկ վիրահատությունների պահանջը գնալով մեծանում է»: Վերջին ժամանակներում հաճախակի են դարձել բժիշկների դեմ դատական վեճերը: Որքանով են պաշտպանված հիվանդները եւ բժիշկները՝ նույնպես, երբ վիճարկվում է բժշկական միջամտության արդյունքը, երբեմն՝ մահվան ելքով: Ա. Հովհաննիսյանն այս հարցին պատասխանեց. «Ներկա համակարգով անպաշտպան են թե մեկը, թե մյուսը: Բարդությունների ժամանակ կողքից միշտ թվում է, թե մեղավորը բժիշկն է: Բայց պետք է կարողանալ դա ապացուցել: Չէ՞ որ վիրահատությունից հետո բժիշկը տալիս է ցուցումներ հետվիրահատական խնամքի մասին: Հիմա բժիշկն ինչպե՞ս իմանա, թե հիվանդը պահպանե՞ց իր ցուցումները: Որպես կանոն, նման դեպքերում հիվանդներն անկեղծ չեն լինում եւ ստացվում է, որ նաեւ բժշկին պետք է պաշտպանել հիվանդի կեղծիքից: Պետք է ընդհանուր առմամբ բարձրացնել հիվանդ-բժիշկ հարաբերությունների կուլտուրան, ավելի հստակ՝ բժիշկների մեջ մեծացնել պատասխանատվությունը կատարած աշխատանքի հանդեպ, հիվանդի մոտ էլ՝ վստահությունը բժշկի հանդեպ: Մեր ժողովուրդը բժշկի ասածին չի հավատում, գերադասում է լսել ծանոթ-բարեկամի խորհուրդը, օրինակ՝ գնալ այսինչ սնխչու մոտ, ոչ թե ոսկրաբանի: Զարգացած երկրներում գործում է պայմանագրային ձեւը, այն է՝ մինչեւ վիրահատությունը կամ բուժումը սկսելը, բժիշկը հիվանդի հետ կնքում է պայմանագիր, որտեղ նշված են բոլոր հնարավոր բարդությունները՝ սկսած ամենաչնչինից մինչեւ մահվան ելքը: Սա ինչ-որ չափով ապահովագրում է բժշկին, բայց չի ազատում պատասխանատվությունից: Մեզ մոտ պայմանագրային ձեւը պետք է նոր ներմուծվի»: Խոսելով բժշկի պատասխանատվությունից, մեր զրուցակիցը կարեւորեց ասոցիացիաների մեծ դերն այդ հարցում. «Հիմա մենք կարծես թե բժշկության մեջ քանդում ենք հիերարխիկ համակարգը՝ գլխավոր բժիշկ-բաժանմունքի վարիչ եւ այլն: Այժմ յուրաքանչյուր կլինիկա հնարավորություն է տալիս իր մոտ աշխատող վիրաբույժին՝ ինքնուրույն ձեւավորել իր հիվանդների կոնտինգենտը: Սակայն միշտ չէ, որ բժշկի որակավորումը համապատասխանում է այն աշխատանքին, ինչը ինքն ուզում է կատարել, իսկ վերահսկողության միջոց գրեթե չի մնացել: Դա միանշանակ վատ է: Ազատության մեծացման հետ նույնչափ եւ ավելի պետք է մեծանա նաեւ բժշկի պատասխանատվությունը: Այ այստեղ է, որ մեծանում է հասարակական կառույցների դերը, որովհետեւ բժշկի կատարած աշխատանքը իրապես կարող է գնահատել իր իսկ մասնագիտության տեր բժիշկը: Հայաստանը փոքր երկիր է, բոլորս իրար լավ ճանաչում ենք, գիտենք՝ ով ինչի է ընդունակ: Իհարկե, միմյանց ճանաչելը կարող է խանգարել, բայց կարող է եւ օգնել: Կարեւորը՝ թե ոնց ես մոտենում գործին: Յուրաքանչյուրս ուղղակի պարտավոր ենք ոչ թե փոքրոգություն դրսեւորելով ծածկել մեր թերությունները եւ խնդիրները, այլ դրանք ջրի երես հանել, քննարկել, ընդունել մյուսի խորհուրդը»: Ա. Հովհաննիսյանն ինքը պլաստիկ վերականգնողական եւ էսթետիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահն է: Ապրիլի 12-14-ը ասոցիացիան կազմակերպել է միջազգային գիտաժողով: «Հրավիրել ենք աշխարհի մասշտաբով շատ անվանի մասնագետների՝ նաեւ բուժական կոսմետոլոգիայի բնագավառից: Մեր նպատակն է բարձրացնել մեր բժիշկների մասնագիտական որակը, նաեւ՝ պլաստիկ վիրաբուժության դերն ու նշանակությունը մարդկանց կյանքում»: ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել