Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԹՈՒՅԼԱՏՐԻ ԳՈՎԱԶԴԵ՞Լ

Մարտ 24,2006 00:00

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՊԻՏԻ ԹՈՒՅԼԱՏՐԻ ԳՈՎԱԶԴԵ՞Լ Անցած քառօրյայում ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության նախաձեռնությունը «Գովազդի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին: Այստեղ մի շարք անհրաժեշտ փոփոխություններ են կատարվել: Ասենք, որ «դեղերը զանգվածային տեղեկատվության էլեկտրոնային եւ տպագիր միջոցներով գովազդելու դեպքում գովազդի վրա պետք է նշվի դեղերի՝ ՀՀ-ում պետական գրանցման հավաստագրի համարը, ամսաթիվը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված թույլտվության համարն ու ամսաթիվը: Արգելվում է հսկվող դեղերի, դեղատոմսով բաց թողնվող դեղերի եւ ՀՀ-ում չգրանցված դեղերի գովազդը: ՀՀ-ում արգելվում է դեղերի գովազդը արտաքին գովազդային վահանակների միջոցով»: Սակայն նաեւ սահմանված է. «Դեղերի, բուժտեխնիկայի եւ բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրման կարգն ու այդ գովազդին ներկայացվող պահանջները հաստատում է ՀՀ կառավարությունը»: Երեւանի մամուլի ակումբն արդեն իսկ «ոչ այնքան հասկանալի» է գնահատել այն, թե վերոհիշյալ լիովին հիմնավոր սահմանափակումների հետ միասին՝ ինչո՞ւ է նախատեսվել գովազդի համար թույլտվության այս կարգը: Նախագծի հիմնավորման մեջ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այսպես. «Խնդիրն այն է, որ ներկայումս ԶԼՄ-ներով եւ արտաքին գովազդային վահանակների միջոցով հաճախ գովազդվում են համապատասխան լիցենզիա չունեցող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող տնտեսվարող սուբյեկտներ, հեքիմներ, բժշկական կրթություն չունեցող անձինք: Բացի դրանից գովազդվում են բուժման այնպիսի մեթոդներ, որոնք ակնհայտորեն մշակված են բնակչությանը խաբելու եւ ծանր ու անբուժելի հիվանդներից մեծ գումարներ ստանալու նպատակով: Լրատվամիջոցներով գովազդվում են դեղեր, որոնց գովազդը, համաձայն օրենքի, արգելված է»: Սակայն ի՞նչ կապ ունի այս ամենը կառավարությանը տրված լիազորության հետ՝ հաստատել գովազդի թույլտվության տրամադրման կարգ: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել