Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՏԸՆԹԱՑ

Մարտ 24,2006 00:00

ՀԵՏԸՆԹԱՑ ՈՒ ՉԼՈՒԾՎԱԾ ԽՆԴԻՐՆԵՐ Այսպես է «ԸՕ»-ում նախատեսվող փոփոխությունները գնահատում «Ժողովրդավարություն» կազմակերպության փոխնախագահ, իրավաբան Հրայր Թովմասյանը: – Մի առիթով նկատեցիք, թե վատն է այն «Ընտրական օրենսգիրքը», որը մեխանիզմներ չի պարունակում՝ կանխելու ընտրակեղծիքները: Այժմ նախատեսվող փոփոխություններով ապահովե՞լ են նման մեխանիզմներ: – Ցավոք, բացարձակ ո՛չ: Ես սահմանադրական իրավունքի մասնագետից կարծես վերածվել եմ կրիմինալիստի: Եվ երբ ուսումնասիրում եմ «Ընտրական օրենսգրքի» հերթական փոփոխությունները՝ առաջին հերթին փորձում եմ կռահել, թե ի՞նչ են հիմա մտածել, ի՞նչ մեխանիզմներով են իրականացնելու խախտումները: Այս անգամ, ասենք, նշել են քվեարկության գաղտնիության մասին եւ կարգ սահմանել, թե քվեաթերթիկը պետք է դրվի ծրարի մեջ: Իսկ եթե ես ծրարի վրա գրեմ՝ «Հրայր Թովմասյան», արդյոք այդ ծրարը կհամարվի՞ անվավեր կամ չսահմանված նմուշի: Ոչինչ էլ չի համարվի, քանի որ փոփոխություններով սահմանված չէ անվավեր ծրարի գաղափարը կամ, որ չի կարելի նշումներ անել ծրարի վրա: Ուստի ուղղակի կնայեն այդ ծրարի մեջ դրված քվեաթերթիկը եւ կտեսնեն, թե ինչպես է քվեարկել Հրայր Թովմասյանը: Ինձ համար պարզ է, որ այս անգամ ընտրակեղծիքների մեխանիզմը լինելու է հետեւյալը՝ բաժանելու են մեծ ընտրակաշառքներ, քվեարկության բուն ընթացքը չի կեղծվելու (այսինքն՝ չեն լինի լցոնումներ կամ ուրիշի փոխարեն քվեարկություն), սակայն իմ նշած մեխանիզմի միջոցով շատ հեշտությամբ ստուգելու են, թե ով ինչպես է քվեարկել: – Այս փոփոխություններով բացառվում է նաեւ ընտրական «կարուսե՞լը»: – Ընդհակառակը՝ շատ պարարտ հող է մշակված «կարուսելի» համար: Կարելի է ծրարի մեջ թղթի կտոր դնել, իսկ քվեաթերթիկը հանել դուրս՝ այնտեղ նշում կատարել, հետո դա ներս բերել ու դուրս հանել մեկ այլ քվեաթերթիկ: – «Ընտրական օրենսգրքում» քննադատում էիք այն կարգը, երբ քվեարկելուց հետո նոր կնքում էին քվեաթերթիկը՝ տեղիք տալով, որ հնարավոր լինի պարզել քվեարկության արդյունքը: Հիմա այս կարգը վերանայվելու է: – Սա, իհարկե բարելավում է: Բայց երբ բարելավում ես մի մեխանիզմ՝ փոխարենը հնարավորություն ընձեռելով մեկ այլ ընտրակեղծիքի համար՝ բարելավում չէ: – Նախատեսվող ո՞ր փոփոխություններն են, որոնք հետընթաց են: – Նշել են, թե «Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլեւ պարտականություն»: Սակայն Սահմանադրությամբ որպես սկզբունք սահմանված է, թե քվեարկությունը գաղտնի է: Իսկ սա արդեն իսկ նշանակում է, թե ընտրողն իրավունք չունի բաց քվեարկել: «Ընտրական օրենսգրքի» այս փոփոխությամբ պարզապես ցանկացել են արդարացնել հանրաքվեի ժամանակ բաց քվեարկության դեպքերը՝ իբր նախկինում գաղտնի քվեարկելն իրավունք էր, հիմա դարձնում ենք պարտականություն: Մինչդեռ դա մի՛շտ է եղել պարտականություն: Սահմանված էր, որ քվեարկությունից հետո թեկնածուները պարտավոր են իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին 6-օրյա ժամկետում ներկայացնել իրենց նախընտրական հիմնադրամի կատարած ծախսերի եւ մուտքերի վերաբերյալ հաշվետվություն: Ինչո՞ւ էր 6 օր. քանի որ՝ 7 օրվա ընթացքում կարող ես բողոքարկել ՍԴ: Եվ մյուս թեկնածուի համար շատ կարեւոր է, որ պարզվի, թե քո հիմնադրամում ինչպես են կուտակվել ու ծախսվել միջոցները, քանի որ սա կարող է հիմք լինել ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու համար: Հիմա այս փոփոխություններով 6 օրը դարձրել են 15 օր: Եվ եթե իմ ընտրությունը 4 օր հետո բողոքարկել ես ՍԴ-ում՝ այն 10 օրվա ընթացքում պիտի քննի բողոքն ու որոշում կայացնի: 15-րդ օրը նոր միայն ես կբերեմ հաշվետվությունը, եւ պարզ կդառնա, որ իմ բոլոր ծախսերը կատարվել են հիմնադրամից դուրս: Սակայն գնացքը գնացել է, եւ մրցակիցս չի կարող ոչինչ անել: Հաջորդ դրույթը. ընդդիմության ամբողջ կռիվն էր, որ կարողանան ետ կանչել իրենց նշանակած թեկնածուներին (ինձ համար անընդունելի նորմ է): Այժմ հայտարարում են, թե հասել են իրենց նպատակին՝ կարող են ետ կանչել: Բայց ամրագրված է, թե կարող են ետ կանչել ոչ ուշ, քան ընտրություններից 20 օր առաջ: Սակայն եթե նպատակ է դրված հանձնաժողովում ընդդիմադիր կուսակցության ներկայացուցչին «գնել»՝ 20 օրում հաստա՛տ կհասցնեն դա: Այսինքն՝ այս առումով էլ լուծված չէ որեւէ խնդիր: Ընտրությունների ընթացքը նկարահանելու վերաբերյալ. ուղղակի չգիտեմ, թե ուր կարող է հասցնել մարդկանց երեւակայությունը: (Ըստ փոփոխությունների մի տարբերակի՝ քվեարկության եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը կարող է տեսանկարահանվել՝ «քաղաքային համայնքներում 1000 եւ 1000-ից ավելի ընտրող ունեցող ընտրական տեղամասերը, բ) 2000 եւ 2000-ից ավելի ընտրող ունեցող գյուղական համայնքների ընտրական տեղամասերը».- Ա. Ի.): Պարզվում է, որ քաղաքային ու գյուղական համայնքներում միանգամա՜յն տարբեր են ընտրությունները: Եվ եթե քաղաքային համայնքի տվյալ տեղամասում ընտրողների թիվը 999 է՝ այնտեղ չես կարող նկարահանել: Անիմաստ լուծումներ են փորձել տալ: Չսահմանված նմուշի ծրարների նախատեսվող սահմանումը ընտրությունները տապալելու հերթական միջոց է: Սահմանել են, որ եթե ծրարը կնքված չէ՝ այն չսահմանված նմուշի է եւ չպիտի հաշվարկվի: Իսկ անճշտությունների չափը հաշվարկելիս համադրում են ընտրողների ցուցակում առկա ստորագրությունների թիվը սահմանված նմուշի ծրարների հետ: Հիմա պատկերացրեք՝ 100 ընտրող ստորագրել է, ստացել ծրար, բայց 100-ից 50-ի վրա դրված չէ կնիք: Կստացվի, որ արհեստականորեն 50-ը կդառնա անճշտությունների չափ եւ կազդի ընտրության արդյունքների վրա: Այս փոփոխություններով կարող էին գոնե վերացնել հակասություններն այլ օրենքների հետ: Նշվում է, թե ԿԸՀ որոշումները կարող են բողոքարկվել Վերաքննիչ դատարան, երբ ՔԴՕ-ն այդ դատարանին չի վերապահել որեւէ գործով որպես 1-ին ատյանի դատարան հանդես գալու լիազորություն: Սահմանադրության փոփոխություններից հետո, երբ բարձրացել է ԱԺ դերը կառավարության ձեւավորման հարցում, իմ կարծիքով, հրամայական է դառնում 100 %-անոց համամասնական ընտրակարգի անցնելը: Սակայն ոչ մի քայլ չի կատարվել ո՛չ այս, ո՛չ հանձնաժողովների հավասարակշռությունն ապահովելու ուղղությամբ: Զրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ Հ. Գ. Հրայր Թովմասյանի մեջբերած օրինակները տասնյակ էին, սակայն ներկայացրել ենք դրանցից առավել էականները միայն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել